Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապավեն»-ի նախկին աշխատակցուհու 15 հատորանոց գործում հնչում են Արթուր Բաղդասարյանի, Շմայսի, Գոռնիի Արայիկի, Սպիրտ Սաքոյի անունները

Մայիս 23,2020 12:30

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա փետրվարին 7 տարվա ազատազրկման է դատապարտել Նարա Ղազումյանին: Վերջինս 2003-2013 թվականին եղել է «Ապավեն» համայնքների բարեգործական հասարակական կազմակերպության եւ «Առողջության պահպանման հյուսիսային հիմնադրամի», որպես Տավուշի եւ Լոռու մարզերի մարզային համակարգող: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հափշտակություն կատարելու դիտավորությամբ Չինչին համայնքի ղեկավար, տուժող Կարեն Դարբինյանին ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության պատասխանատու, ճանապարհների ասֆալտապատման ծրագրեր իրականացնելու խոստումներ տալով, նրանից հափշտակել է 200 000 դոլար գումար:

Ն. Ղազումյանի պաշտպանը` ճանաչված փաստաբան Գարիկ Գալիկյանն «Առավոտին» երեկ հեռախոսազրույցի ժամանակ «աբսուրդ» որակեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, եւ ասաց, որ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Փաստաբանը պահանջում է Նարա Ղազումյանին ճանաչել անմեղ եւ նրա նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

«Հեծանիվի վրաերթի գործն այսպիսի շեդեւր չի, ինչ այս գործն է», -ասաց նա, նկատի ունենալով ԱԺ պատգամավորի դեմ օրեր առաջ տեղի ունեցած հեծանիվով վրաերթն ու հարուցված քրեական գործը:

Պաշտպանն ասում է, որ դատաքննության ավարտին պաշտպանական ճառի ժամանակ տուժողը հայտնեց, թե այդքան գումար չի հափշտակվել, այլ՝ 185 000 դոլար, սակայն դատարանը դատավճռով դա չի ամրագրել, նաեւ չի արձանագրվել, որ 2500 դոլար Նարան տվել էր:

Գործը դատարանում էր 2018թ. հունիսի 22-ից: Սա մարզերի դատական պրակտիկայում ամենահնչեղ գործերից է, ոչ միայն վկաների եւ քրգործի հատորների քանակով, ոչ միայն հնչեղ կազմակերպության անվամբ պայմանավորված, այլ այն անուններով, որոնք հնչել են դատարանում:

Նարա Ղազումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ ընտրել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Նա դատարանին հայտնել էր, որ 2003-2013 թվականը եղել է «Ապավեն» համայնքների բարեգործական հասարակական կազմակերպությունում, եւ Առողջության պահպանման հյուսիսային հիմնադրամում, որպես Տավուշի եւ Լոռու մարզերի մարզային համակարգող: Կազմակերպության ղեկավարությունն այցելել է մարզ, մարզպետարան, կազմակերպել ժողով մարզպետի, փոխմարզպետի մասնակցությամբ: Ինքը նույնպես մասնակցել է այդ ժողովին:

Ըստ Ն. Ղազումյանի, կնքվել էր պայմանագիր «Ապավենի» ու մարզպետարանի միջեւ, որից հետո նրանք գնացել են Չինչին գյուղ, հանդիպել տեղի բնակիչների հետ: Ըստ ամբաստանյալի, ինքը որեւէ իրավասություն չուներ պայմանագիր կապել տուժողի` այն է համայնքի ղեկավարի հետ:

Չորս տարի առաջ նրա ծանոթն ունեցել է առողջական խնդիր: Եվ պետք էր վիրահատվեր: Այդ ժամանակ էլ զանգել է ընկերուհուն, որն աշխատում էր «Արեգակ» ՈՒՎԿ-ում` որպես համայնքային համակարգող, խնդրել, որպեսզի նա տրամադրի համայնքների բուժքույրերի հեռախոսահամարները: Եվ քանի որ նման վիրահատություն եղել էր համայնքներից մեկում, որը ինքը չէր հիշում, կապվել է նաեւ գյուղապետերի հետ:

Այդ ժամանակ էլ նրան զանգել է տուժողը, ասելով, թե Չինչին գյուղի գյուղապետն է: Խոսակցության ժամանակ Նարան ասել է, որ հենց այդ գյուղում իրենք ժամանակին բուժկետ են հիմնել, հետազոտություններ ու վիրահատություններ են արել:

Խնդրել է իրեն հետաքրքրող վիրահատության համար այն բուժքրոջ տվյալները, որին փնտրում էր: Հեռախոսազրույցի ժամանակ էլ պարզվել է, որ բուժքույրը համայնքապետի հորեղբոր կինն է:

«Ես ասացի` շտապ է, հիվանդ կա, Կարենն ասաց, որ այդ բուժքույրը վաղը գալու է, դու վաղը արի գյուղ, ես կազմակերպեմ այդ ամեն ինչը: Ծանոթացել են…Կարենը ասաց` ո՞ր համայնքներում եք աշխատել, ասացի՝ 17 համայնքներում, ասաց՝ գրեթե վստահ եմ, որ ինձ կարող եք օգնել: Հարցրեցի` ի՞նչ խնդիր կա, ասաց՝ ինքը Ազգային ժողովի ընտրություններում Արթուր Բաղդասարյանի կուսակցությունում դրել է իր թեկնածությունը ու ասաց՝ ուզում է ռեյթինգայինով մարզում որպես առաջին տեղ անցնի, ասացի՝ ինչով կարող եմ օգնել, պատասխանեց՝ համայնքներում աշխատել եք բնակիչների հետ, ինձ թվում է՝ ձեր ձայնը տեղ կտան, ուզում եմ ձայներ հավաքեք ինձ համար: Ես պատասխանեցի, որ այս պահին մի քիչ ֆինանսական խառը վիճակում եմ, գումարներ ունեմ տալու, որ պիտի տամ, իմ ընտանիքը քեզ կընտրի, բայց որ ասեմ կաշխատեմ` սուտ կլինի: Ասաց` ի՞նչ խնդիր ունես, ի՞նչ գումար է: Ճիշտն ասած՝ ասացի, որ 2013 թվականին գործ է հարուցված եղել իմ դեմ, պատմեցի ու ասացի, որ գումարներ կա պետք է տամ, կոնկրետ այս պահին 3000 դոլար գումար պիտի տամ ու ասացի՝ մի քիչ ունեմ եւ 750.000 դրամ գումար էր պակասում, ասաց ես չունեմ, բայց գյուղում մարդ կա, որ կարող է տալ, ինքը ինչ-որ մեկի զանգեց, դուրս եկավ երկու րոպեով, ներս մտավ ու բերեց 750.000 դրամ գումարը: Ասաց` այնպես է, որ այդ մարդուն պետք է լավություն արվի, ասացի` խնդիր չի դա իմ համար, գրեցի ստացական 750.000 դրամի: Կարենն իր կնիքով կնքեց, գրեցի մինչեւ հունվարի 30-ը ու Կարենին ասացի` հնարավորինս կաշխատեմ օգնել քեզ քո ընտրություններում: Մինչեւ հունվարի վերջը էլի սովորական շփում է եղել, Կարենի համար ձայներ էի հավաքում…

Մինչեւ փետրվարի կեսերը նորմալ ենք եղել, Կարենն ինձ ասաց՝ ուզում եմ մի բան հետդ կիսվեմ, ես պիտի ռեյթինգայինով անպայման ընտրվեմ: Ասաց՝ այսօր ես պետք է 500.000 դոլար գումար Արթուր Բաղդասարյանին ու Հեղինե Բիշարյանին տամ, որ ռեյթինգայինով ընտրվեմ, Արկադիկի հետ մրցույթի մեջ եմ, բայց պիտի ես ընտրվեմ: Արկադիկը Բերդի մասնաճյուղի իրենց պատասխանատուն է, ասաց՝ ընտրվելուց հետո այդ գումարն ինձ վերադառնալու է աշխատանքներում, այդ 500.000 դոլարը չգիտեմ այդ պահին տվել էր, թե` չէ…»:

Նարա Ղազումյանը ներկայացրել էր նաեւ, որ Կարենը հայտնել էր, թե մարտին գնում է Երեւան, չի բացառվում, որ կուսակցությունից էլ դուրս կգա. «Մարտի վերջերին շատ ագրեսիվացած զանգահարեց, ասաց՝ հրաժարվում եմ այդ կուսակցությունից, անցնում եմ հանրապետական ու չգիտեմ՝ ոնց եմ անելու այդ գումարները, ես էլ վատ էի զգում այդ գումարների համար, ինքն էլ ասում էր` դա ուրիշ գումար է, դա կապ չունի, ինձ ասում էր հանկարծ չընտրեք, ոչ մեկը չի ընտրելու անգամ` իմ ընտանիքը ինձ չի ընտրելու: Այդպես էլ եղավ. 3 ձայն գյուղում հավաքեց: Արդեն ընտրություններից հետո Կարենը մի քանի օր ինձ հետ ագրեսիվացած ասում էր` այդ գումարը տուր: Ես ասացի, որ ես պայմանավորվել եմ` երբ եմ տալու, ինքը ասում էր ոչ, ես պետք է գումարներ հետ տամ, այդ գումարը պարտադիր տուր: Իհարկե, ես այդ պահին չէի կարող տալ, ասացի` մինչեւ հունիսի կեսերը ժամանակ տուր»:

Ըստ նրա, ապրիլին իրենց տուն է գալիս տուժողը եւ ասում` ստացական գրի, որ 200.000 դոլար ինձանից փող ես վերցրել:

Այս գործով ուշագրավ մանրամասն էր հիշել ամբաստանվողը. «Կարենը հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսում էր, ինչ-որ նախագահականից Հակոբ կար, խոսում էր, որ եթե չգրի` ոտքն ու ձեռքը կկապեմ, երեխուն էլ հետը, շանտաժներով ու ես գրեցի այդ ստացականը:

Ապրիլի 23-ին Կարենը զանգեց, ասաց՝ մարդիկ են գալիս, պատրաստվի դուրս արի, պիտի հանդիպես, հարցրի՝ ի՞նչ մարդիկ են, ասաց` նախագահականից մարդիկ են…Գոռնիի Արայիկ … նախագահի ախրանայից», որն իբր 200.000 դոլարի տերն էր…

«Մինչեւ մայիսի 15-ը Կարենն ինձ չանհանգստացրեց, այդ ընթացքում մինչեւ Արայիկի գալը, զանգեր էր արվում, որ Շմայսն եմ, դու լավ իմացի, որ այդ փողը չտաս ընտանիքդ կվերանա, Ռուսաստանից էր մեկը զանգում, դու ինձ ճանաչում ես, Սպիրտ Սաքո են ինձ ասում, ամբողջ Սամարան իմ ձեռքի տակ է, եթե այդ գումարը չտաս՝ հորդ ու ախպորդ կվերացնենք… Մայիսի 15-ին մեր տուն ոստիկաններ եկան ու ասացին, որ Չինչինի գյուղապետն է բողոքել վեցերորդ վարչություն: Տարան ինձ բաժին, քրեականի պետի աշխատասենյակ, չորս երիտասարդ էին նստած, ասացին, որ այդ 200.000 դոլարը վերցրել ես, չես մտածում, որ պիտի հետ տաս, ասացի, որ ես այդքան գումար չեմ վերցրել, ասացին՝ մենք դուրս ենք գալիս ու դու լավ մտածի, որ գանք պատմես»:

Տուժող համայնքապետն էլ այդ գումարի հետ կապված հայտնել էր հետեւյալը. «Նարա Ղազումյանն ասել է, որ տնօրեն Արմեն Մանասյանին ՌԴ֊-ում ձերբակալել են, կազմակերպության բանկային հաշիվների հետ կապված խնդիրներ են առաջացել, անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ` հաշվեհամարները բացելու համար: Հեռախոսով խոսել է Արմեն Մանասյան ներկայացած անձի` Արա Աիմոնյանի հետ, ով ասել է, որ բոլոր խնդիրներն ինքը Նարայի հետ կկարգավորի, ՌԴ-ում իրեն ձերբակալել են, վերադառնալու եւ կարգավորելու է բոլոր խնդիրները: Նարա Ղազումյանի պատճառաբանությունը հիմնավոր համարելով, վստահելով նրան՝ շարունակել է տալ գումարներ, որպեսզի հաշիվները բացվեն եւ կարողանա հետ ստանալ արդեն իսկ տրված գումարները: 2016 թվականի դեկտեմբերի 29-ից մինչեւ փետրվարի 20-ը Նարա Ղազումյանին ընդհանուր տվել է 97.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար: Դրանից հետո տեսնելով, որ որեւէ ծրագիր չի իրականացվում եւ կասկածելով, որ Նարան ստախոս է, որեւէ ծրագիր իրականում չկա եւ նա ընդամենը չարաշահելով իր վստահությունը, խարդախությամբ իրենից հափշտակել է 200.000 ԱՄՆ դոլար գումար, պահանջել է, որ նա գումարն անմիջապես վերադարձնի կամ ստացական գրի: Նարա Ղազումյանը գրել է ստացական, պարտավորվել է ամբողջ գումարը հետ վերադարձնել 2017թ. մարտի 10-ին»:

Այս գործով երեսունից ավելի վկաներ կան:

Դատարանն անդրադարձել էր տուժող Կարեն Դարբինյանի կողմից ներկայացված` 185.000 ԱՄՆ դոլարի չափով քաղաքացիական հայցին` հայտնելով, որ այն պետք է բավարարել մասնակիորեն` ամբաստանյալ Նարա Ղազումյանից հօգուտ տուժող Կարեն Դարբինյանի պետք է բռնագանձվի 182.800 ԱՄՆ դոլար` որպես պատճառված նյութական վնաս` նկատի ունենալով, որ տուժողը պատճառված վնասը 2200 ԱՄՆ դոլարի չափով վերականգնել է:

Քաղաքացիական հայցի ապահովման համար արգելանք է դրվել ամբաստանյալ կնոջ անշարժ եւ շարժական գույքի, դրամական միջոցների վրա` մինչեւ պատճառված վնասի հատուցումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031