Լրանում է Հայաստանի Հանրապետության 102 ամյակը, այն ՀՀ պետական տոնացույցում նշված է որպես Հայաստանի առաջին Հանրապետության տոն: Ընդամենը 100 տարուց մի փոքր ավել պատմական այս ժամանակաշրջանում հայ ժողովուրդը հասցրել է 3 անգամ պետականություն կերտել:
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ներքին եւ արտաքին չափազանց ծանր ու հակասություններով լի պայմաններով, պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, ցեղասպանության բաց վերքով հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Իր գոյության ընդամենը 2 տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը, բնականաբար, չէր կարող պետականաշինության գործընթացում լուրջ առաջընթացներ գրանցել, այդուհանդերձ, այն ուրվագծեց պետության հիմնասյուները` սեփական դրամ, բանակ, խորհրդարան, կառավարություն, արտաքին քաղաքականություն: Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր, որն, ի դեպ, կուսակցական` դաշնակցական մամուլից զատ ուներ ազատ մամուլ, այո՛, դեռեւս թույլ արտահայտված, բայց ազատ մամուլ: Արձանագրենք, որ ժողովրդավարության` ի դեմս խորհրդարանական պետության, եւ ազատ խոսքի հիմքերը հայկական պետականության պատմության մեջ հիմնադրվել են դեռեւս անցած դարասկզբին: Հայաստանի Առաջին Հանրապետությունն ազատ էր, անկախ եւ աղքատ:
Կարդացեք նաև
Հայաստանի Երկրորդ Հանրապետություն
Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը թեպետ ուներ պետական խորհրդանիշներ` հիմն, գերբ, դրոշ, բայց չուներ անկախություն, հետեւաբար եւ չուներ բանակ, սեփական դրամային արժույթ, արտաքին քաղաքականության իրավունք: Այսինքն, Հայաստանի Երկրորդ Հանրապետության մասին խոսել որպես պետականության դասական օրինակի, մեղմ ասած՝ ճիշտ չէ: Բայց գոյության 70 տարվա ընթացքում հենց Խորհրդային հզոր պետության շնորհիվ արձանագրեց նշանակալից ձեռքբերումներ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ առհասարակ բոլոր ոլորտներում: Պարզ ճշմարտություն է, որ Խորհրդային հանրապետության ժամանակահատվածում է, ավելի կոնկրետ՝ անցած դարի 60-ականներից սկսած, որ Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքում առաջընթաց գրանցվեց:
Ու հենց 60-ական թվականներին էլ հստակեցվեց, որ զուրկ ենք ամենակարեւոր բացարձակ արժեքից՝ անկախությունից: Այդ ժամանակ սկիզբ առած անկախության պայքարն իր շարունակությունն ունեցավ 1988 թվականին։
Ահա, այս ժամանակ էլ, քաղաքական քարոզիչների մի մասը զանգվածներ հավաքելու նպատակով թմբկահարում էին, թե «70 տարի երկիրը թալանել ու քանդել են կոմունիստները», երբեմն նաեւ մոռանալով՝ քաղաքական բովանդակության մասին: Սա, անշուշտ, քաղաքական պայքարի ու քարոզչության դասագրքային պարզագույն ձեւաչափն է, որը գրեթե միշտ արդարացնում է իրեն: Քաղաքական նպատակներն առաջ տանելու համար ոչ թե ներկայացնել սեփական քաղաքական գաղափարախոսությունը կամ գործող քաղաքական ուժի գաղափարական սնանկությունը, այլ մարդկանց համոզել, որ իրենք շատ ավելի լավ կարող էին ապրել, եթե պետության ղեկավարները չթալանեին:
Առաջին Հանրապետությունից դեպի Երկրորդ չկարողացանք պահպանել ամենակարեւոր արժեքը՝ անկախությունը՝ իր թեկուզեւ աննշան, բայց առկա ժողովրդավարությամբ: Չկարողացանք, քանի որ Խորհրդային Միության հզոր պետական կառույցի դեմ դուրս գալ հնարավոր եղավ միայն 70 տարվա ընդհատակյա, երկարատեւ եւ վերջապես՝ համազգային պայքարի շնորհիվ:
Հայաստանի Երրորդ Հանրապետություն
Հայաստանի Երկրորդ Հանրապետությունից դեպի Հայաստանի Երրորդ Հանրապետություն ոտք դրեցինք ԱՆԿԱԽ, ԱԶԱՏ, ԻՆՔՆԻՇԽԱՆ: Այդ ժամանակվա քաղաքական քարոզիչներն այնքան տարվեցին իրենց հորինած «70 տարի մեզ թալանել ու քանդել են» «գաղափարախոսությամբ», որ, ցավոք, իրենք քանդեցին խորհրդային պետության հզորությունները՝ տնտեսական-արտադրականից մինչեւ գիտակրթական ու մշակութային: Խորհրդային Միության փլուզումից հետո միութենական հանրապետություններից Հայաստանը, թերեւս, միակն էր, որ ամբողջությամբ հիմնահատակ արեց տնտեսությունը: Եթե ծանր արդյունաբերությունը պահպանել հնարավոր չէր, կարող էինք, չէ՞, գոնե պահպանել թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը, գյուղմթերքի վերամշակման արտադրությունը, ինչն էլ, իհարկե, տասնամյակներ հետո արվեց եւ արվում է:
Հիշում եմ, 1990-91թթ. Վազգեն Մանուկյանի մի արտահայտություն, որ մշտապես մեխվել է ուղեղումս. «Խորհրդային Միությունը փլուզվում է, բայց մենք պետք է այնքան զգույշ լինենք, որ չմնանք այդ փլատակների տակ»: Ցավոք, մնացինք Միության փլատակների տակ, խնդրում եմ չշփոթել երկրաշարժի փլատակների հետ: Անշուշտ, երկրաշարժն ու Արցախյան ազատամարտը օբյեկտիվորեն ազդեցին մեր անկախ պետության տնտեսության քայքայմանը, բայց կարծում եմ՝ սուբյեկտիվ պահերը գերակշիռ են:
1991 թվականին հռչակեցինք անկախություն, ձեռք բերեցինք պետություն՝ դեռեւս առանց պետական կառուցակարգերի, խորհրդային հզոր տնտեսության փոխարեն ժառանգեցինք «փլատակներ»: Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 27 տարիների ընթացքում հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հիմք դրվեց պետականաշինության գործընթացին: Պետական կառավարման համակարգի ձեւավորման, գործընթացների ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվեց բազմաբեւեռ ու բազմաշերտ աշխատանք: Պետական խորհրդանիշներ համարվող ազգային բանակի, սեփական արժույթի, արտաքին ու ներքին քաղաքականության ուղղությամբ կատարվեց հսկայածավալ աշխատանք՝ ստեղծվեցին պետական հստակ կառուցակարգեր ու համակարգային գործուն մեխանիզմներ: Իշխանության բեւեռների տարանջատման, հակակշռման ու հակազդման, ժողովրդավարության ապահովման, ազատ խոսքի, մարդու իրավունքների ուղղությամբ իրականացված բարեփոխումները ուղեկցվեցին միջազգային կառույցների խորհրդատվություններով ու գործուն մասնակցությամբ: Վերջին տարիներին նույնիսկ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատ խոսքի վերաբերյալ միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանը հուսադրող դիրքեր էր ամրագրում:
Պետականության հռչակման 27 տարիների ընթացքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը գրեթե ամբողջությամբ ձեւավորել էր պետական կառավարման համակարգերը, տնտեսությունը վերակենդանացման նշաններ էր ցույց տալիս, որոշ ոլորտներում նույնիսկ՝ լուրջ առաջընթացներ գրանցում, ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շրջանակը ընդարձակվել էր: Դրանց զուգահեռ, կոռուպցիոն դրսեւորումները համակարգային բնույթ էին ստանում, չափազանց մեծ էր աղքատության ու գործազրկության տոկոսը:
Ահա, այս պայմաններում դիրքավորվեցին քաղաքական նոր ուժերը, որոնք ձեռքին ունենալով «30 տարի այս երկիրը քանդել են» դրոշակը, 2018 թվականին, անհասկանալի կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 10 օրում, իրենց (10-15 հոգու) շուրջ համախմբեցին հազարավորների ու «խելագարված ամբոխների» ճնշման տակ վերցրեցին պետության ղեկը՝ աննշան պատկերացում անգամ չունենալով ղեկը պտտելու մասին:
Սկսվեց մեկ այլ՝ նախորդ 3 հանրապետություններից տարբերվող ու արդեն վտանգավոր իրավիճակ, երբ պահպանելով առկա պետության արտաքին ու ներքին քաղաքական կուրսը՝ բոլոր ուղղություններով սկսեցին լայնածավալ աշխատանք տանել պետության համակարգերի կառուցաքանդման ուղղությամբ: Անշուշտ, այս ամենը հանրությանը հրամցվում է «Նոր Հայաստան» շատ վտանգավոր, բայց մարքետինգային տեսանկյունից հաջողված փաթեթավորմամբ: Վտանգավոր, քանի որ իշխանափոխությունից 2 տարի անց անգամ չի ձեւակերպվել իշխանությունը զավթածների քաղաքական տեսլականը, հանուն որի՝ «Նոր Հայաստանը» «քլունգով» քանդում է իրական Հայաստանի Երրորդ եւ միակ Հանրապետության հիմքերը: Իհարկե, ինձ էլ են այցելում մտքեր, որ այդ «վայ-տեսլականը» ամրագրված է «իշխանազավթիչների» մոտ, որին էլ նպատակային ձգտում են: Ես դեռ քննության առարկա չեմ դարձնում Արցախյան հիմնախնդրի նկատմամբ նրանց, մեղմ ասած, ոչ թափանցիկ քաղաքականությունն ու գործելաոճը:
Ես պարզապես դիտարկում եմ Հայաստանի 3 Հանրապետությունները իստիտուցիոնալ տեսանկյունից միմյանցից ժառանգածն ու միմյանց ժառանգություն թողածը:
Նորը կառուցել՝ նախորդ փորձերից դաս քաղելով
Ամփոփելով, Առաջին Հանրապետությունն ամրագրել էր անկախություն՝ պետական համակարգերի դեռ չձեւավորված սաղմերով, գոյություն չունեցող տնտեսությամբ ու ահռելի չափերի աղքատությամբ: Գոյության ընդամենը 2 տարի, որն իր հաջորդի կողմից որակվեց որպես «դաշնակների կողմից երկիրը ծախելու փորձ», իսկ Երրորդ Հանրապետության անկախության համար մեծ խթան հանդիսացավ:
Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը պետության որոշ խորհրդանիշները ունենալով ձեւի, այլ ոչ բովանդակության մեջ՝ արձանագրել էր հզոր առաջընթաց մշակույթից մինչեւ տնտեսություն: Խորհրդային Հայաստանն իր հաջորդի կողմից որակվեց «70 տարի երկիրը քանդել ու թալանել են» արտահայտությամբ:
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը՝ Արցախյան ազատամարտի հաղթանակով ու 12 հազար քառ. կմ ազատագրմամբ, պետական համակարգային ողջ կառուցակարգերի հիմնադրմամբ ու ժողովրդավարայնացման գործընթացով այս պահի իշխանությունների կողմից որակվում է «30 տարի այս երկիրը քանդել են» պիտակով:
Երկու տարի է, ինչ վտանգավոր գործընթացի են լծվել՝ ինչ-որ անհասկանալի «Նոր Հայաստան» ձեւակերպման տակ՝ փորձելով քանդել պետականության հիմքերը:
Մի՞թե չի կարելի, մի՞թե նախորդ հանրապետությունների դասը օրինակ չի կարող ծառայել, որպեսզի պետության այդ պահի իշխանությունները պահպանելով նախորդի ստեղծած բարիքները, դրանց վրա կառուցեն ու զարգացնեն նորերը:
Իմիջիայլոց, մեր հարեւան Վրաստանն իր անկախության հռչակման օրն ամրագրել է 1918 թվականի Դեմոկրատական Վրաստանի հռչակման օրը՝ նախորդ հանրապետությունների նվաճումների ու բացթողումների 102 տարի:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.05.2020