Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենագետների կառավարությունը» ձախողել է գազային բանակցությունները. Թաթուլ Մանասերյան

Մայիս 22,2020 23:00

Ապրիլի 1-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։ Թե հայտը ե՞րբ կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը չգիտի: Հանձնաժողովում դեռեւս ներքին`աշխատանքային քննարկումներ են ընթանում: Հանրային քննարկումները, հավանաբար, տոներից հետո տեղի կունենան`Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լիանա Ազիզյանը:

Հարցն այն է, որ երեկ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշակիորեն գաղտնազերծել էր ներքին քննարկումները`ասելով, որ Հայաստանի բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա, թեեւ ՌԴ-ի հետ գազային բանակցությունները դեռեւս շարունակվում են:

Լիանա Ազիզյանը` ելնելով փոխվարչապետի հայտարարությունից, ենթադրում է, որ կառավարությունը, հանձնաժողովը քննարկումներում լուծումներով հանդես կգան, քանի որ վստահեցնում է`ամեն ինչ արվում է, որպեսզի բնակչության համար խոցելի որոշումներ չկայացվեն, բայց այս պահին հստակ հայտարարություններ չի կարող անել:

Հիշեցնենք, գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններն ընթանում են արդեն մեկ տարուց ավելի:

Մայիսի 19-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական` տեսակոնֆերանսի ձեւաչափով նիստում, ՌԴ նախագահը կոպտորեն մերժեց  Հայաստանի վարչապետի  եւ Բելառուսի նախագահի առաջարկը`այս երկրներին մատակարարվող գազի գնի վերանայման մասին: «Ինչ վերաբերում է մեր հայ եւ բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման եւ տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով եւ հարկման միասնական համակարգով: Այդպիսի խորը ինտեգրման մակարդակ դեռեւս ձեռք չի բերվել»,- ասել էր ՌԴ նախագահը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս առիթով ասել է. «Ինչ վերաբերում է Պուտինի առաջարկությանը, թե գազը կարող է էժանանալ, եթե ԵԱՏՄ երկրները անցնեն մեկ բյուջեի և հարկահավաքության միասնական համակարգի, ապա այս պահին Հայաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ չեն ինտեգրացիայի նման աստիճանի»:

Միքայել Մելքումյան

Որ Եվրասիական միությունում ինտեգրացման գործընթացների տեմպը դանդաղ է, դա առանձնապես չի գոհացնում նաեւ ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային համագործակցության հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին: «5,5 տարի լինելով ԵԱՏՄ անդամ, այն օգուտները, որոնք որ պետք է շահեինք, լիակատար չենք կարողանում ստանալ: Օրինակ, երբ ասում ենք`մեծ շուկա է, համաձայն եմ, բայց չենք ասում, թե ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումներ պե՞տք է գան, թե՞ ոչ, կամ, Եվրասիական բանկն ի՞նչ ծավալի վարկեր կարող է տրամադրել եւ շատ հարմար գներով: Այս եւ այլ հարցեր մենք ավելի արդյունավետ պետք է իրականացնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը:

Իսկ միասնական էներգետիկ, այդ թվում նաեւ գազի գնի հետ կապված հարցերի մասին խոսելիս, մեր զրուցակիցն ասում է` երկու բան պետք է հստակ տարանջատենք: Ներքին եւ արտաքին շուկաների մասին է խոսքը: «Ներքին շուկայի խնդիրները լուծվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովում եւ անկախ նրանից «Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» դուստր ընկերությունն է, թե`ոչ, սակագները մենք որոշում ենք սեփական կառույցի միջոցով, որն էլ հաշվետու է ԱԺ-ին: Ինձ համար, օրինակ, անընկալելի կլինի, եթե այս պահին գազի ներքին սակագները բարձրացնեինք»,- ասաց Միքայել Մելքումյանը: Դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի հետ կապված հարցադրումներ կան հայտում, նա արձագանքեց `Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է այդ ծախսերի հստակ հաշվարկները կամ աուդիտն անի`թափանցիկ եւ հրապարակային, հանրային քննարկումների ռեժիմով:

Ինչ վերաբերվում է ՌԴ նախագահի նշած խորությամբ ինտեգրացիոն գործընթացներին պատրաստ չլինելու մասին ՀՀ փոխվարչապետի հայտարարությանը, Միքայել Մելքումյանն այստեղ եվս տարանջատումներ է անում. իբրեւ նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության եւ նրա ղեկավարի գործունեության համատեքստում, շատ կարեւորում է հայ-ռուսական բարձր մակարդակի եւ բարձր որակի եւ բազմակողմանի`առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, սոցիալ-մշակութային եւ այլ բնույթի հարաբերությունների պահպանումն ու զարգացումը: «Իսկ ինտեգրացիոն մակարդակը, գազի կամ այլ էներգակիրների գնի շուրջ բանակցությունները չպետք է հակասեն մեր նշած բարձր մակարդակի հարաբերություններին: Եթե մենք քննարկում ենք, որ ցանկանում ենք հարմար գնով գազ ստանալ, դա չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է տուժեն: Հակառակը, բանակցությունները անընդհատ պետք է լինեն, որովհետեւ կա առանձնահատկություն`պետք է որոշենք`որտե՞ղ են խորացված ինտեգրացիայի սահմանները եւ որտե՞ղ են ինքնիշխանության սահմանները: Խորը ինտեգրացիան եւ ինքնիշխանությունը չպետք է հակասեն միմյանց: Խորացված ինտեգրացիան մեր Սահմանադրության դրույթներին եւ օրենքով սահմանված պետական կառավարման մարմինների լիազորություններին չպետք է հակասի»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Նա նաեւ հիշեցնում է, որ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորումը նորություն չէ, ԵԱՏՄ համաձայնագրով սահմանված է, որ ձեւավորման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն է: Իսկ մինչեւ այդ ժամկետը Հայաստանը պատրա՞ստ կլինի այդ խորը ինտեգրացիային, թե`ոչ, կախված է գործընթացներից, բանակցություններից. «Միայն մեր երկրով չէ, միայն Հայաստանի հարցը չէ, ԵԱՏՄ-ում որոշումները միասնական են կայացվում: Իմ կարծիքով, գազի գնի հարցը երկկողմանի հարաբերություններից պետք է տեղափոխել դեպի ԵԱՏՄ հարթակ, որովհետեւ ի տարբերություն մյուս երկրների, մենք մեկ խնդիր ունեք`տարանցման հարցը. ինչ էլ լինի, մեզ համար տասը տոկոս թանկ է լինում, տեղափոխման հաշվին: Ուստի, հարցը պետք է ԵԱՏՄ հարթակ տեղափոխենք, որպեսզի բալանսավորված շահերով հանդես գանք: Դրանից մենք միայն կշահենք»:

Թաթուլ Մանասերյան

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը փոխվարչապետի հայտարարության մեջ որոշակի ճշմարտություն տեսնում է, քանի որ ԵԱՏՄ անդամ հինգ երկրներն էլ ունեն միմյանցից տարբերվող կառավարման մշակույթներ: Թեեւ գործող կառավարության օրոք Հայաստանի հանրային կառավարման համակարգը բավական լուրջ հետընթաց է գրանցել, որքան էլ, որ մենք քննադատում ենք, բայց անկախության տարիներին այն լուրջ փոփոխություններ է կրել եւ ավելի ժողովրդավար բնույթ է կրում, չի կարելի համեմատել  Բելառուսի կառավարման համակարգի հետ: Բելառուսինը տարբերվում է Ղրղըզստանի կառավարման համակարգից, Ղրղըզստանինը`Ղազախստանից, վերջինս էլ Ռուսաստանի կառավարման համակարգից: «Այսինքն, նմանությունների տարրեր կամ միմյանց հետ հարաբերվելու իներցիայի ուժ կարելի է գտնել, բայց սա կառավարման համակարգ դեռ չի ձեւավորում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա նույնպես գտնում է, որ ԵԱՏՄ-ի մասշտաբով ընդհանուր կառավարման առաջընթացը մի քիչ դժվար է արձանագրվում. «Կան բավական կոնկրետ պարտավորություններ, ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կնքված եւ պառլամենտների կողմից վավերացված պայմանագրերով կամ համաձայնագրերով սահմանված, որոնք չեն կատարվում: Սա իսկապես ինտեգրացիայի խոչընդոտ է»: Բայ, մեր զրուցակիցը նկատում է` կան սուբյեկտիվ բնույթ կրող խոչընդոտներ եւ դա ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների առաջնորդների եւ իշխանությունների քաղաքական կամքի անբավարար մակարդակն է. «Ղեկավարները հանդիպում են, մտքեր են արտահայտում, ստորագրում են փաստաթղթեր, բայց դրանց իրականացումը գալիս է եւ լավագույն դեպքում, միջին օղակներում կանգ է առնում: Նման դեպքերը քիչ չեն: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը 2-3 տարի անդամակցում էր ԵԱՏՄ-ին, ռուս մաքսավորներն այդ մասին չէին էլ իմանում»:

Ինչեւէ, այս ամենով հանդերձ  նա ԵԱՏՄ-ն չի թերագնահատում, ասում է`պետք է ամեն ինչ անել`կայացնելու եւ կատարելագործելու տարածաշրջանային ինտեգրացիան: Սա իր համար նաեւ քաղաքակրթական խնդիր է:

Թաթուլ Մանասերյանը գազի գինը քաղաքատնտեսական հարց է համարում: Նա համարում է, որ ցանկացած երկրի ղեկավար, ՌԴ նախագահի փոխարեն կվարվեր նույն կերպ`սեփական երկրի շահից ելնելով: Ինքն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է այդ բանակցությունները: Նա քննադատաբար է մոտենում մեր պետությանը, որպեսզի վերջապես դադարենք ինքնահավան լինելուց: «Բանակցություններ «նոր մեթոդները» մեզ տարել են պարտության, ամենագետների կառավարությունը ձախողեց»,- կարծում է Թաթուլ Մանասերյանը` հավելելով,որ անընդհատ մեջ բերել ռազմավարական դաշնակցությունը, տեղին չէ. «Մենք պետք է նաեւ արժանի ձեւով փոխհատուցենք դրա դիմաց»: Իսկ դա, ի պատկերացմամբ այն է, որ Հայաստանն առաջին հերթին ներկայանա, որպես հետաքրքիր գործընկեր եւ շահագրգռի ոչ միայն ՌԴ-ին, այլ նաեւ մյուս գործընկերներին`եւ տնտեսապես, եւ քաղաքականապես, եւ քաղաքակրթական տեսանկյունից: «Մենք մի քիչ ավելի խորը եւ բազմավեկտոր պետք է նայենք այս գործընթացին եւ դրանով նաեւ վերջ տանք ռուսական արտահայտությանը`«куда вы денитесь?»:

Մեր անկախության տարիներին ունեցել ենք երկու ծայրահեղ մոտեցում ՌԴ-ի հետ հարաբերվելիս` չափից ավելի երեսպաշտություն, անընդհատ կրավորական կեցվածք, ամենաբարձր մակարդակով, իհարկե, անուղղակիորեն, ցուցադրվել է վերաբերմունք, որ առանց ձեզ մենք կորած ենք, իսկ մյուս կողմից, տուրք տալով Արեւմուտքին`փորձել են հաճոյանալ, ցույց տալ, թե ինչքան կարող ենք շրջանցել ՌԴ-ին, արհամարհել իրենց, ո՞վ են ռուսները, ալկոհոլիկներ եւ կաշառակերներ են… Այս երկու ծայրահեղությունների պարագայում, հնարավոր չէ արժանապատիվ կեցվածք ապահովել եւ ադեկվատ վերաբերմունք ակնկալել ՌԴ-ից: Պետք է շնորհակալ լինենք, որ մինչեւ օրս ՌԴ-ն մեզ հարգանքով է վերաբերվում եւ սրանով է սահմանափակվում: Այն դրսեւորումները, որոնք կան, տարրական քաղաքական, քաղաքագիտական գիտակցության պակասի մասին են վկայում: Պետք չէ փոքր եղբոր դիրքերից հանդես գալ, բայց իրենց ազգային շահերին էլ դեմ գնալ չի կարելի, ՌԴ-ն ոչ միայն մեր դաշնակիցն է, նաեւ գործընկերն է շատ հարցերում եւ այդ համագործակցությունն այսօր չի ստեղծվել, այն հարյուրամյակների պատմություն ունի եւ ինչ-որ մեկի աչքին լավը երեւալու համար փորձենք մերժել ՌԴ-ին, ոչ մի լավ բանի չի բերի: Արժանապատիվ կեցվածքը նաեւ բանիմացության վրա է կառուցվում եւ ոչ դիլետանտիզմի: Իսկ այստեղ կառավարությունը լուրջ անելիքներ ունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031