Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախը Հայաստան է

Մայիս 22,2020 22:45

Ինձ ապշեցնում է համացանցում տեղ գտած այն խուճապը, որ սկսվել է  Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի այն խոսքերից հետո, թե Արցախը Հայաստան է և վերջ: Վախվորած սուտի գիտակները սկսել են քննադատել քաղաքական հետևանքները, խոսել այն մասին, թե ինչպիսի արձագանքներ և հետևանքներ կարող են ունենալ այդ խոսքերը ու կրկին փորձում են տարածել այդ վախի մթնոլորտը:

Չեմ ցանկանում կոպիտ երևալ, բայց պետք է ասել, որ ով վախենում է ճշմարտությունից, թող գնա վախ բռնողի մոտ` գլխին մոմ թափեն, մեկ էլ տեսար օգնեց: Այո, եկել է ժամանակը, երբ պետք է ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ, սակայն մինչ բուն թեմային անցնելը, շնորհավորում եմ Արցախի նորընտիր նախագահին և ցանկանում, որ նրա ելույթում հնչեցրած մտքերն անխուսափելի իրականություն դառնան:

Այժմ միջազգային քաղաքական դաշտից զգուշացողների մասին: Ադրբեջանը ամեն օր թքում է միջազգային իրավունքի վրա՝ խախտելով զինադադարը: 2016թ. սանձազերծելով ապրիլյան պատերազմը՝ միայն մեր զինվորների սխրագործության արդյունքում ստիպված եղավ ընդունել, որ դեռևս ի զորու չէ բնաջնջել մեզ, և ինչպես արձագանքեց միջազգային հանրությունը` ամոթանք տվեց ու առաջ անցավ: Թուրքիան ցեղասպանություն է կատարել և մինչ օրս պատասխան չի տալիս: Ադրբեջանը Սումգայիթի և Բաքվի ջարդերի համար պատասխան չի տալիս: Ալիևն օրը մեջ մկկում է, որ Երևանը գրավելու է: Իսկ ոմանք մեր երկրի ներսում խելացի դեմքով քննադատում են Արցախի նախագահին, որ նա ասաց բացարձակ ճշմարտություն` Արցախը Հայաստան է և վերջ՝ վախենալով, որ թշնամին մեր խոսքերը կշահարկի:

Այդպես վախից մի օր էլ կառաջարկեն Արցախը գազամուղի, կապի և ՀԷՑ-ի պես տալ ռուսներին, որ անգութ թշնամին գլխներիս չտա ու տանի: Ամոթ է, արժանապատվություն է պետք ունենալ: Մինչև երբ ենք վախենալու իրերն իրենց անուններով կոչել, պատասխանատու կերպով ի լուր աշխարհի հայտարարել ինչն է մերը և հանուն ինչի են մեր հայրերը, եղբայրներն ու քույրերը զոհվել և այսօր էլ մենք ենք պատրաստ զոհվել:

Այո՝ Արցախը Հայաստան է և վերջ, այս բառերը ի վերջո պետք է հնչեին մեր քաղաքական գործիչների և իշխանավորների շուրթերից: Ի լուր աշխարհի պետք է  ասել, որ ցեղասպանությունից պաշտպանվելով ազատագրել ենք մեր տունը: Ինչի հասավ իր ֆուտբոլային դիվանագիտությամբ Սերժ Սարգսյանը, թուրքն ի վերջո դուռը փակեց նրա դեմքին ու հեռացավ, իսկ նա շատ դիվանագետ էր, նույնիսկ ամաչում էր Էրդողանի ներկայությամբ ցեղասպանություն բառն արտասանել, և ի՞նչ՝ բացվեցի՞ն սահմանները, իհարկե ոչ: Թուրքն իր խաղը խաղաց և գնաց, վաղն էլ կասի ես ձեր նախագահի հետ խոսել եմ, նա ցեղասպանության մասին բան չի ասել` դե գնա ու բացատրի աշխարհին, որ դիվանագիտական մոտեցում էիր ցուցաբերում: Քաղաքականության մեջ պետք է պահանջատեր լինել, թղթյա շերեփով միջազգային քաղաքական ապուրին մոտեցողին ոչ ոք բանի տեղ չի դնում: Այդ մասին դեռ Խրիմյան Հայրիկն է ասել: Ռուսը, որ մեր դաշնակիցն է, առանց ամոթի սեթևեթում է թուրքի և ադրբեջանցու հետ, իսկ մենք հայերս լուռ խանդում ենք, նույնիսկ վախենում ենք խանդի տեսարաններ սարքել: Դրանից էլ լկտիանում են: Լավրովը նեղացած երեխայի պես խոսում է գազի գներից, իսկ մենք գլուխներս կախում և նրան չենք հակադարձում, որ մեր հարաբերությունները կարող է ավելի ջերմ լինեին, եթե իրենք զենք չվաճառեին դաշնակից պետության թշնամուն կամ որոշ «հերոսների» շնորհիվ կոպեկներով մեր ստրատեգիական օբյեկտները ձեռքբերելուց հետո չթալանեին:

Դե կորացեք, կորացեք այնքան, որ ձեր ապրելու իրավունքն էլ իրենց քաղաքական շահերի համար վաճառեն: Եթե Սերժ Սարգսյանն այդքան մտերիմ էր Պուտինի հետ և ճիշտ հարաբերություններ ուներ մեր ռազմավարական գործընկերոջ հետ, ինչպես պատահեց, որ Ադրբեջանը ծածուկ հարձակվեց: Լավ մենք միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային անվտանգություն և հետախուզություն չունեինք, բայց իրենք ունեին չէ և արբանյակներով տեսնում էին, որ մեր թշնամին հարձակվում է՝ ինչո՞ւ չզգուշացրեցին իրենց սիրելի Սերժ Ազատիչին թշնամու մոտենալու մասին: Երկրի ներսում լեզվով խրամատներ են փորում, իսկ արտերկրում մուկ են դառնում: Հիմա ինչը ձեզ դուր չի գալիս, որ Արցախի ղեկավարը գիտի, թե որն է Հայաստանի մայրաքաղաքը, թե որ երդման արարողության ժամանակ ասում է պարզ ճշմարտություն, որ իր հայրենիքը Հայաստանն է: Այո՛, Արցախը Հայաստան է, դա գիտեն նույնիսկ Մինսկի խմբի համանախագահները, սակայն քանի դեռ մենք վախենում ենք բարձրաձայն ասել ճշմարտությունը, իրենք չեն վերցնի մեր բեռը:

Արայիկ Հարությունյանի խոսքերով սկիզբ դրվեց մի նոր և վաղուց արդեն պահանջվող մոտեցման, իսկ բոլոր նրանք, որ ծաղրում են ասելով, որ դրանով Հարությունյանն իրեն իջեցնում է մարզպետի մակարդակի, նախ ասեմ, որ Հայաստանի մարզպետ լինելը պատիվ է, և հետո եղել են դեպքեր, որ ՀՀ մարզպետներից մեկը ու վերջինիս կողմնակիցները, ովքեր այսօր վրդովված են Արայիկ Հարությունյանի խոսքերից, ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել: Եթե Արցախը դե ֆակտո ՀՀ մարզ չէր, այդ մարդիկ ինչպես Հայաստանում պաշտոնյա դարձան` քամին քշեց բերեց, թե խոպան էին եկել: Չնայած երկրի նկատմամբ ունեցած խոպանային մոտեցումներն ակնհայտ են: Եթե այդպես է, բա մեր երեխաներն ում հայրենիքն են պաշտպանում Արցախում, որևէ մեկը կասի ինձ կամ կարող է բացատրել: Կասեք դիվանագիտությունից չեմ հասկանում, բայց ձեր խղճի խորքում, եթե իհարկե ունեք, գիտեք, որ ստրուկի հոգեբանությամբ եք ապրում: Առակի նման՝ տեսքից վագր եք, բայց սրտներդ մկան է ու հենց կատվին տեսնում եք, ծակ եք փնտրում, որ թաքնվեք: Եթե մեր գոյությունը, աշխարհաքաղաքական այս դաշտում մեկ օր հանկարծ գերտերություններին ձեռք չտա, նրանք չեն նայելու, թե որքան լավն ենք մենք, եթե չկարողանանք մեզ պաշտպանել, հանգիստ կուտեն:

Երեք հրեա Պաղեստինում տուն գնեցին, երկրի կեսը խլեցին, Պաղեստինն էլ ինքնիշխան դարձրեցին, հիմա տարածաշրջանում քաղաքականություն են թելադրում, իսկ դուք այդ ընթացքում ձեր բներում նստած դողում էիք ու սեփական ժողովրդին թալանում, իսկ հիմա ձեր առասպելական հաջողություններից եք խոսում: Այո, ճիշտ եք ասում, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, եթե նա հեղափոխության ժամանակ իր տված խոստումների գեթ կեսը կատարեր, այլ ոչ թե միայն դատարկ սպառնալիքներ հնչեցներ, դուք հիմա լուռ տանը նստած ձեր «վառանյոկին» կսպասեիք և Աստված կկանչեիք, որ ձեզ չհիշեին, ոչ թե դուրս կգայիք փողոց ու մատ թափ կտայիք՝ ասելով, որ անգրագետ ժողովուրդը չհասկանալով հեղափոխություն արեց: Այո, մենք հեղափոխություն ենք արել իշխանությունը տվել ենք քայլողներին ու սպասում ենք արդյունքներին: Չի լինի արդյունք, իրենց կհանենք երգողներին կբերենք, դրանք էլ քաշեն՝ պարողներին կբերենք, այնքան կփոխենք մինչև մեր ցանկացած արդյունքին հասնենք: Այո, այսօր ՀՀ քաղաքացի Արայիկ Հարությունյանի խոսքերը լսելով ես հպարտ եմ, քանի որ նա իրոք հիշում է, թե որ երկրի անձնագիրն է իր գրպանում, որ ազգի ներկայացուցիչն է և թեև իր ծննդավայրը Արցախն է, այն մասնիկն է իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031