Տասնյակ կյանքեր փրկած սանհրահանգիչ գյումրեցի Համլետ Ավագյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Նա մահացել է 2019 թվականի մարտի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասում: Շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել եւ ընկել էր ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Համլետը մահացել էր:
Համլետ Հրաչի Ավագյանը ծնվել է 2000 թ. մայիսի 22-ին՝ Գյումրիում։ Սովորել և ավարտել է Գյումրիի «Ակադեմիական» վարժարանը։ Ավարտելուց հետո ընդունվել է Հայբուսակ համալսարան`ստանալով բժշկական կրթություն։ Համլետի ավագ քույրը՝ Հասմիկ Ավագյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը նաև լավ ֆուտբոլիստ է եղել. խաղացել է «Շիրակ» երիտասարդական ակումբում: 2018-ի հուլիսի 26-ին զորակոչվել է բանակ։ Եղել է սանհրահանգիչ։ Փրկել է տասնյակ կյանքեր։ Համլետ Ավագյանն արժանացել է ՀՀ հերոսի կոչման։ Նա ցավով նշեց, թե եղբայրն ուներ առողջական խնդիրներ ծնկի շրջանում: Այնուհետև պատմեց, որ ունեն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, որ նման հիվանդությամբ Համլետին պետք էր վերականգնողական բուժում, հետո զորակոչում:
Համլետի հայրը՝ Հրաչ Ավագյանը մեզ հետ զրույցում այս առիթով որոշ մանրամասներ ներկայացրեց. «Որդիս ուներ Օսգուտ-Շլյատերի հիվանդություն: Բոլոր բժշկական հանձնաժողովների պատասխանների տակ չորս-հինգ պրոֆեսորների ստորագրությամբ նշված է, որ խորհուրդ է տրվում բուժում, վերականգնողական բուժում: Նույնիսկ ունեմ գեներալ Հենրիկ Մուրադյանի գրառումը, որ անկախ ամեն ինչից, թե որդիս որ զորամասը վիճակահանությամբ կընկնի, իրեն ծառայության չեն տանի, մինչև չբուժեն: Նրա գրառումն էլ կա. զորակոչել 14203 զորամաս, դա հոսպիտալի համարն է: Բայց դրանից հետո էլ երեխային չտարան բուժման, այլ զորակոչեցին»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ չորս-հինգ օր առաջ էլ է նամակ գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Անգամ «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանի կողքին է եղել, Փաշինյանին հանձնել իր նամակը, սակայն Փաշինյանը Արտյոմ Թումանյանին ընդունել է, իսկ իրեն՝ ոչ. «Տարբեր անգամներ եմ դիմել Նիկոլ Փաշինյանին. երկու անգամ անձամբ նամակ եմ ձեռքը տվել, ինձ տղամարդու պես խոստացավ, որ ինքը պետք է այդ հարցին ուշադիր լինի: Բայց այսօր քննչական գործողությունները համարյա ավարտվել են, եզրակացություն չեն կարող կազմակել: Գրել եմ նաև ՊՆ իրավական ակտերի գծով գեներալ Բրուտյանին: Նա պատասխանել է, թե գեներալն իրավունք չուներ նման գրառում կատարելու, իսկ եթե կատարել է, ուրեմն պետք է խոսքի տերը լիներ»:
Համլետի հայրը մեզ հետ զրույցում նաև մեկ այլ հանգամանք շեշտեց. «Որդիս սահմանափակումով զինվոր էր, բայց նրան մարտական դիրքում երկու ծառայություն էին նշանակել, իսկ ով առողջական խնդիր չուներ, նրան մեկ ծառայություն»:
Որդին կորցրած հայրը ցանկանում է, որ իրեն լսեն, խնդրին լուծում տան, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, մինչդեռ նրա շփումները դատախազների, քննչական կոմիտեի, կայազորի քննիչների հետ ցույց են տալիս, որ նրանք իրենցն են պնդում. «Ես նրանց բացատրում եմ, որ որդիս ծնկի հիվանդ է, իսկ իրենք ասում են, թե տուռնիկից ենք ազատել էրեխուն՝ սահմանափակումը դրել են տուռնիկից: Հարցնում եմ, լավ, ծնկի հիվանդը ո՞նց կարող է տուռնիկից ազատվել, ասում են՝ որ տուռնիկից իջավ, ոտքերի վրա չի՞ իջնում: Նմանատիպ բացատրություն են տալիս: Հիմա արդեն չգիտեմ՝ ինչ անել»:
Զոհված զինվորի քույրը պատմեց, որ ողջ Գյումրին գիտի իր եղբոր մասին, թե նա ինչ ընկերասեր և հոգատար էր: Նա ասաց, որ Համլետը երբեք բողոքներ չի ներկայացրել զորամասից, միայն ծնկի ցավերից է բողոքել: Քույրը ցավում է, որ չնայած հոր ջանքերին, եղբոր գործը դեռ դատարան չի հասել, մինչդեռ քրեական գործ է հարուցվել նրա մահից անմիջապես հետո:
Հասմիկը եղբոր ծառայության պայմանների մասին մի քանի դրվագ ներկայացրեց. «Եղբորս բժշկական պայուսակը եղել է շատ ծանր, հենց իր մահվան օրն ինքը դիրքերում է եղել: Երբ իրեն կանչել են, որ օգնության հասնի զինվորին, ինքը դիրքերում է եղել: Բայց սահմանափակումով զինվորին իրավունք չունեին երկու ծառայություն սահմանել: Այդ օրը մեկ մարդ է իրեն ուղեկցել, նա պատմում է, որ Համլետն իրեն զոռով է տարել. եղբայրս ճանապարհը չի իմացել: Նա բարձրացել է դիրքեր, բարձր ջերմության պատճառով իջեցրել են, երկրորդ անգամ հրամանատարն ասել է՝ պետք է բարձրանաս. զինվոր չունենք: Կատարել է իր երկու պարտականությունները և ճանապարհին սայթաքել: Ցավն այն է, որ պարոն Փաշինյանը հայրիկիս տղամարդու խոստում տվեց, որ կբացահայտվեն ու բոլոր մեղավորները անկախ զբաղեցրած պաշտոնից կպատժվեն, բայց ոչ մի արդյունք»:
Հասմիկ Ավագյանն ասաց, որ երբ հայրը քննիչին հարցրել է՝ տեղանքը նայե՞լ ես, նա պատասխանել է. «Այդտեղ որ ես բարձրանամ, ո՞վ է իմ կյանքի համար պատասխանատու: Այդտեղ կարևոր նշանակության դիրք չի եղել, եղբորս դեպքից հետո դիրքը փակվել է: Հորս հարցին՝ իմ երեխային ինչո՞ւ եք տարել այդտեղ՝ ոչ ավագն է իրեն ուղեկցել, ոչ գլխին սաղավարտ է եղել, ոչ ժիլետ, այդպես էլ պատասխան չի եղել: Եղբորս միայն գլուխն էր վնասված: Մենք նկարներ, տեսանյութեր ունենք, որտեղ երևում են, թե հենց այդ դիրքերում զինվորներն ինչ ձևի են հագնված: Այդ ամենը տեսել է ՀՀ գլխավոր դատախազը, ռազմական ոստիկանության պետը, ապշել են, մտածել են, թե ո՞ւր են իրենց հրամանատարները, որ այս երեխաներն այսպես են եղել: Եղբայրս իր ծառայակիցների հետ գնացել է փայտի կամ սննդի հետևից: Այդտեղ ճանապարհ չկա, մեկ այլ զինվոր էլ էր մահացել, նորից փակել էին դիրքը, հետո բացել, եղբորս դեպքից հետո նորից փակեցին: Եթե կարևոր նշանակություն չունեցող դիրք էր, ինչո՞ւ էին բացել: Կամ հրամանատարը, գեներալը, բժիշկները ինչու՞ նախօրոք չբուժեցին եղբորս ոտքը, նոր տանեին ծառայության»:
Հասմիկ Ավագյանը մտահոգություն հայտնեց, որ եղբոր գործը նույնիսկ դատարան չի հասել, գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իրենց նամակն անձամբ Փաշինյանին է փոխանցել, բայց ոչ մի արձագանք չի եղել: Մինչդեռ, երբ եղբորս մահից երկու ամիս հետո Նիկոլ Փաշինյանը եկել էր Գյումրի, հորս խոստացավ, ասաց՝ տղամարդու խոստում եմ տալիս՝ կպատժվեն բոլոր մեղավորները»:
Եղբորը կորցրած քույրն արցունքն աչքերին մեզ հետ զրույցում նշեց՝ մեզ ոչինչ պետք չէ, միայն մեղավորները պատժվեն: Ասաց, որ իրենց ուզածը այս պահին այն է, որ իրենց խնդիրը լսելի դառնա, որ Նիկոլ Փաշինյանը գոնե 10-15 րոպե հատկացնի, հանդիպի իր ծնողներին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ