Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

Մայիս 22,2020 19:22

Հեղ․՝ Անահիտ Սիմոնյան

«․․․Դա նշանակում է նաև, որ այսուհետ մենք պարտավոր ենք մեր յուրաքանչյուր օրենսդրական քայլով հետամուտ լինել այն բանին, որպեսզի մեզանում երբևիցե չոտնահարվի մարդու արժանապատվությունը՝ ոչ մեր ընդունած օրենքներով և ոչ էլ դրանց շրջանցումով»։

Ռաֆայել Պապայան, ՀՀ Գերագույն խորհրդի մարդու իրավունքների և ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, 1991 թ․ ապրիլ

­

***

Հոդվածի շրջանակներում ընթերցողին առաջարկում է ծանոթանալ մարդու իրավունքների վերաբերյալ պաշտոնական դիսկուրսի ծագման/ձևավորման գործընթացին երրորդ հանրապետության կայացման համար առանցքային՝ 1991-1992 թթ․-ին։

 

Հոդվածը մաս է կազմում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից նախաձեռնած՝ «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» նախագծի շրջանակներում իրականացված ուսումնասիրության։

 

Հայաստանի հայտնություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեին Հայաստանի՝ անկախ հանրապետության հռչակման համար «այո» քվեարկեցին քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 94․39 %-ը:

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը միաձայն՝ 213 ձայն կողմ քվեարկությամբ վավերացրեց հանրաքվեի արդյունքները։

Հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

Այսպես տրվեց Հայաստանի երրորդ հանրապետության դե-յուրե գոյության մեկնարկը։

«Անկախություն», «հանրաքվե», «ԽՍՀՄ փլուզում», «պետականության կայացում», «ինքնորոշման իրավունք», «Ղարաբաղի ինքնորոշում», «Ղարաբաղյան պատերազմ»՝ սրանք են այն բանալի բառերը, որոնց շուրջ ձևավորվել է վաղ 90-ականների վերաբերյալ հավաքական մեր հիշողությունը։ 1991-1992 թթ․-ը առանցքային էին Հայաստանի Հանրապետության համար՝ իբրև մուտք անկախ պետությունների միջազգային ընտանիք և համակարգ։  Սակայն այս թվականները մեկնարկային էին Հայաստանի համար նաև մեկ այլ համակարգի մաս դառնալու տեսանկյունից՝ միջազգային մարդու իրավունքների համակարգի։

1991-92 թթ․-ի պաշտոնական մամուլի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի ինտեգրումը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարդու իրավունքների համակարգ իբրև քաղաքական մեծ կարևորություն ունեցող գործընթաց է դիտարկվել։ Մարդու իրավունքների պաշտպանության և դրան հարակից՝ ժողովրդավարացման գործընթացների վերաբերյալ պաշտոնական ուղերձներն ու շեշտադրումները միտված են ցույց տալու, որ որոշում կայացնողների կողմից այս գործընթացները դիտարկվում են իբրև ցուցիչ՝ Հայաստանի անկախացման գործընթացի լեգիտիմության, անկախացման գործընթացի շուրջ հասարակական պահանջի և քաղաքական կամքի առկայության։ Մարդու իրավունքների ու ժողովրդավարացման վերաբերյալ պաշտոնական դիսկուրսը սերտորեն կապվում է նաև Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության, ինքնորոշման պայքարի ճանաչման՝ միջազգային հանրությանը ներկայացվող պահանջի հետ։

 

Այսպիսով, 91թ․-ին մարդու իրավունքների շուրջ պաշտոնական դիսկուրսը զարգանում է և ձևակերպվում է երկու հիմնական ուղղություններով՝

  1. Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական համակարգի կայացումը իբրև ներքին պահանջ՝ շաղկապված անկախ պետականության հռչակման անհրաժեշտության հետ։
  2. Հայաստանի ինտեգրումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգ իբրև նախապայման՝ Ղարաբաղի հայության մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային հանրության կողմից Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի և ինքնորոշման պայքարի ճանաչման։

 

1991 թ․ մարտին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի (ՀՀ ԳԽ) առաջին գումարման առաջին նստաշրջանի ավարտին հնչեցրած իր ելույթում[1] Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, իսկ այնուհետ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ԽՍՀՄ կազմալուծումն անխուսափելի է, քանի որ «պետությունը գտնվում է ներքին խորը հակասությունների մեջ, նրանում առկա իրողություններն իրարամերժ են և վիժեցնում են նման պետության բնական գոյատևումը»: Իբրև նման իրարամերժ և անհամատեղելի իրողություններ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է «միությունը, ժողովրդավարությունը և տնտեսական բարգավաճումը»։ Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ժողովրդավարական հասարակարգի կայացման անհրաժեշտությունը ներկայացվում է իբրև այն առանցքային հանգամանքը, որը բացառում է ոչ միայն Հայաստանի մնալը ԽՍՀՄ կազմում, այլ հենց ԽՍՀՄ գոյությունն ու գոյատևումն ինքնին։ Մայիսի 23-ին «Վաշինգթոն պոստում» (The Washington Post) տպագրված՝ «Հայաստանի Հայտնությունը» հոդվածում[2] Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշում է «օգոստոսին Հայաստանի խորհրդարանն ընդունեց անկախության գործընթացի մասին Հռչակագիրը, որը վերջնական անկախության երկար ճանապարհի սկիզբն է։ Մենք անկախությունը դիտում ենք իբրև գործնական անհրաժեշտություն՝
ժողովրդավարական հաստատությունների ստեղծման համար
»։

«Անկախություն՝ հանուն ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության» կամ «ժողովրդավարության կայացման անհնարինություն առանց անկախացման»՝ այս երկու կոնցեպտների շրջանակներում է ձևավորվում մարդու իրավունքների պաշտոնական դիսկուրսը, այսպես է դիրքավորում Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական «ուղեգիծը»՝ իբրև ՀՀ առաջին նախագահի պաշտոնի թեկնածու։

Անկախության հանրաքվեից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտարարում է[3]՝ «քաղաքական տեսակետից մեր առաջնահերթ գործը պիտի լինի որքան հնարավոր է շուտ, բոլոր միջոցներով ձեռք բերել մեր քաղաքական անկախությունը, դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ, և այդ կարգավիճակով մասնակցել վերոհիշյալ [նկատի ունենալով՝ ԽՍՀՄ փլուզման՝ «վերևից՝ ներքև» տարբերակը, այն է՝ Կենտրոնի ռեալ քաղաքական իշխանության վերացման միջոցով] կառուցողական գործընթացներին։․․․ Հայաստանը մի ժամանակ Խորհրդային Միության ժողովրդավարական գործընթացների լիդերն էր, և դա մեզ մեծագույն քաղաքական վարկ տվեց, դա նաև մեր անկախությունը ճանաչելու կարևոր գրավականներից է»։  Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ձևակերպվող շեշտադրումների այս բնույթը պահպանվում է թե՛ մինչև նախագահական ընտրությունները և թե՛ ընտրություններից հետո։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում Հայաստանին բազմիցս դիրքավորում է իբրև ժողովրդավարական հասարակարգ ունեցող պետությունների ընտանիքի լիիրավ անդամ դառնալու հավակնություններ ունեցող սուբյեկտի, որն այդ ուղղությամբ իրականացնում է մի շարք գործնական քայլեր։

 

Այսուհետ՝ համամարդկային չափանիշներով․ միացում Դաշնագրին

Գործնական քայլերի համատեքստում, թերևս, ամենակարևոր զարգացումներից է 1991 թ․ ապրիլին Հայաստանի միացումը ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին և դրան կից Կամընտիր արձանագրությանը։ Այս կապակցությամբ ուշագրավ է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մարդու իրավունքների և ազգությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Պապայանի ելույթը՝ ներկայացված օրաթերթի «Այսուհետ՝ համամարդկային չափանիշներով» խորագրով հոդվածում[4]։ Դաշնագրին միացումը Պապայանն անվանում է «շրջափուլային որոշում», որով  «Հայաստանը հայտարարեց համաշխարհային ու համամարդկային իրավական նորմերն ու բարոյական արժեքները պաշտպանելու ու հանրապետության ներքին կյանքում գործի դնելու իր պատրաստակամության մասին»։

Պահպանելով ԳԽ նախագահի քաղաքական ուղեգիծն իր ելույթում՝ թե՛ Դաշնագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների իրականացումը և թե՛ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն առհասարակ ԳԽ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահը կապում է Հայաստանի անկախացման գործընթացի հետ․ «Հայաստանը դեռ մնում է այն համակարգում, որը ստեղծվել է հակադիր հիմքերի վրա և պարտադրվել մեր ժողովրդին։ Հայաստանը դեռ նոր է սկսել թոթափել այդ համակարգի շղթաները և մարդու իրավունքների ապահովման աստիճանը կախված է այդ թոթափման աստիճանից, նրանից, թե, որքանով է Հայաստանի Հանրապետությունը տնօրինում իր կյանքի բոլոր ոլորտները, և ուրեմն իր քաղաքացիների իրավունքների լիիրավ ապահովումը հնարավոր է միայն Հայաստանի լրիվ անկախության դեպքում․․․»։

Կարևոր է նշել, որ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը, անկախացման գործընթացների հետ շաղկապելուց զատ, քննարկվում է նաև պետության առաջնային պարտավորությունների համատեքստում։ Այսպես, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի միացումը Պապայանը որակում է որպես «․․․ռեալ քայլերի ծրագիր և ոչ թե զուտ քաղաքական ռեկլամ»։ 1991 թ․ օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի մեկամյակի կապակցությամբ Պապայանը շեշտում է, որ  «Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հավատարիմ լինել մարդու իրավունքների միջազգայնորեն  ճանաչված նորմերին»[5]։

 

Ղարաբաղի ինքնորոշումը և մարդու իրավունքները անկախացող Հայաստանում

Ինչ վերաբերվում է ծավալվող մարդու իրավունքների դիսկուրսի ղարաբաղյան վեկտորին, ապա հարկ է նշել, որ առաջին անգամ 91 թ․-ին «Հայաստանի Հանրապետությունում» ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի մասին խոսվում է հենց արցախահայության ինքնորոշման պայքարի համատեքստում՝ «Ղարաբաղի ինքնորոշումը և մարդու իրավունքները ԽՍՀՄ-ում» հոդվածում[6]։ Հոդվածից տեղեկանում ենք, որ հունվարին Ժնևում մեկնարկած ՄԱԿ-ի մարդու իրավունքների 47-րդ նստաշրջանին Հայաստանը մասնակցում է՝ ներկայացվելով ՀՀ ԳԽ մարդու իրավունքների և ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռ․ Պապայանի կողմից։ Հոդվածում քննարկվում են ժողովուրդների ինքնորոշման գործընթացները ԽՍՀՄ տարածքում և, մասնավորապես, Ղարաբաղում։ Հիմնական շեշտադրումն է՝ «աշխարհի դիրքորոշման» հստակեցման անհրաժեշտությունը «խորհրդային «դեմոկրատիայի» և այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում ԽՍՀՄ-ում և, մասնավորապես, Ղարաբաղում՝ «ինքնորոշման համար պայքարի հասնելու ողջ փորձով հանդերձ»։

«Ղարաբաղ-ինքնորոշում-մարդու իրավունքներ» բանաձևը առանցքային է այս շրջանի պաշտոնական դիսկուրսի համար։ Ղարաբաղի ինքնորոշումը ներկայացվում է իբրև Ղարաբաղի հայության մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայման, և այս համատեքստում շեշտադրվում է ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների աջակցության և միջամտության անհրաժեշտությունը։

Պաշտոնական մամուլում ներկայացված են  ՄԱԿ-ի շրջանակներում և միջազգային այլ հարթակներում կայացող քննարկումները՝ նվիրված կա՛մ բուն արցախյան հիմնախնդրին, կա՛մ մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների և ազգամիջյան կոնֆլիկտների հարցերին և այս համատեքստում՝ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացումներին։

«Գործնական աշխատանքներն ամբողջությամբ ներկայացնելու համար պետք է, թերևս, անպայմանորեն ասել վերջին նորությունը․ Ժնևում մասնակցեցի Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հերթական նստաշրջանին։ Նստաշրջանում դրված էր ղարաբաղյան հիմնահարցը, այդ հարցի լուսաբանման առնչությամբ ներկայացվեց իմ զեկուցումը»։ (Հատված Ռ․ Պապային հետ հարցազրույցից)[7]:

Հետաքրքրական է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին խոսելիս պաշտոնական ելույթներում անդրադարձ է արվում նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կարիքներին, կարևորվում է ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը՝ իբրև ժողովրդավարական համակարգի կայացման գործընթացի դրական արդյունք[8]։

 

Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ

1991 թ․ նոյեմբերի 11-ին, իբրև Հայաստանի հանրապետության նախագահ, պաշտոնամուտի իր ելույթի[9] ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնում է, որ նորաստեղծ Հայաստանի «վերափոխումը» տանելու ուղղությունը մեկն է՝ «դեպի անկախ, իրավական պետություն, դեպի բազմակուսակցականություն, ժողովրդավարական հասարակություն, դեպի ազատ շուկայական տնտեսություն»։ Միևնույն ժամանակ, իբրև արտաքին քաղաքականության ուղեգիծ, Հայաստանի առաջին նախագահը հռչակում է «ձգտումը հասնել լիակատար քաղաքական անկախության, դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, Միավորված ազգերի կազմակերպության անդամ»։

1991 թ․ դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը։ Խորհրդանշական է, որ հենց այս օրվա շրջանակներում Գերագույն խորհրդի նիստում կայացվում է որոշում՝ միանալ «Ցեղասպանության ոճրագործության կանխման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ․ դեկտեմբերի 9-ի կոնվենցիային՝ այսպիսով, մարդու իրավունքների համակարգին անդամակից լինելու փաստին տալով հստակ աշխարհաքաղաքական ուղերձ[10]։

1992 թ․ մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դառնում է ՄԱԿ-ի անդամ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 46-րդ նստաշրջանում։ Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը[11]։

«1992 թվականի մարտի երկուսը Հայաստանի պատմության մեջ կմնա ամենանշանակալի տարեթվերից մեկը, կմնա որպես հիրավի կարևորագույն օր, երբ մեր հինավուրց երկիրը ոտք դրեց ՄԱԿ-ի շեմից ներս՝ դառնալով ազգերի համաշխարհային ընկերակցության լիիրավ անդամ․․»,-  այսպես է սկսվում արտգործնախարարի ելույթը։ Ելույթում այնուհետ արվում են շեշտադրումներ, որոնցում հստակորեն ամփոփվում է Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարացման գործընթացների վերաբերյալ արդեն ձևակերպված պաշտոնական դիսկուրսի երկու գերակա համատեքստերը։

«Դառնալով ՄԱԿ անդամ՝ ՀՀ֊-ն հանդիսավոր կերպով հայտարարում է, որ հարգում է և լի է վճռականությամբ՝ ղեկավարվելու այդ կազմակերպության որդեգրած սկզբունքներով և գործելակերպով, որոնք շարադրված են ՄԱԿ-ի խարտիայում, կանոնադրությունում և մի շարք այլ կարևորագույն փաստաթղթերում։ Խաղաղության, անվտանգության, ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների և ազատության գաղափարները ավելի քան համահունչ են ներկայիս Հայաստանի քաղաքական մտածողությանը։․․․ Հետևապես, ՀՀ քաղաքականությունը չի կարող ուղղված լինել որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ։ Մենք լիովին պաշտպանում ենք պետությունների տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության սկզբունքը։ Նաև հայտարարում ենք, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Թե որքան աղետաբեր ու ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել այս սկզբունքի ոտնահարումն ու անտեսումը, համոզիչ կերպով ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները։ Այդ իրադարձությունները կարող են բերել ամենածանր հետևանքների, եթե համաշխարհային ընկերակցությունը, և առաջին հերթին ՄԱԿ-ը, որպես այդ ընկերակցության ամենահեղինակավոր մարմին, ժամանակին ձեռք չառնի անհրաժեշտ միջոցներ։»

 

***
Հոդվածը նվիրում եմ ծնողներիս և նրանց սերնդին, ովքեր մեծ հավատով, հույսերով և վճռականությամբ ձևակերպեցին և իրականություն դարձրեցին Հայաստանի անկախացման օրակարգը։

[1] Տե՛ս, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Գերագուն Խորհրդի առաջին գումարման առաջին նստաշրջանի ավարտին, ՀՀ, 50 (113),  7 մարտ, 1991 թ․

[2]Տե՛ս, Հայաստանի Հայտնությունը, «Ընտրանի»,  23 մայիս, 1991 թ

[3] Տե՛ս, Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստում, «Ընտրանի»,  26 սեպտեմբեր, 1991 թ․

[4] Տե՛ս, Այսուհետ՝ համամարդկային չափանիշներով, ՀՀ, 82-82 (146), 11 ապրիլ, 1991 թ․

[5] Տե՛ս, Մեկ տարի կայսրության կողքին, ՀՀ, 179 (242), 23 օգոստոս, 1991 թ․

[6] Տե՛ս, Ղարաբաղի ինքնորոշումը և մարդու իրավունքները ԽՍՀՄ-ում, ՀՀ, թ․ 41 (104), 23 փետրվար, 1991թ․

[7] Տե՛ս, Խնդիրներ՝ կապված առաջընթացի, ժողովրդավարության հետ, ՀՀ, 70 (133), 28 march, 1991 թ․

[8] Տե՛ս, Մեկ տարի կայսրության կողքին, ՀՀ, 179 (242), 23 օգոստոս, 1991 թ․

[9] Տե՛ս, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնամուտի ելույթը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի հատուկ նիստում, «Ընտրանի», 11 նոյեմբեր, 1991 թ․

[10] Տե՛ս, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանում, ՀՀ, 267 (330), 11 դեկտեմբեր, 1991 թ․

[11] Տե՛ս, Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում 2 մարտի 1992 թ․, ՀՀ, 42 (337), 3 մարտի, 1992 թ․

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031