Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Վարդանյան. Կեղծ լուրերը տարածվում են վիրուսի պես

Մայիս 22,2020 18:55

«Քաղաքական երկխոսությունը» առցանց քննարկում էր կազմակերպել՝ «Կյանքը կորոնավիրուսից հետո» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը և ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Գեղամ Վարդանյանը նշեց, որ Հայաստանը չի առանձնանում, և նույն կեղծ լուրերը տարածվում են նաև այլ երկրներում. «Եթե տեղեկատվությունը տեղ չի հասնում, պետք է ավելի շատ աշխատենք, հատկապես՝ նախարարությունը պետք է ավելի շատ աշխատի, անընդհատ աշխատի օգտագործի ռեսուրսները։ Այստեղ ես կուզեմ, որ շատ ավելի շատ աշխատի Հանրային հեռուստատեսությունը և Հանրային ռադիոն: Շատ-շատ կարևոր դեր են խաղալու, և ես կուզեմ, որ պրոակտիվ դեր լինի, պարզ դեր լինի»։

Նա հավելեց, որ նկատել են, որ կեղծ լուրերը տարածվում են վիրուսի պես, և հակազդելու համար ցանկալի է ունենալ նույն ձև փաթեթավորված իրականությունը. «Եթե ուզում ենք, որ լավ լինի, պետք է 24/7 աշխատենք։ Ես ուզում եմ, որ կառավարությունը, պատգամավորները 24/7 աշխատեն»։

Իսկ Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ մանիպուլյացիաների հիմնական նպատակը քաղաքական է. «Կորոնավիրուսի վերաբերյալ մի շարք կեղծ տեղեկատվություններ ամենավերջում գալիս հանգում են մի ենթադրության, որ կառավարությունը վատ է աշխատում, պարետատունը վատ է աշխատում, և պետք է ինչ-որ քաղաքական գործողություններ լինեն։ Այստեղ առհասարակ քաղաքականության մասին խոսելը, իմ կարծիքով, սխալ է։ Մենք այսօր ունենք համաճարակ, և բարեխիղճ լրագրողները, լրատվամիջոցները և բարեխիղճ քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն հնարավորինս շատ տարածելու համար պաշտոնական տեղեկատվությունը։ Որովհետև պաշտոնական տեղեկատվության հիմնական նպատակը քաղաքացիներին վարակվելուց և ուրիշներին վարակելուց զերծ պահելն է»։

Գեղամ Վարդանյանը նկատեց, որ լրագրողը չպետք է միայն պաշտոնական տեղեկատվությանը վստահի, քանի որ պաշտոնական տեղեկատվությունը ինքնին կարող է կեղծ, կիսատ կամ մանիպուլյացիայի ենթարկող լինի. «Ոչ ոք չի կարող աչքերը փակել և պաշտոնական տեղեկատվությանը հավատալ։ Ես չեմ խոսում լուրերը ճշտելու մասին, ես խոսում եմ մարդկանց մանիպուլացնելու իրավունքի մասին։ Դա իրականություն է, և քաղաքական պայքար է։ Դուք քաղաքական պայքարի մեջ եք, պարոն Հովհաննիսյան, հաղթեք այդ քաղաքական պայքարում, վերցրեք ձեր լսարանը, ո՞վ է խանգարում։ Նորից եմ ասում՝ աշխատեք 24 ժամ 7 օր և վերցրեք այդ լսարանը, կանգնեք այդ մարդկանց կողքին և օգնեք ճիշտ տեղեկատվություն ստանալ և ճիշտ որոշումներ կայացնել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031