Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա. Արարատ Միրզոյան

Մայիս 22,2020 17:52

Մայիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը:

Արարատ Միրզոյանը, իր և ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել շարունակել ընդլայնել երկու հանրապետությունների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով Արարատ Միրզոյանին ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմով Արցախ այցելելու համար՝ Արթուր Թովմասյանը, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը Արցախի դիրքորոշումը խորհրդարանական տարբեր շրջանակներում ներկայացնելու գործում: ԱԺ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների համագործակցությունը այսուհետ ևս կշարունակի ակտիվորեն ընդլայնվել:

Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահների հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցությանը՝ նշելով որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է համարում նաև երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև սերտ փոխգործակցությունը:

Անդրադառնալով խորհրդարանի արտաքին կապերին՝ ԱԺ նախագահը ընդգծել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ կապերի խորացումը՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ խորհրդարանի դերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով ներկաներին համապետական ընտրությունների կապակցությամբ, անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների համագործակցությանը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ երկրի դիրքորոշման ներկայացման գործում:

«Խաղաղ բանակցությունների արդյունքը, արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինեն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա, և չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և Հայաստանի ժողովրդի համաձայնությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ, ինչպես Արցախի բարեկամական շրջանակների ընդլայնման, այնպես էլ՝ տարբեր երկրների խորհրդարանների հետ համագործակցության նոր ուղիների մշակման վերաբերյալ:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031