Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը ազատազրկված անձանց զրկում է ՔԿՀ-ներում սննդի պատրաստման աշխատանքներում ներգրավվելու հնարավորությունից. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»

Մայիս 22,2020 17:32

Սննդի ապահովման գործընթացը 2019թ. հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին:

2020թ. մարտից այն ներդրվեց «Աբովյան», «Գորիս», իսկ ապրիլից` «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: 2020թ. մայիսի 1-ից «Հրազդան» և «Սևան» ՔԿՀ-ները ևս միացան սննդի ապահովման նշված ծրագրին: Մինչև 2020թ. հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սնունդն իր մեջ ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք, պատրաստվում է քրեակատարողական հիմնարկների տարածքում ամեն օր և մասնագիտացված խոհարարների կողմից: Սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով ընկերությունը յուրաքանչյուր շաբաթ առաջարկում է նոր ճաշացանկ, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ողջունում է քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը բարելավելու ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության ձեռնարկած քայլերը: Մինչդեռ կազմակերպությանը մտահոգության տեղիք է տալիս ազատազրկված անձանց զբաղվածության ապահովման հարցը:

Այսպես, «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն սննդի պատրաստման աշխատանքները կատարում է իր աշխատակազմով, որում, սակայն, ներգրավված չեն ազատազրկված անձինք:

Այսինքն՝ այն ազատազրկված անձինք, ովքեր մինչ այդ ընդգրկված են եղել սննդի պատրաստման աշխատանքներում, զրկվել են զբաղվածության այդ հնարավորությունից:

Ըստ կազմակերպության ունեցած տվյալների՝ այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ սնունդը պատրաստվում է նշված ընկերության կողմից, ազատազրկված անձինք (յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում՝ 1 կամ 2 հոգի) պատրաստված սնունդը բաժանում են ազատազրկված անձանց:

Ազատազրկված անձանց զբաղվածության ապահովման հարցին կազմակերպությունը անդրադարձել է «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության մեջ՝ արձանագրելով, որ ազատազրկված անձանց զբաղվածության ցուցանիշը բավականին ցածր է:

Այսպես, վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներում ընդգրկվում է ազատազրկված անձանց ընդհանուր թվի մոտ 10%-ը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:

Աշխատանքով ապահովված ազատազրկված անձանց թիվը քիչ է, քանի որ քրեակատարողական հիմնարկներում քիչ են աշխատատեղերը: Աշխատատեղերի քիչ լինելու պատճառով վարձատրվող աշխատանքները մեծամասամբ կատարում են դատապարտյալները, թեև վարձատրվող կամ չվարձատրվող աշխատանքներում ներգրավվելու օրենսդրական երաշխիքներ սահմանված են ինչպես դատապարտյալների, այնպես էլ կալանավորված անձանց համար:

Մյուս կողմից էլ քրեակատարողական հիմնարկներում աշխատանքի հնարավորություններ ստեղծելու հարցում հավասար մոտեցում չի ցուցաբերվում: Օրինակ, ինչպես 2018թ.-ին, այնպես էլ 2019թ.-ի 1-ին կիսամյակում աշխատանքային զբաղվածությունը ապահովող ծրագրերը հիմնականում իրականացվել են «Աբովյան» ՔԿՀ-ում, իսկ, օրինակ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։

Իհարկե, «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն ազատազրկված անձանց աշխատանքով ապահովելու պարտավորություն չունի: Մինչդեռ կազմակերպությանը մտահոգում է այն փաստը, որ սննդի պատրաստումը մասնավոր ընկերության կողմից կատարելու արդյունքում ազատազրկված անձանց զբաղվածության միջոցների նվազեցումը հակասում է պետության՝ վերասոցիալականացման քաղաքականությանն անցնելու տրամաբանությանը:

Ուստի կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով.

· «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացների մեջ ներառել նաև «Խոհարարական արվեստ» դասընթացը:

· Քննարկել այդ դասընթացը բարեհաջող ավարտած ազատազրկված անձանց «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ում սննդի պատրաստման աշխատանքներում ներգրավվեու հնարավորությունը:

Կազմակերպության ներկայացրած առաջարկությանը ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկներում մասնավոր ընկերության կողմից սննդի պատրաստման գործընթացում ներգրավման, և որպես արդյունք հետագա զբաղվածության ապահովման հարցը բազմիցս քննարկման առարկա է դարձել ՀՀ արդարադատության նախարարությունում:

Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկներից որոշներն ուղղակիորեն կապված են եղել ազատությունից զրկված անձանց մասնագիտական հմտություններ փոխանցելու հետ, որոնք պետք է ի կատար ածվեին քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող դասընթացների միջոցով:

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծվել էին անհրաժեշտ նախադրյալներ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մասնագիտական ուսուցումը (օրինակ՝ խոհարար, հացթուխ) կազմակերպելու համար:

Սակայն հաշվի առնելով ՀՀ-ում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը՝ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կազմակերպել ազատությունից զրկված անձանց մասնագիտական ուսուցումը, քանի որ արգելվել է այլ անձանց մուտքը քրեակատարողական հիմնարկներ՝ նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխարգելելու նպատակով: Ազատությունից զրկված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպումը հնարավոր կլինի ապահովել իրավիճակի փոփոխման արդյունքում:

Կարծում ենք, որ ազատազրկված անձանց ուսուցումը խոհարար և հացթուխ մասնագիտությունների գծով կազմակերպելը և սննդի պատրաստման աշխատանքներում ներգրավելը արդյունավետ քայլ կլինեն մի քանի առումներով:

Նախ՝ կապահովվի մասնագիտական ուսուցման դասընթացի միջոցով ձեռք բերած գիտելիքի գործնական կիրառումը, այնուհետև՝ հիմք կդնի քրեակատարողական հիմնարկ-գործատու (մասնավոր ընկերություն) կապի ստեղծմանը և ամրապնդմանը, ինչի արդյունքում կբարձրանա ազատազրկված անձանց զբաղվածության մակարդակը և պատժից ազատվելուց հետո օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականությունը՝ որպես վերջնարդյունք հանգեցնելով կրկնահանցագործության ռիսկի նվազեցմանը:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031