Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա կլինի միջամտություն՝ դատավորի անկախության երաշխիքին». սահմանադրագետը՝ ՍԴ ճգնաժամի լուծման իշխանության տարբերակի մասին

Մայիս 22,2020 17:22

Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը կարող է լուծվել հետեւյալ կերպ. արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվեն, իսկ մնացածը սահմանափակվեն նույն ժամկետով։ Այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորները իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ: ՍԴ ճգնաժամի լուծման այս տարբերակը մայիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարը բացահայտել էր «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասելով, որ այս տարբերակի առնչությամբ հարցեր են հղվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին. «Հարցերի նպատակն է՝ հստակեցնել ստեղծված պայմաններում ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաեւ առանց հանրաքվեի իրականացնելու հնարավորությանը»:

Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը թեմայի շուրջ նախ նկատում է՝ այս հարցի մասին առավել հստակ պատկերացում կազմելու համար նախքան Վենետիկի հանձնաժողովին դիմելը կարելի էր ուսումնասիրել Վենետիկի հանձնաժողովի՝ նախկինում հայտնած դիրքորոշումները նման իրավիճակներում դատավորների փորձի վերաբերյալ: «Օրինակ՝ Լեհաստանում եւ  Հունգարիայում եւս նման խնդիրներ են առաջացել՝ գերագույն դատարանի եւ սահմանադրական դատարանի կազմի հետ կապված: Հետաքրքիր է, որ Վենետիկի հանձնաժողովը մշտապես ընդգծել է՝ դատավորների պաշտոնավարումը պետք է լինի անքակտելի, անխափան, այլապես հակառակ պարագան հանգեցնում է դատավորի անկախության երաշխիքի խախտմանը, որովհետեւ դատավորի պաշտոնավարումը եւ դրա նկատմամբ միջամտության արգելքը հենց անկախության երաշխիքն են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Արամ Վարդեւանյանն ու հարցադրում անում,-«Պատկերացնո՞ւմ եք դատավորի անկախության աստիճանը, եթե իրավիճակային փոփոխությունների եւ քաղաքական գործընթացների արդյունքում դատավորը գիտակցում է, որ իր պաշտոնավարումը կարող է ավարտվել: Դա կլինի հենց անկախության բացակայություն: Հենց նման իրավիճակների համար է հանձնաժողովը միշտ տվել խիստ կարծիք, որ դատավորների անկախությունը պետք է երաշխավորվի, այդ թվում՝ նրա պաշտոնավարման ժամկետին չմիջամտելով»:

Արամ Վարդեւանյանը հիշեցրեց. «Վենետիկի հանձնաժողովն ավելի վաղ եզրակացություն էր տվել ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծին եւ ընդգծել, որ դատավորների պաշտոնավարման անքակտելիությունը եւ անխափանությունը պետք է ապահովվեն: Ի դեպ, Լեհաստանի դեպքում, չնայած Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, գերագույն դատարանի կազմի փոփոխություն եղավ, օրենսդրական փոփոխության միջոցով պաշտոնավարման ժամկետներն ընդհատվեցին, հետո Եվրոպայի միության դատարանը դա ճանաչեց որպես խախտում, եւ դատավորները, որոնք մի քանի ամիս է, ինչ չէին պաշտոնավարում, վերականգնվեցին պաշտոնում եւ ստացան զգալի գումարի փոխհատուցում՝ որպես իրավունքի խախտում: Այս ամենը հասանելի տեղեկություն է՝ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպական միության դատարանի կայքերում»:

Հետաքրքրվեցինք՝ հիմա, եթե արդարադատության նախարարությունը մտադիր է ՍԴ բոլոր դատավորների համար 12-ամյա պաշտոնավարման շեմ սահմանել, ինչպե՞ս է դա հնարավոր: Արամ Վարդեւանյանը նախ նշեց, որ ՀՀ սահմանադրությամբ նման նորմ նախատեսված չէ, իսկ դրա՝ որեւէ ձեւով իրականացումը կխախտի միջազգային լավագույն փորձի՝ եվրոպական երկրների կողմից ընդունված սկզբունքները դատական իշխանության վերաբերյալ. «Դա էլ լուրջ վնաս կհասցնի ՀՀ միջազգային հեղինակությանը: Եթե նկատել եք, կան հարցեր, որոնք կարող են լուծվել միայն հանրաքվեով: Անցումային դրույթների հետ կապված այս հանրաքվեի ամբողջ խնդիրն այն էր, որ անցումային դրույթը փոփոխման ենթակա չէ, եթե արդեն իսկ սպառվել է: Սահմանադրության 213-րդ հոդվածը կարող էր փոփոխվել մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը, որովհետեւ այդ ժամանակ այն դեռեւս չէր «մարվել», սպառվել, բայց սպառվելուց հետո ինչպե՞ս փոխես: Իսկ սահմանադրության մյուս հոդվածներն, օրինակ, կապված ՍԴ կազմի հետ, փոփոխման ենթակա են բացառապես հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե օրենքով կամ ԱԺ-ի միջոցով: Սահմանադրության դրույթն է այսպես ասում»:

Հստակեցրինք՝ այն հանգամանքը, թե քանի տարով կարող է, օրինակ, ՍԴ դատավորն ընտրվել, փոփոխման ենթակա է միայն հանրաքվեո՞վ: Մեր զրուցակիցը հաստատեց. «Այո, բացառապես: Բայց հանրաքվեով իրականացման դեպքում կրկին խնդիր կառաջանա, որովհետեւ կխախտվի դատավորների պաշտոնավարման անքակտելիությունը: Դրանով կլինի միջամտություն՝ դատավորի անկախության երաշխիքին: Վենետիկի հանձնաժողովը մի անգամ արդեն ասել է, որ ՍԴ անդամ/դատավոր երեւույթներ չկան, բոլորը ՍԴ դատավոր են: Պարզաբանեմ նաեւ հետեւյալը: Մենք ունենք ՍԴ ներկայիս դատավորներ, որոնք ընտրվել են.

-1995թ.-ի սահմանադրությամբ,

-2005թ.-ի սահմանադրությամբ,

-եւ դատավորներ, որոնք ընտրվել են 2015թ.-ի սահմանադրության ուժով: Այսինքն, այսօր կան ՍԴ դատավորներ, որոնք պաշտոնավարում են.

-մինչեւ 70 տարեկանը,

-մինչեւ 65 տարեկանը

-եւ դատավորներ, որոնք 12 տարի են պաշտոնավարելու, եւ սա բնական է: Երբ, օրինակ, 2005թ.-ի փոփոխությամբ ամրագրվեց ՍԴ դատավորի պաշտոնավարման մինչեւ 65 տարեկանի շեմը, դա չտարածվեց մինչեւ այդ թվականն ընտրված դատավորների վրա, որովհետեւ դա հետադարձ ուժի արգելք ուներ, որովհետեւ պաշտոնավարման ժամկետի հետ կապված վատթարացնող նորմը չեն տարածում անձանց վրա, առավել եւս, երբ խոսքը դատավորի անկախության մասին է»:

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ եթե հիմա պաշտոնավարման տարբեր ժամկետ ունեցող դատավորների վրա տարածվի միեւնույն՝ 12-ամյա պաշտոնավարման հանգամանքը, դա վատթարացնող նորմ կլինի ՍԴ բոլոր դատավորների համար. «Դա եւ վատթարացնող է, եւ անկախության երաշխիքը խախտող: Իսկ անկախության երաշխիքն իրավական պետության ամենակարեւոր սկզբունքներից մեկի բաղադրիչն է: Հարցը միայն հետադարձ ուժի խնդիրը չէ, այլ իրավական պետություն ունենալու համար խնդիր առաջացնելու փաստը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031