«Շինարարական բիզնեսի աշխատանքներն ուշանում են, սեզոնը բացված է, պետք է կառուցապատումները գտնվեին հունի մեջ, եռային, բայց մենք դեռեւս ունենք մոտ 50 օբյեկտներ, որոնց շինաշխատանքները կասեցված են՝ 400 մլն դոլարի շինաշխատանքները չեն կատարվում, եւ չունենք հնարավորություն որոշելու՝ արդյոք օրինակա՞ն կամ արդարացի՞ է այս պահին այդ աշխատանքների դադարեցումը»,-այսօր այս մասին կառուցապատողների ասոցիացիայի կազմակերպած «Կառուցապատման արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման եղանակները» թեմայով քննարկմանն ասաց իրավաբան Արմեն Հարությունյանը:
Կառուցապատողներն ու շահագրգիռ կողմերն այսօր քննարկում էին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է շինարարության կասեցման հիմնախնդրին եւ դրա բացասական հետեւանքներին:
Հարությունյանն ասաց, որ հիմա տնտեսությանն ավելի շատ է հարկավոր կառուցապատման աշխատանքներով պայմանավորված շրջանառու միջոցներն ու դրանից բխող հարկային մուտքերը, սակայն օրենսդրական խնդիրների պատճառով, կարելի է ասել՝ վնասներ են լինում:
Շինարարական թույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում, ըստ Հարությունյանի, հայցադիմումը Վարչական դատարանում վարույթ ընդունելու պահից շինարարությունը արգելվում է վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով եւ կառուցապատողը ստիպված է այդ աշխատանքները դադարեցնել, մինչեւ դատարանի վերջնական քննությունն ու որոշումը։ Իրավաբանն ասաց, որ այս խնդիրը բարձրացրել են տարբեր հարթակներում, էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, հրապարակել էր, քննարկվել էր, բայց որոշ պատճառներով այն փոփոխվել է, հիմա է արդարադատության նախարարությունը մշակել նախագիծ: Իրավաբանի ներկայացմամբ՝ նախագծով սահմանվում է նոր բացառություն՝ 3-րդ անձանց կողմից շինթույլտվությունները վիճարկելու պարագայում շինաշխատանքներն օրենքի ուժով չեն կասեցվի, դրանով իսկ հնարավորություն կլինի խուսափել անհիմն հայցային վարույթներից ու դրանց պատճառով ահռելի վնասներից։
Կարդացեք նաև
Հարությունյանը պետական մարմիններին կոչ արեց հնարավորինս շուտ քննարկեն նախագիծն ու հնարավորինս արագ այն ընդունեն ԱԺ-ում:
Քննարկմանը ներկա Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ ասաց. «Վատ լուր ունեմ: Այստեղ 400 միլիոն դրամ հնչեց, այս պահին արդեն 62 կառույց է կասեցման տակ, մոտավորապես 590 միլիոն վնասի մասին է խոսքը։ Օրեցօր վիճակը լրջանում է եւ պահանջում է հրատապ լուծում։ Քննարկումներ, հանձնաժողովներ, այդ ամենը հասկանալի է: Մի բան հասկանալի չէ՝ ե՞րբ ենք այս փոսից դուրս գալու, որ շատ արագ սկսենք շինարարության ծրագրերի իրականացումը, որպեսզի ահռելի քանակի մարդկանց ապահովենք աշխատանքով, մեր տնտեսության մեջ բավականին լուրջ, արդյունավետ ներդրում կարողանանք կատարել շինարարության միջոցով: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր բնակիչներին բնակարաններով ապահովելը եւ մնացածի մասին: Ժամկետի առումով ժամանակ չունենք, արդեն ուշացել են»:
Մեսչյանի խոսքով՝ երկու ճանապարհ կա՝ իրավաբանական՝ հիմնված օրենքների վրա, խոսվեց կոռուպցիայի մասին, որ դատավորը կարող է որոշել շինարարությունը կասեցվել է տրամաբանակա՞ն, թե՞ անտրամաբանական. «Մի քիչ զարմանալի է ինձ համար, որովհետեւ խոսքը ճարտարապետության մասին է: Այս խնդիրները հեշտ լուծվող են, եթե կարողանայինք վերականգնել պետական փորձաքննության ինստիտուտը եւ եթե ունենայինք նախագծային փաթեթ, որը ամրագրված կլինի պետական անվանի փորձաքննության բոլոր ստորագրություններով ու համաձայնություններով, սա է լինելու դատարանի համար ամենակարեւոր փաստաթուղթը, որի հիման վրա էլ պիտի որոշի՝ այո, թե՝ ոչ: Ցավոք այսօրվա փորձաքննությունը, որ անում ենք քաղաքաշինությունում, դա բավարար փաստաթուղթ չէ, որով կարողանանք խնդիրը լուծել»:
Պետական փորձաքննության վերականգնման մասին, ինչպես ասաց Մեսչյանը, զեկուցել է ամենաբարձր մակարդակով, ցավոք մինչեւ այսօր հարցը չի լուծվել. «Բոլոր խնդիրների հիմնաքարը պետք է լինի նախագծային փաթեթը պետական գրագետ փորձաքննության եզրակացությունը, որը կլինի այն զենքը, որով հնարավոր կլինի պայքարել ռեկետի դեմ, որովհետեւ սա ռեկետ է: Այսօր մեր շինարարությունների 90%-ը կասեցված է բնակիչների ռեկետի պատճառով: Իսկ եզրակացությամբ կարող ենք պայքարել այս ռեկետի դեմ: Այո, դա ռեկետ է եւ դա սարսափելի է, որովհետեւ սա բարոյահոգեբանական տեսանկյունից վտանգավոր է, խայտառակություն է, ասում են՝ կոնդիցիոներ կտաս՝ չեմ բողոքի, դատի կտամ, շինարարությունդ կկանգնեցնեմ, տունս ռեմոնտ արա, նկուղային հարկ տուր: Սրանից պետք է դուրս գանք»։
Կառուցապատողները Մեսչյանի հետ համամիտ էին՝ պետք է պետական փորձաքննության եզրակացություն, բայց հստակ ժամկետ է պետք սահմանել, որպեսզի կառուցապատողն անորոշ ժամկետով չսպասի, թե երբ կտան եզրակացությունը, չլինեն հիմնադրամներ, կամազներ եւ այն. «Եվ նախագիծն ուսումնասիրող այդ մարդիկ բարձր աշխատավարձեր պետք է ստանան: Այդ մարդիկ պետական 150-200 հազար աշխատավարձով հավես էլ չեն ունենում նստեն նայեն փաստաթղթերը, բայց իրենք էլ են ճարտարապետական դպրոց անցել: Հարկերն էլ գոտիականությամբ վճարվեն, այսինքն՝ էս գոտիում 16 հարկ ես կառուցում, էսքան պիտի վճարես ու չլինի, որ ես հարկով վճարեմ, մյուսը՝ զանգով հարց լուծի: Էդ գումարներն էլ քաղաքի բյուջե մտնեն»:
Կառուցապատողներից մեկն էլ նկատեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում դուրս գնալ, այսօր նրանցից շատերը զանգահարում են կառուցապատողներին, աշխատանք են խնդրում. «Այս խնդրի արագ լուծման արդյունքում այդ մարդիկ էլ աշխատանք կունենան Հայաստանում»:
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես վստահեցրեցին կազմակերպիչները, ներկա չէր, մինչդեռ նրան ուղղված շատ հարցեր կային:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ