Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մեկնարկում է «Հավաստի» (‘Verified’) նախաձեռնությունը, որի նպատակն է` պայքարել ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ աճող ապատեղեկատվության դեմ՝ մեծացնելով վստահելի և ճշգրիտ տեղեկատվության ծավալը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրտուալ տարածքը հեղեղվի ոչ ճշմարտացի, վախ և ատելություն պարունակող տեղեկատվությամբ», – նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարելիս: «Ապատեղեկատվությունը տարածվում է առցանց, հաղորդագրական հավելվածներով և անմիջական շփման ժամանակ: Ապատեղեկատվությունը տարածողները կիրառում են դրանք ստեղծելու և տարածելու հմուտ մեթոդներ: Դրան հակազդելու համար` գիտնականներն ու ՄԱԿ-ի նման հաստատությունները պետք է մարդկանց հասցնեն ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն»:
«Հավաստի» նախաձեռնությունը, որը գլխավորում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցությունների բաժինը, տեղեկատվություն կտրամադրի երեք հիմնական թեմաների շուրջ՝
- գիտություն` կյանքեր փրկելու համար
- համերաշխություն՝ տեղական և համաշխարհային համագործակցությունը խթանելու համար
- լուծումներ՝ համավարակից տուժած բնակչությանը աջակցելու համար
Նախաձեռնությունը խթանելու է նաև վերականգնմանն ուղղված այն փաթեթները, որոնց նպատակն է՝ վերացնել կլիմայական ճգնաժամի և աղքատության, անհավասարության ու սովի խորքային պատճառները:
Կարդացեք նաև
Նախաձեռնությունը կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց դառնալ «տեղեկատվության կամավորներ»՝ տարածելու վստահելի նյութեր՝ իրենց ընտանիքներն ու համայնքները անվտանգ պահելու համար: Կամավորները, որպես թվային հարթակների առաջնային աձագանքողներ, կստանան հավաստի տեղեկատվություն՝ օպտիմիզացված սոցիալական հարթակներով տարածելու համար։ Դրանք կպարունակեն պարզ, համոզիչ հաղորդագրություններ, որոնք ուղղակիորեն կպայքարեն ապատեղեկատվության դեմ կամ կլրացնեն տեղեկատվական բացը:
ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների բաժինը համագործակցելու է ՄԱԿ-ի գործակալությունների, ՄԱԿ-ի գրասենյակների, հեղինակավոր անձանց, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և մեդիա ոլորտում գործող կազմակերպությունների հետ՝ վստահելի, ճշգրիտ տեղեկատվություն տարածելու համար, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի հետ՝ ատելություն և վնասակար բովանդակություն պարունակող տեղեկատվությունն արմատախիլ անելու համար:
«Շատ երկրներում թվային ալիքներով շրջանառվող ապատեղեկատվությունը խոչընդոտում է հանրային առողջությանն ուղղված արձագանքը և անհանգստություն սերմանում: Ջանքեր են գործադրվում օգտագործելու ճգնաժամը՝ նատիվիզմ քարոզելու կամ փոքրամասնություններին թիրախավորելու համար։ Այս իրավիճակը վատթարանում է, երբ հասարակություններում աճում է լարվածությունը և զգացնել են տալիս ճգնաժամի տնտեսական և սոցիալական հետևանքները», – նշել է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը (Melissa Fleming), – ««Հավաստի» նախաձեռնությունը պայքարելու է նաև այս միտման դեմ՝ տարածելով հուսադրող տեղեկատվություն, որը ողջունում է տեղական մարդասիրական գործունեությունը, փախստականների և միգրանտների կողմից արվող ներդրումը և հիմք է հանդիսանում գլոբալ համագործակցության համար»:
Նախաձեռնությունը իրականացվել է աշխարհի առաջատար, սոցիալական մոբիլիզացման ոլորտում հայտնի կազմակերպություններից մեկի՝ «Purpose»-ի հետ համագործակցությամբ: Այն նաև աջակցում են IKEA հիմնադրամն ու «Luminate»-ը:
IKEA հիմնադրամի ծրագրերի գլխավոր ղեկավար Պատրիսիա Ատկինսոնը (Patricia Atkinson) նշել է. «ՔՈՎԻԴ-19 ճգնաժամը աննախադեպ համաշխարհային առողջապահական ճգնաժամ է: IKEA հիմնադրամը հպարտությամբ աջակցում է «Հավաստի» նախաձեռնությանը, որի նպատակն է համոզվել, որ յուրաքանչյուրին հասանելի են վստահելի տեղեկատվություն և խորհուրդներ՝ անհրաժեշտ իրենց ընտանիքներին ու սիրելիներին անվտանգ պահելու համար»:
«Luminate»-ի տնօրեն Նիշանտ Լալվանին (Nishant Lalwani) իր հերթին ավելացրել է. «ՔՈՎԻԴ-19-ը ընդգծում է, որ ճշգրիտ, վստահելի տեղեկատվության հասանելիությունը կարող է կարևոր լինել վախի և դիմացկունության, պառակտման և միասնության և նույնիսկ՝ կյանքի ու մահվան ընտրության գործում։ Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք «Հավաստի» նախաձեռնությանը և կորոնավիրուսային վարակի «ինֆոդեմիայի» դեմ ուղղված վերջինիս աշխատանքին՝ տարածելով վստահելի, գիտահեն տեղեկատվություն՝ աշխարհում մարդկանց և համայնքներին պաշտպանելու համար»:
ՄԱԿի հայաստանյան գրասենյակ