Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեկտորները աջակցում են նախարարությանը, չեմպիոնները՝ փոխնախարարին

Մայիս 22,2020 16:06

Aravot.am-ը տեղեկություններ ուներ, որ պետական բուհերի մի քանի ռեկտորներ հայտարարության տեքստ են պատրասել, որով, ըստ էության, աջակցություն են հայտնում ԿԳՄՍ նախարարությանն ու նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ ռեկտորներից մի քանիսը: Այնուհետեւ մեր ձեռքի տակ հայտնվեց նրանց հայտարարության տեքստը, որտեղ մասնավորապես ասվում է, որ երկրի համար այս դժվարին իրավիճակում առանձնակի կարևոր է կրթական, այդ թվում` բուհական համակարգի կայունությունը և բնականոն աշխատանքը:

«Մեր երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերը, կարելի է ասել, «մեկ գիշերվա» ընթացքում անցում կատարեցին ուսումնական գործընթացի առցանց կազմակերպմանը և այն մինչ օրս ոչ մի պահ չի խաթարվել։ Հարկ ենք համարում նշել, որ այս ժամանակաշրջանում բուհերն ունեցել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի և նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ու այլ աշխատակիցների անվերապահ աջակցությունը, որոնք անմիջապես արձագանքել են բոլոր առաջացած խնդիրներին, բարձրացված հարցադրումներին և տվել այնպիսի լուծումներ, որոնք բխել են բացառապես համակարգի և ուսանողների շահերից։Կոչ ենք անում զերծ մնալ բոլոր շահարկումներից, որոնք խաթարում են համակարգի գործունեությունը և մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը»,-ասված է ռեկտորների հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի,Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, ինչպես նաեւ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը, Գավառի եւ Գորիսի պետական համալսարաններ ռեկտորները:

Հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանի հարցը լսելու առաջարկ էր արվել Ազգային Ժողովում, եւ հաստատվել էին տեղեկությունները, որ նրա եւ ԲՈԿ-ի՝ հրաժարական տված նախագահ Սմբատ Գոգյանի միջեւ «զրույց» է տեղի ունեցել: Նաեւ պարոն Թամրազյանը հաստատել էր, որ ԱԱԾ զրույցի է կանչվել:

Մեր ձեռքի տակ է նաեւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնների աջակցության տեքստը, որտեղ մարզիկները կոչ են արել դադարեցնել Թամրազյանի դեմ արշավը: Այս հայտարարությանն էլ, ի թիվս այլոց, միացել են ըմբշամարտիկներ Արմեն Նազարյանը, Արթուր Ալեքսանյանը, Վաղինակ Գալուստյանը, Կարեն Մնացականյանը,Կարապետ Չալյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, բազկամարտիկներ Վլադիմիր Մնացականյանը, Վազգեն Սողոյանը եւ այլք:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031