Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը բաց է ցանկացած կառուցողական երկխոսության և քննարկման համար. հայտարարություն

Մայիս 22,2020 16:19

Վերջին շրջանում դատական բարեփոխումների կապակցությամբ հանրային քննարկումների շրջանակում առանձին գործիչների կողմից քննադատության խոսքեր են հնչեցվում դատական իշխանության` ընդհանրապես և Բարձրագույն դատական խորհրդի հասցեին մասնավորապես, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել հետևյալը.

• Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է բացառապես գործող Սահմանադրության և օրենքների հիման վրա, ուստի Խորհրդի գործունեության վերաբերյալ հանրային սպասումները պետք է հիմնվեն այս պարզ ճշմարտության վրա:

• Կարևորելով տարբեր կարծիքների և քննադատական խոսքի առկայությունը ժողովրդավարական գործընթացներում՝ միաժամանակ գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե հիմնված ենթադրությունների, անորոշ և անհիմն ընդհանրական գնահատականների ու մեղադրանքների վրա:

• Բարձրագույն դատական խորհուրդն իր աշխատանքը կազմակերպել և շարունակում է կազմակերպել թափանցիկության սկզբունքով, բաց է ցանկացած քննարկման համար, որը կարող է նպաստել դատական իշխանության արդյունավետ գործունեությանը։

Միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դեռևս երկու շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդի կողմից հանդիպման հրավեր է ուղարկվել դատական իշխանության վերաբերյալ վերջին շրջանում առավել քննադատական ելույթների հեղինակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, սակայն նրա կողմից այդպես էլ արձագանք չենք ստացել: Այնուամենայնիվ, կարևորելով շահագրգիռ կողմերի հետ հանդիպումները, որպես դատական իշխանության բարեփոխման կարևորագույն գրավական, Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ բաց է ցանկացած կառուցողական երկխոսության և քննարկման համար։

• Չցանկանալով մեկ առ մեկ պատասխանել Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ հնչող քաղաքական, ընդ որում շատ դեպքերում սուբյեկտիվ գնահատականներին, հանրությանը կրկին ու կրկին հավաստիացնում ենք, որ Խորհուրդը գործում է և գործելու է բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, զերծ է մնալու քաղաքական գործընթացներին ներքաշվելուց և շարունակելու է իրականացնել իր վրա դրված բարձր և միևնույն ժամանակ խիստ պատասխանատու առաքելությունը։

Բարձրագույն դատական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031