«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք պետությունն ունի մեխանիզմներ վերահսկելու, որ քաղաքացիները դիմակը ոչ թե շաբաթներով կրեն, այլ սահմանված եղանակով:
Նա նաեւ հարցրեց՝ ռիսկերը որքան են դիմակները ոչ սահմանված կարգով կրելու պարագայում:
Իոաննիսյանի՝ նախարարին ուղղած հարցերից մեկն էլ այն էր, թե երբ վատագույն սցենարը տեղի ունենա՝ ինչպես են վարվելու, ո՞ւմ են ընտրելու բուժման համար:
Առողջապահության նախարարը Իոաննիսյանի հարցերին պատասխանեց Հանրային խորհրդի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ:
Թորոսյանի խոսքով, չէր ուզի այդպես բնորոշել, բայց հնարավոր է գնան «խորը սորտավորման»: Ըստ նրա. «Նույնիսկ այս թվերի պահպանման ժամանակ, հնարավոր է , որ մոտ օրերս մենք դրան գնանք, բայց ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք: Նոր մահճակալներ ենք ծավալում եւ այլն»: Ըստ նախարարի, բոլոր հիվանդները, որոնք պառկած են հիվանդանոցներում, ստանում են բուժօգնություն, որպեսզի նրանց վիճակը չծանրանա: Բայց, եթե թիվը մնա այսպես եւ չունենանք աճ, չեմ կարծում, որ խորը սորտավորման կարիք ունենանք: Ինչ վերաբերում է դիմակներին, Թորոսյանն ասաց, որ դրանք պետք է պատշաճ կրել, ժամանակին փոխել, բայց պետությունը չի կարող ստուգողական գործառույթ կատարել՝ քաղաքացին քանի ժամ է կրել, թե արդյոք երեկվա դիմակով է. «Բայց դրա տոտալ կրումը, այդ թվում սխալ կրելու մասին է խոսքը, ապացուցված է, որ հիվանդացության եւ հիվանդության տարածման ընդհանուր իջեցում է ապահովում: Ավստրիայում է նման փորձ արվել կամ «իսպանկայի» դեպքում, երբ այսպիսի բժշկական դիմակներ չէին եւ կտորից էին կրում: Դա նաեւ վարքագիծ է դրսեւորում՝ ձեռքերով բերանին, քթին չդիպչելու»:
Կարդացեք նաև
Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը հետաքրքրվեց՝ պետությունը վերահսկո՞ւմ է դիմակների գները: Ըստ նրա, օրինակ՝ Երեւանում դիմակը 250 դրամ է, Իջեւանում՝ 150 դրամ: Նախարարը պատասխանեց, որ սա տնտեսական մրցակցության հարց է. «Բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես, դիմակների ինքնարժեքը շատ բարձր է, այդ թվում դրսից ներկրված, ինչպես նաեւ Հայաստանում արտադրված: Մենք որ գնում ենք մեծածախ, գնում ենք, մոտ 145-ից 150 դրամով եւ դա տնտեսապես հիմնավորված է: Ուրիշ հարց, որ մի տնտեսվարող ուզենա մի դիմակի մեջ աշխատի 50 դրամ, մեկ ուրիշը՝ 100: Բայց ես կարծում եմ, որ մրցակցությունն այս հարցը կլուծի»:
Նախարարի խոսքով, ՏՄՊՊՀ-ն դրանով զբաղվել է եւ հիմա էլ է զբաղվում, բայց հարցը կրկին նրանց հետ կքննարկի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ