Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մարզադպրոցները սկսել են աշխատել, սակայն կոնկրետ լուծում պահանջող խնդիրներ կան

Մայիս 22,2020 15:39

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածման հետեւանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը մասնակցեցին ազգային հավաքականների մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու ՄՊՄԴ-ների ղեկավարներ:

Մարզադպրոցների ղեկավարները նշեցին, որ պարետատան կողմից սահմանափակումների մեղմացման կամ վերացման արդյունքում մարզական կյանքը, թեեւ դանդաղ, ակտիվանում է: Սակայն կան որոշակի խնդիրներ, որոնք լուծելու համար պետության աջակցությունն է հարկավոր: Դա վերաբերում է հատկապես մեծ տարածք ունեցող մարզադպրոցներին, ինչպիսին է, օրինակ, Շենգավիթի համալիր մարզադպրոցը: Տնօրեն Դավիթ Ֆահրադյանն ասաց, որ սեփական ուժերով ամեն օր առավոտյան ժամը 9;00-ից մարզադպրոցի ամբողջ տարածքն ախտահանվում է; «Միայն 3,5 հազար քմ մարզումային տարածք ունենք: Ձեռք ենք բերել հեռահար ջերմաչափ, մարզադպրոցի բժիշկը բոլորին պարտադիր ջերմաչափում է, ամենուր ախտահանիչներ ենք տեղադրել, մեր մոտ մարզվելու եկող հավաքականների անդամներին տալիս ենք ձեռնոց, դիմակ: Սակայն այս ամենը բավականին թանկ է՝ ամսական մոտ 12-150 հազար դրամ, եւ մենք, որքան էլ մեծ է ցանկությունը, դժվար թե կարողանանք այդ ամենը մեր միջոցներով մշտապես ապահովել»:

Դավիթ Ֆահրադյանը նաեւ ցանկացավ իրավական խորհրդատվություն ստանալ՝ կապված ռիսկային տարիքում գտնվող իրենց աշխատակիցների հետ: «Օրինակ, մենք երեք պահակ ունենք, որոնք ռիսկային խմբի տարիքում են: Երկուսը չեն գալիս աշխատանքի: Լրացուցիչ մարդկանց ենք ընդունել: Բայց պարզ չէ, թե այդ դեպքում աշխատավարձի վճարման ինչ օրենքով պետք է առաջնորդվենք»,-ասաց նա:

Մյուս մարզադպրոցների ներկայացուցիչները նույնպես պատրաստակամություն հայտնեցին անել իրենցից կախված ամեն ինչ ու նշեցին նաեւ խնդիրների մասին: Մասնավորապես, գեղարվեստական եւ սպորտային մարմնամարզիկ երեխաները մարզվում են տարբեր գործիքների վրա եւ դրանք ամեն անգամ հարկ է հաճախակի ախտահանել, ինչը դժվար է, երբեմն էլ թվում է անհնար:

Չնայած օրվա քննարկման բուն թեմային այնքան էլ ուղղակի չէին առնչվում, սակայն բարձրացվեցին նաեւ այլ հարցեր, ինչպես, օրինակ, թե կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում քանի՞ երեխայից պետք է կազմված լինեն խմբերը, որպեսզի եւ պահպանվեն առողջական անվտանգության կանոնները եւ ապահովվի պահանջվող որակ ու արդյունավետություն:

Իսկ մարզադպրոցների մեծ մասում, որտեղ մենապայքարային մարզաձեւերն են, գերադասում են չաշխատել, որովհետեւ վարակվելու վտանգը մեծ է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031