Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածեք ձեր ու հարազատների մասին». հոգեբույժի պնդմամբ՝ կորոնավիրուսը «համաշխարհային դավադրություն» չէ

Մայիս 22,2020 15:19

«Կուզենայի, որ քաղաքացիները հստակ տարբերակեն՝ կա կորոնավիրուս եւ կան մարդիկ՝ խմբեր, որոնք ուզում են օգտվել կորոնավիրուսի մասին մարդկանց պատկերացումներից եւ իրավիճակից»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով կորոնավիրուսի տարածման պայմաններում հոգեկան առողջության պահպանման խնդրին՝ ասաց «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանը:

«Շատերդ լսած կլինեք, թե սա համաշխարհային դավադրություն է, չգիտեմ ինչ է, սա են անում, նա են անում…իսկ գուցե համաշխարհային դավադրություն անողները ոչ թե նրանք են, որոնց անունները տրվում են, այլ նրանք, ովքեր իսկապես ուզո՞ւմ են, որ մարդիկ մահանան կորոնավիրուսից»,-հարցադրում արեց նա:

Սողոյանի խոսքով՝ նմանօրինակ սխալ տեղեկատվության տարածումն այն նպատակով է, որպեսզի ներշնչվող մարդիկ չպաշտպանվեն, խախտեն առողջապահական կանոնները, եւ վիրուսն ավելի շատ տարածվի. «Այդ ամենը չապացուցված եւ երեւակայական տեղեկատվություն է, որը տարածողները լավ նպատակով չեն դա անում: Ամեն քաղաքացու կոչ եմ անում մտածել իր մասին, անհատական պաշտպանության եւ հարազատների մասին: Մի լսեք որեւէ մեկին, ով ձեզ խորհուրդ է տալիս անհրաժեշտ նորմերը չպահպանել: Եթե ձեր հարազատներից որեւէ մեկի մոտ չի եղել խնդիր, ապա շատերի մոտ եղել է»:

Սողոյանը սեփական օրինակով փաստեց. «Ընկերս Մոսկվայում 53 տարեկանում մահացավ կորոնավիրուսից: Այսօր էլ ընկերներս ու հարազատներս վարակված են: Չի կարելի նման կեղծ տեղեկատվությամբ մարդկանց փորձել շեղել: Մի տրվեք ոչ ճիշտ տեղեկատվությանը»:

Ըստ Արմեն Սողոյանի՝ որպեսզի ցանկացած անձի հոգեկան առողջությունը նման իրավիճակներում լինի կայուն, տեղեկատվության առնվազն 35%-ը պետք է լինի դրական. «Բոլոր նրանք, ովքեր տեղեկատվություն տարածող են՝ ԶԼՄ-ներ, անհատներ, այս նորմը չպահպանելիս կամա-ակամա վնաս են հասցնում մարդկանց: Կան մարդկանց խմբեր, որոնք պատրաստ են ցանկացած խնդրի ժամանակ մտածել միայն իրենց շահերի մասին, բայց թող լրագրողների ձեռքով դա չարվի: Մարդն ունի այնպիսի հոգեվիճակը, ինչպիսին նրա ստացած տեղեկատվությունն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031