ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային ստորաբաժանումները շարունակում են վերահսկողական լայնածավալ աշխատանքները։
Մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե՛ խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե՛ փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։
Տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից մինչ օրս Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Երևանի և մարզերի շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը․ ներկայում կասեցումը 24 ժամով է։
Արձանագրվող հիմնական խախտումներից են աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելը, ախտահանման աշխատանքների թերի կատարումը, ջերմաչափման և գրանցամատյանների վարման ոչ պատշաճ իրականացումը և այլն։
Կարդացեք նաև
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքի համար հիմք են ընդունվում նաև «Թեժ գծով»՝ 8107 և առցանց ստացված բողոքները։
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին՝ խստագույնս հետևել Պարետի ցուցումներին: Պարետի սահմանած նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։
Չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հունվարի 24-ից շարունակում է աշխատել ուժեղացված վերահսկողական ռեժիմով։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին