Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Վրաստանից Հայաստան են գալիս վարորդներ ու թեստավորվում են՝ մեծ թվով դրական դեպքեր են արձանագրվում». Առողջապահության նախարար

Մայիս 22,2020 14:55

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ կազմակերպված առցանց հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ խորհրդի անդամները, հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված Վրաստանում եւ Հայաստանում կորոնավիրուսի թվերի տարբերությունը: Նրա խոսքով, Վրաստանում թվերի նվազում կա, Հայաստանում գնալով ավելանում է, եւ արդյոք Վրաստանին հաջողվե՞լ է կոտրել վարակի տարածման տեմպը կամ գուցե Վրաստանն այլ մեթոդաբանությա՞մբ է հաշվարկում:

Ի պատասխան, Թորոսյանն ասաց, որ չի ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի խիստ եւ ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս. «Իհարկե դա բերում է հետեւանքների, սկսած՝ իրական ապրանքների գնաճից, վերջացրած իրենց արտարժույթի ինֆլյացիայով, բայց նաեւ, իհարկե, կա մեթոդաբանության տարբերություն: Նախ՝ Վրաստանի առողջապահական համակարգը եւ հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմաստով: Այսինքն՝ մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարեւան Վրաստանինը: Դա չեմ ասում հպարտանալու համար, պարզապես, մասնագիտական մակարդակի փաստ եմ արձանագրում եւ ոչ քաղաքական: Եվ հուսով եմ մեր հարեւանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել եւ մենք բոլորս պաշտպանված կլինենք: Նույնը վերաբերում է Իրանին, Ռուսաստանի Դաշնությանը»:

Նախարարի խոսքով, կա նաեւ մեթոդաբանության տարբերություն՝ թեստավորման եւ նաեւ այն թեստերի, որոնք նրանք հաշվարկում են որպես թեստ. «Ես հարյուր տոկոսանոց տեղեկատվություն չունեմ, բայց հնարավոր է, որ Վրաստանի արած 40 հազար թեստերը դրանք PCR թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի եւ վստահելի չեն: Երկրորդ՝ դրանք այն քաղաքացիներն են, որոնք թեստավորվում են ըստ ցուցումների, օրինակ՝ արդյոք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթեւ, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվել են: Թե ասել են՝ հարգելի քաղաքացի, դու ունես թեթեւ հարբուխ, մնա տանը եւ լավացիր: Ես այդ հարցի պատասխանն, անկեղծ ասած, չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ: Դա մեր խնդիրը չէ»:

Նախարարի խոսքով, նույնը վերաբերում է մահվան դեպքերին՝ արդյոք թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ կորոնավիրուսային վարակ կա, համարվո՞ւմ է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե՞ չի համարվում. «Մեզ մոտ համարվում է միանշանակ: Մեզ մոտ կորոնավիրուսից մահացած քաղաքացուն գրանցում ենք որպես կորոնավիրուսից մահացած քաղաքացիների»:

Թորոսյանը մտածելու եւ վերլուծելու համար մի տեղեկություն էլ հրապարակեց՝ նշելով, որ, երբ Վրաստանից Հայաստան են գալիս վարորդներ ու թեստավորվում են, մեծ թվով դրական դեպքեր են արձանագրվում. «Հիմա կարելի է համարել, որ Վրաստանում օրական մեկ կամ երկու դրական դեպք է լինում կամ վեց, եւ, կարելի է համարել, որ ոչ բոլոր դեպքերն է, որ հաստատվում են եւ դառնում են վիճակագրության մաս: Ես այդ հարցի պատասխանը վերջնական չգիտեմ»:

Նախարարի խոսքով, եթե, ընդունենք, նույնիսկ, որ Վրաստանում դեպքերը քիչ են, եւ նրանք բացելու են սահմանները եւ պատրաստվում են տուրիստներ ընդունել, արդյոք լավ արդյունքները այդպես հարատեւ պահպանվելո՞ւ են, թե՞ չեն պահպանվելու. «Պատասխանը, կարծում եմ ակնհայտ է եւ ակնհայտ է բոլոր երկրների դեպքում: Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ ուրիշ տարբերակ չկա»:

Թորոսյանի խոսքով, անորոշությունները շատ են բոլոր երկրների մոտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031