Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության ներկայացրած տվյալները:
Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 723-ի, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 495-ի: Վիրուսի հետևանքով Վրաստանում գրանցվել է մահվան 12 դեպք: Կարանտինային գոտիներում գտնվում է 3614 մարդ, ևս 316-ը՝ բժիշկների հսկողության տակ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մայիսի 22-ին միջկառավարական համակարգող խորհրդի նիստում տեղեկացրել է, որ այսօրվանից երկրում չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը: Միևնույն ժամանակ վարչապետը շեշտել է՝ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ որոշակի սահմանափակումներ անհրաժեշտ են: «Բոլորը պետք է հասկանան, որ եթե Վրաստանն այսօր հաջողել է կորոնավիրուսի դեմ, վիրուսի տարածման դեմ պայքարում, ապա պատճառն այն է, որ կանխարգելող քայլերը ժամանակին ենք ընդունել: Նախևառաջ` վերահսկել ենք սահմանները: Մենք կարողացանք կանխել երկրում վիրուսի տարածումը»,-շեշտել է նա:
Գախարիայի խոսքով՝ Վրաստանը միևնույն ժամանակ պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին, քանի որ համավարակը դեռ չի հաղթահարվել: «Պետք է համակերպվենք, որ ցավոք սրտի, ստիպված ենք ապրել այդ վիրուսի հետ անորոշ ժամանակով՝ մի քանի ամիս կամ մի քանի տարի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ