Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի միսը, կարագը, սառեցված անասունի միսը, ձեթը, մարգարինը կէժանանան. ԵՏՄ-ում մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարաձգվում է

Մայիս 22,2020 14:36

Այսօր էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց ԵՏՄ-ի հետ կապված «2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

Փոխնախարարն ասաց, որ ՀՀ-ն, ստանձնելով որոշակի պարտավորություններ, սպառողական զամբյուղի եւ արտադրական նշանակություն ունեցող որոշ ապրանքատեսակների մասով ԵՏՄ մեկ միասնական մաքսատուրքերին միանալով՝ կարող էր այս տարի ունենալ թանկացումներ: ՀՀ-ն ձեռք էր բերել պարտավորություն 5 տարի ժամկետով արտոնյալ մաքսատուրքեր ունենալ՝ ներմուծման ընթացակարգերով՝ ՀՀ-ում սպառելու նպատակով: Այդ արտոնություններն ավարտվում էին 2020-ի հունվարի 1-ին ու ահագին ապրանքներ կարող էին թանկանալ 0.5-0.6 տոկոսով: Ինչու այդքան քիչ, որովհետեւ մոտ 930 ապրանքատեսակների մասով արտոնություններն ավարտվում էին, բայց մենք ունենք այլընտրանքային շուկաներ, դրանք այն երկրներն էին, որոնցից իրականացվում էր համանման ապրանքների ներմուծում ու այդ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրեր ունեինք:

Վարոս Սիմոնյանն ասաց. «Այն ապրանքատեսակները, որոնք արդեն իսկ ներմուծվում էին ԵՏՄ տարածքից, արտոնյալ ժամանակահատվածը թույլ էր տվել ՀՀ-ին ու տնտեսվարողներին ձևավորել այնպիսի արդյունաբերություն, որ ապահովեն ներքին սպառումը: Այս 5 տարի ժամանակահատվածն ու մաքսատուրքերի ավելացումը ոչ մեծ ազդեցություն էին ունենում գների թանկացման վրա: Այնուամենայնիվ, իրականացված աշխատանքների արդյունքում 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ Բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների՝ առաջին դեմքերի կողմից որոշվեց, որ ՀՀ-ի արտոնությունները եւս մեկ տարով երկարացվեն: Համանման որոշում կայացվեց նաեւ Ղրղզստանի համար»:

Սիմոնյանն ընդգծեց, որ արտոնությունների երկարաձգումը չի տարածվելու տրանսպորտային միջոցների վրա, իսկ դրանք մոտ 900 ապրանքատեսակների մեջ 293-ն էին, այսինքն, ընդհանուր առմամբ մոտ 647 ապրանքները եւս մեկ տարի ավելի ցածր մաքսային սակագներ են ունենալու: Խոսքը հետեւյալ ապրանքատեսակների մասին է՝ ընտանի թռչնի միս, կարագ, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միս, արեւածաղկի ձեթ, մարգարին եւ այլն: Այսինքն, սպառողական զամբյուղի ապրանքները, որոնք ունեն սոցիալական նշանակություն:

Այս արտոնությունը մեկ տարով երկարացնելու պայմաններում, ըստ հաշվարկների, որոշ պարենային եւ արդյունաբերական նշանակության ապրանքների գները միջինում կնվազեն մոտ 3 տոկոսով եւ ՀՀ տնտեսվարողներն առնվազն կտնտեսեն մոտ 30 մլն դոլար: Սա այն գումարն է, որը ստիպված պետք է լինեին վճարել՝ որպես մաքսատուրք: ՀՀ բյուջե այս 30 մլն-ից ընդամենը 1.22 տոկոսն էր գալու:

Սիմոնյանը նաեւ ասաց, որ անցած տարվա նկատմամբ հավի մսի արտադրությունը 11 տոկոսով աճել է, բրինձ չենք արտադրում, բայց Վիետնամի հետ Ազատ առեւտրի համաձայնագիր ունենք ու երկարահատիկ բրնձի քվոտա:

Կորոնավիրուսի այս պայմանները ստիպել են որոշ վերլուծություններ անել ու պարզել են, որ ԵՏՄ-ն ինքնաբավ միություն է, երկրները կարող են իրար հետ համագործակցել, մեկից թռչնի միս ներմուծել, մեկից՝ գյուղմթերք ու պարենի դեֆիցիտ չունենալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031