Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտակի ավելացել են ապօրինի քրեական գործերը. Ասյա Օվանյան

Մայիս 22,2020 14:20

Հայաստանում ռեպրեսիվ մեքենան անխափան գործում է։ Շատերի համար այն տեսանելի չէ, շատերը չեն էլ ուզում տեսնել՝ մեզ հետ կապ չունի մոտեցմամբ։ Երկրի իրավապահ համակարգը գործում է իջեցված պլանի տրամաբանությամբ՝ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Շեշտակի ավելացել են ապօրինի քրեական գործերը:

Ինչպես ենթադրում է ռեպրեսիվ մեխանիզմը, սկզբում ընտրվում է անձը, ում նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործը, այնուհետև գործի է դրվում մեքենան։ Խոսքը վերաբերում է հիմնականում, այսպես կոչված, քաղաքական, կոռուպցիոն գործերին, ինչպես նաև նախկիններին։ Մեր տեղեկություններով քրեական գործեր հարուցվում և քննվում են ոչ թե հանցագործության փաստով, այլ ենթադրությունների հիման վրա։ Ամեն ինչ կատարվում է վերևից իջեցված պլանի շրջանակներում։ Այդպիսի գործերը սովորաբար զուրկ են փաստերից, կառուցված են միայն ենթադրությունների վրա։ Որպես կանոն քրեական գործը հարուցվում է մի քանի  իբր «օպերատիվ տվյալների» հիման վրա։ Հոդվածները, որոնցով սովորաբար հարուցվում են քրեական գործերը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է, ապօրինի հարստացումը և փողերի լվացումը։ Այս գործերը հիմնականում հարուցվում են ֆորմալ կողմը պահպանելու համար և ուղեկցվում են գույքի վրա կալանք դնելու որոշումներով։ Ընդ որում` դա արվում է գաղտնի՝ առանց ծանուցման, օրենքի պահանջների խախտումներով։ Շատերը լրատվամիջոցներից են տեղեկանում, որ իրենց հանդեպ հարուցված է քրեական գործ և ընտրված են խափանման միջոցներ։ Հետո քայլեր են արվում ենթադրությունները հիմնավորելու համար։ Կառուցվում է սեփական վարկած, փնտրվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որևէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հարցաքննության են կանչվում մարդիկ, ումից փորձում են կորզել տեղեկություններ, որոնք այս կամ այն կերպ կհաստատեն իրենց ենթադրությունները կամ վարկածը։ Այդպիսի գործողությունների դեմ բերվող բողոքները, որպես կանոն, մերժվում են։

Տպավորություն է, որ գործում է մեկ մարդու  հավանությանը արժանանալու ձգտող անխափան համակարգ, որը գործում է հետևյալ սխեմայով՝ օպերատիվ ծառայություններ, տեղեկության տրամադրում, քննություն, քրեական գործի հարուցում, գույքի կալանք, քննության հանդեպ ֆորմալ վերահսկողություն՝ դատավարական գործողություններին «օրինականության» ձև տալու համար,  դատարան՝ դատական որոշմամբ քննության և դատախազության ոչ իրավաչափ գործողությունների լեգալացում։

Այստեղ արդեն առանցքային դեր ունի դատական համակարգը։ Դատարանը վերջին հաշվով այն օղակն է, որտեղ կարող է կտրվել հմտորեն կառուցված քրեական գործի շղթան, եթե այն չի համապատասխանում իրավունքի և օրենքի նորմերի պահանջներին։ Այս տրամաբանության մեջ տեղավորվում է վարչապետի որոշումը՝ ոչ թե առողջացնել, փոփոխել դատական համակարգը, այլ շարժվել դատական համակարգում սեփական թիմը ունենալու ճանապարհով՝ երկրում իրավական ռեպրեսիաների անցկացման համար երաշխիքներ ստեղծելու համար։ Մամուլում շրջանառվող վարկածներով արդեն իսկ ձևավորվել է իշխանություններին անձայն ծառայող դատավորների խումբ, որոնք իրենց որոշումներով իրավական հիմք են ստեղծում ենթադրությունների վրա հիմնված ապօրինի քրեական գործերի համար։ Կգտնվեն նաև նորերը, ովքեր կհամալրեն այդ խումբը։ Մեքենան պետք է շարունակի անխափան գործել։

Գործընթացն ամբողջությամբ ուղեկցվում է անմեղության կանխավարկածի անտեսմամբ, լայվային և սոցցանցային արդարադատությամբ, և մեկ հրահանգով սկսվում է մարդու հանրային վարկաբեկման արշավը, որը զուգորդվում է մարդկային արժեքների առավել ստոր ոտնահարման դրսևորումներով։

Այսպիսի մեքենայի գործունեության ողջ պատասխանատվությունը կրելու են հենց մեխանիզմը գործի դնողները, այն ստեղծող իշխանությունները, և ցավոք, պետությունը, ում անունից այսօր հանդես են գալիս և գործում են դատարաններն ու իրավապահ համակարգը։ Որոշ ժամանակ անց, ողջ մեխանիզմը բացահայտվելու է, շղթայի բոլոր օղակները պարզվելու են. դա անկասկած։ Սակայն, շատ կարևոր է ՝ հիմա ընթացիկ փուլում, բոլոր անօրինականությունների մոնիտորինգը, արձանագրումը. կոնկրետ դեպքերով, կոնկրետ անուններով։ Սա կարևոր է և՛ զսպման համար, երբ ամեն ոք անօրինակություն անելիս, կիմանա, որ դա արձանագրվում է, և՛ նաև հետագայում համակարգի լուրջ բարեփոխումների համար։

Ասյա ՕՎԱՆՅԱՆ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031