Շիրակի մարզպետարանի տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն, այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 99 հիվանդ է բուժվում, որոնցից 40-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Պաշտոնական տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում ու մինչև օրս արձանագրվել է մահվան 7 դեպք։
Երկու օրվա ընթացքում Շիրակի մարզում վարակվածների թիվն ավելացել է 7-ով, ավելացվել է նաև Հայաստանի այլ բնակավայրերից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված բուժառուների թիվը։
Հիշեցնենք՝ մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ էր բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ էին։
Նշենք, որ մահվան երկու դեպքերն արձանագրվել են այս շաբաթվա ընթացքում՝ վերջին 3 օրերին: Նրանից մեկը 74-ամյա կին է, որը Շիրակի մարզի բնակիչ չէ, նա հյուրընկալվել էր Շիրակի մարզում ու հենց այստեղ հիվանդացել։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից նրան տեղափոխել էին մայրաքաղաք, որտեղ և մահացել էր։
Կարդացեք նաև
Մահացածներից մյուսը՝ 65-ամյա տղամարդը, նույնպես բուժվում էր մայրաքաղաքում: Նա, մեր տեղեկություններով, Գյումրու ավագանու անդամներից մեկի հայրն է։ Մահացածներից երկուսին էլ հուղարկավորելու են այսօր։
Հիշեցնենք նաև, որ մահվան դեպքերի մեծ մասն արձանագրվել էր Անի խոշորացված համայնքում: Մահացածներից չորսը Մարալիկի, մեկը՝ Ձորակապի բնակիչ էր։ Մահացողներից բոլորը տղամարդիկ էին։
Մահացել էր ևս մեկ կին, գյումրեցի 64-ամյա բուժքույր, որի վարակման աղբյուրը եղել էր Գյումրու օջախներից մեկը՝ դեղատներից մեկի ցանցի աշխատակիցների մոտ տարածված վարակը։
Մարզպետարանի այսօրվա տեղեկատվության համաձայն, մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-ից 21-ը, ներառյալ` Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ