Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարել էր, որ համալսարանի վարչական շենքի նկուղային հարկում տարիներ շարունակ շոգեբաղնիք է գործել, եւ դա որակել էր «շոկային ինֆորմացիա»:
Aravot.am-ը համալսարանի նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել Ռուստամ Սահակյանի հայտարարությունը: «Չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ ես այդ տիպի անհեթեթ, բաները, կներեք, չեմ մեկնաբանում…»,-ասաց նախկին ռեկտորը:
Նորից հարցրինք՝ ի վերջո, համալսարանում կա՞, թե՞ չկա շոգեբաղնիք: «Իրեն հարցրեք, եթե ինքը երկրորդի, նոր ես կմեկնաբանեմ, թե մասնավորապես ինչ նպատակով էր շոգեբաղնիքը կառուցված»,-պատասխանեց Գուրգեն Խաչատրյանը:
Խնդրեցինք, այնուամենայնիվ, մի փոքր մանրամասնել: «Դա ընդամենը ֆիզկուլտուրայի բաժնի համար նախատեսված՝ սպորտսրահին կից կառուցված մարզական շոգեբաղնիք է… Իսկ մնացած հայտարարություններն ուղղակի խայտառակություն են, որը չեմ ուզում ասել, թե միայն ում բերանից կարող է հնչել»,- ասաց համալսարանի նախկին ռեկտորը:
Կարդացեք նաև
Գուրգեն Խաչատրյանից նաեւ տեղեկացանք, որ մարզական շոգեբաղնիքը կառուցվել է 2003-ին, իսկ ինքը պաշտոնավարել է 2006-ից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ