Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ԵՏՄ մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի մայիսի 29-ին ք. Նուր-Սուլթանում:
ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանը բացատրեց, որ խոսքը վերաբերում է ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից հաստատված ցանկերի ապրանքներին: Այդ ապրանքները ԵՏՄ անդամ երկրներ տեղափոխվելիս, եթե վերամշակման համար չեն, կարող են «էլեկտրոնային պլոմբերով»՝ կապարակնքմամբ տեղափոխվել՝ ճանապարհին ստուգման չենթարկվելով, որովհետեւ ազդանշանով էլեկտրոնային եղանակով արդեն վերահսկվում են, քանի դեռ այն չեն բացել:
Հայաստանն առաջարկել է, որ ԵՏՄ երկրները ուղեկցող փաստաթղթերի փոխճանաչման գնան, ԱԱՀ-ի վերադարձը 180 օրվա փոխարեն կտեւի մի քանի րոպե, ոչ ճշգրիտ տեղեկատվությունն ու ապօրինի գործունեությունը կբացառվի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ասաց, որ եթե դա լինի, Վերին Լարսի ծանրաբեռնվածության հարցն էլ կլուծվի, որովհետեւ այլեւս բեռները լրացուցիչ ստուգելու անհրաժեշտություն չի լինի: Փաշայանը հավելեց. «Մենք բոլոր հարթակներում ասում ենք՝ ցանկացած ռիսկային կառավարման համակարգի, ամեն ինչի պատրաստ ենք, միայն Վերին Լարսի անցակետում չկանգնեցնեն»:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց, թե այդ կապարակնքումն ի՞նչ ծախս կլինի, Փաշայանը պատասխանեց, որ հիմա քննարկում են՝ ամեն երկիր իրենն ունենա՞, թե՞ միասնական անեն, բայց ամեն մեկը մոտ 150 դոլար է: Հնարավոր է տնտեսվարողներն իրենք գնեն իրենց համար ու սեփականն ունենան: Ցանկացած դեպքում ամեն երկիր պետք է ունենա օպերատոր:
Հայաստանը Վրաստանի հետ նաեւ համաձայնության է եկել ու ստացել կանաչ ուղի՝ այս համակարգով բեռներ տեղափոխելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ