Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը. Նիկոլ Փաշինյան

Մայիս 22,2020 12:14

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:

«Պարոն Վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երդմնակալության արարողությանը Ձեր մասնակցության և այն խոսքերի, մտքերի համար, որոնք Դուք արտահայտեցիք: Դրանք երկրի առաջնորդի անկեղծ խոսքեր էին, այդ ամենը ես մտահոգության և խորհուրդների տիրույթում եմ դիտարկում և ուզում եմ այսօր ևս հայտարարել, որ պատրաստակամ եմ կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք այսօր ծառացած են հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի վրա: Շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ: Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու և պաշտոնամուտի առիթով: Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: և, իհարկե, շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի»,- իր հերթին նշել է վարչապետ Փաշինյանը:

«Միանշանակ համակարծիք եմ պարոն վարչապետ: Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ: Նորից շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետ»,- եզրափակել է Արցախի նորընտիր նախագահը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդիպումը շարունակել են Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ` Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031