Վանաձորի պետական համալսարանի վարչական շենքի նկուղային հարկում տարիներ շարունակ գործել է շոգեբաղնիք: Այս մասին համալսարանի հոգաբարձուների վերջին նիստում հայտարարել է համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը:
«Ես չգիտեմ՝ դուք տեղյակ եք, թե չէ, բայց ռեկտորատի վարչական շենքի նկուղային հարկում կա սաունա…բայց կարծես թե չզարմացաք, կա սաունա, ես բոլորիդ հրավիրում եմ, բանալիներն ինձ մոտ են, այդ սաունան աշխատող է, երեւի մի տարի է, ինչ չի գործում, բայց ինքը գործող սաունա է, իր լողավազանով եւ այլնով ու եւ այլնով… Բնական է, ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, սա ինձ համար ամենատհաճ դեպքն է, որ ես բարձրաձայնում եմ, որովհետեւ դա ինձ համար անընդունելի է»,- ասել էր ռեկտորը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ աշխատել են բուհում ու դժվար թե տեղյակ չլինեին: Ռեկտորը նաեւ հրավիրել էր աշխատակիցներին՝ անձամբ տեսնելու, բայց՝ ոչ օգտվելու:
ՀԺ-ի հետ զրույցում Ռուստամ Սահակյանը մեկ անգամ եւս հաստատեց՝ վարչական շենքի նկուղում տարիներ շարունակ եղել ու գործել է սաունա՝ իր բոլոր հարմարություններով: Այն, ըստ ռեկտորի, կառուցվել է շենքի կառուցման ժամանակ, սակայն թե ով կամ ովքեր են օգտվել սաունայից, դժվարացավ ասել:
Կարդացեք նաև
«Ես՝ որպես կազմակերպության ղեկավար, պետք է եւ պարտավոր էի ծանոթանալ նաեւ շենքային պայմաններին՝ տանիքից մինչեւ նկուղ: Ես չեմ փնտրել ինչ-որ բաներ: Երբ սկսեցի ծանոթանալ, ուսումնասիրել, թե որ նկուղում ինչ կա, մեկում տեսա՝ հատակն է փտած, մյուսում հրաձգարան կար, այս մասնաշենքի նկուղում էլ, որ ամենավերջինն այցելեցի, հայտնաբերեցի շոգեբաղնիքը: Փաստորեն մենք ունենք սպորտդահլիճի խնդիր, բայց ունենք սաունա… սա ինձ համար էլ էր շոկային ինֆորմացիա, ու ես պարտավոր էի իմ գործատուներին հայտնել, ոչ թե թաքցնել»,- ասաց Ռուստամ Սահակյանը՝ նշելով, որ թեպետ սաունան եղել է, սակայն կոնկրետ աշխատակից չի եղել հաստիքացուցակով: Թե ովքեր են օգտվել, ում է ծառայել եւ ինչ նպատակով, ռեկտորը ոչինչ չասաց՝ նշելով, որ որեւէ մեկը մինչ այս պահը իրեն որեւէ պարզաբանում չի ներկայացրել:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում