Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ասում է, որ եթե համադրենք դատաիրավական համակարգի շուրջ վերջին երկու տարում տեղի ունեցած դեպքերը, բավական հետաքրքիր պատկեր կստանանք: «Իրատեսի» հետ զրույցում պատգամավորը վերհիշեց դատական համակարգին առնչվող իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն ու գործողությունները:
-Անցած տարի մի քանի անգամ խոսվեց անցումային արդարադատության մասին, ապա վարչապետի հորդորով մարդիկ դատարանները շրջափակեցին, հետո խոսվում էր այն մասին, որ դատական համակարգի ներկայացուցիչների մեծամասնությունը պետք է շորերը հավաքի ու դուրս գա այդ համակարգից, որովհետև թաթախված է կոռուպցիոն գործերում կամ նախկինների շահերի պաշտպանն է,- ասաց պարոն Սիմոնյանը։- Բայց արդեն այս տարի իշխանությունը հայտարարեց, որ նրանց մեծամասնությունը լավն է, ու կարիք չկա դատական համակարգն ամբողջությամբ բարենորոգելու: Այս ամենն ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ իշխանությունն անցած տարի կա՛մ չգիտեր՝ ինչպես աշխատի դատական համակարգի հետ (այն դանդաղ աշխատող համակարգ է ու փոփոխությունները միայն քաղաքական հայտարարություններով չի կարելի պայմանավորել), կա՛մ անցած տարվա հայտարարություններն արվում էին, որ սարսափ ներշնչեն դատավորներին՝ այդ թվում կոռուպցիոն համակարգում թաթախված, որպեսզի նրանք էլ ավելի կամակատար դառնան և ծառայեն նոր իշխանություններին։
Փաստաբանական համայնքն ու դատարանների հետ շփված շատ իրավաբաններ գիտեն այն դատավորներին, որոնք կա՛մ մասնագիտական բավարար գիտելիքներ չունեն, կա՛մ իրականում թաթախված են կոռուպցիոն սկանդալներում, ինչի մասին գիտեն հատուկ մարմինները: Ու եթե հատուկ մարմինները համապատասխան քրեաիրավական հետևանքներ չեն առաջացնում այդ դատավորների նկատմամբ, ապա այստեղ կասկած է առաջանում, որ նրանք հիմա էլ երդում են տվել նոր իշխանություններին, ու նորից շարունակվելու է ոչ անկախ դատավորի ինստիտուտի ճանապարհը: Այսինքն՝ բոլոր քայլերը տանում են նրան, որ դատավորները զրկվում են հույսից, թե երբևէ անկախություն կունենան: Ու կարևոր չէ՝ լավ, թե վատ իշխանությանն են ենթարկվում: Եթե դատավորը ենթարկվեց այլ սուբյեկտի, քան Սահմանադրությունն է, ուրեմն նա դատավոր չէ:
-Իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե պետք է «ասֆալտին փռել պատերի տակ վնգստացող դատավորներին, մյուս կողմից՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի բերանով ասում է, թե «անբասիր դատավորները մեծամասնություն են»:
Կարդացեք նաև
-Երկակի հայտարարությունները, դատավորներին «ասֆալտին փռելը» կամ «վնգստացողներ» անվանելը պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքական գործիչները պետական գործիչ չեն, պետական մտածողություն չունեն: Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ կարող են անվանարկել ամբողջ պետական համակարգը կամ պետական ինստիտուտները, ոչնչացնել հարգանքը դատավորի ինստիտուտի նկատմամբ, հետո որոշեն՝ լավ դատավոր է: Բայց եթե նրա նկատմամբ հարգանքն արդեն իսկ ոչնչացված է, ինչքան էլ հետո ասես՝ այս կա այն դատավորը լավն է, միևնույն է, հարգանքը չի վերականգնվելու: Այս ամենի միակ լուծումն այն է, որ քաղաքական գործիչներն իրենց ելույթներում զուսպ լինեն, պետական մտածողություն դրսևորեն ու հասկանան, որ վաղը-մյուս օրը քաղաքական հայտարարությունը հետևանք է թողնելու` դառնալով մի համակարգի փլուզման պատճառ:
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում