Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանն ընդդեմ ՀՀ գիտության կոմիտեի

Մայիս 22,2020 14:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանի վարույթում է գտնվում պատմաբան Համլետ Գեւորգյանի հայցադիմումը:

Նա պահանջում է` պարտավորեցնել ՀՀ գիտության կոմիտեին՝ Համլետ Գեւորգյանի հայտի հիման վրա կայացրած հաշվարկի արդյունքը փոփոխել եւ վերջնական ընդհանուր միավոր ճանաչել 64,567 միավորը եւ Համլետ Գեւորգյանին ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2019 թվականի օգոստոսի 23-ի N 557-Ա/2 հրամանով նախատեսված հավելավճարի շահառու եւ կատարել բաց թողնված հավելավճարի վճարում:

Պատասխանողից հօգուտ Համլետ Գեւորգյանի բռնագանձել նաեւ հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարը: «Առավոտի» հետ զրույցում երեկ այդ մասին տեղեկացրեց պատմաբան Համլետ Գեւորգյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2019 թվականի օգոստոսի 23-ի N 557-Ա/2 հրամանի համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում եւ/կամ թեմաներով բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթի հրավերի 1.5 կետի համաձայն` մրցույթի շրջանակներում կատարվող աշխատանքները կազմակերպվում էին ՀՀ գիտության կոմիտեի կողմից:

Հայտերի ընտրությունն իրականացվելու էր ըստ Մեթոդաբանության հիման վրա ձեւավորված գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշի վարկանիշային տվյալների: Մրցույթի շրջանակներում գիտաշխատողների արդյունավետության ցուցանիշը որոշելու ընթացքում հիմք են հանդիսանալու 2009-2018 թվականներին հրապարակված մենագրությունները, կոլեկտիվ մենագրությունները, գիտամեթոդական ձեռնարկները,  նյութերի կամ հոդվածների ժողովածուները: Մրցույթի հրավերի հիման վրա Համլետ Գեւորգյանն անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին ներկայացրել է հայտ:

«Առավոտին» Համլետ Գեւորգյանը տեղեկացնում է, որ ներկայացրել էր «Էջեր Հայոց Ազատամարտի» մենագրությունը, «Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը»` մենագրությունը, «Սեդրակ Ջալալյան» գիրքը, «Ազատագրական պայքարի ռազմավարությունը եւ էջեր նրա հերոսապատումից» գիրքը, «Նիկոլ Դուման»` մենագրության վերահրատարակումը, «Յապոն (Հովհաննես Պարոնյանի). գործը եւ հուշերը»` մենագրությունը,  «Դրո»` մենագրության վերահրատարակումը, «ՀՀ կառավարության մարտավարությունը Սյունիքում եւ Արցախում»` աշխատությունը: Սակայն մեծ է լինում հայցվոր-պատմաբանի զարմանքը, երբ իմանում է, որ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2020թ. մարտի 6-ի N 299-Ա/2 հրամանով սահմանված հավելավճարի շահառուների ցուցակում բացակայում է իր անունը. «ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 25.03.2020թ. 01/9.2.1/7263-20 գրությամբ, ի թիվս այլնի, նշվել է, որ մենագրությունների, կոլեկտիվ մենագրությունների, նյութերի կամ հոդվածների ժողովածուների հրապարակումներ բաղադրիչի մասով, իմ կողմից ներկայացվել է 8 աշխատություններ, որոնցից 7-ին հատկացվել են մեթոդաբանությամբ նախատեսված համարժեք միավորներ, իսկ 1-ը (չնշելով՝ որ մեկը) ուսումնական ձեռնարկ է, որի համար միավոր նախատեսված չէ: Միաժամանակ նշվել է, որ իմ միավորների ընդհանուր հաշվարկը կազմել է 9.765 միավոր»: Հ. Գեւորգյանը մարտի 13-ին դիմում է ներկայացնում Կոմիտե, խնդրելով հայտնել՝ թե ինչ պատճառով է, որ  իր կողմից այդքան մեծաքանակ ծավալով գիտական աշխատությունների (մենագրությունների) ներկայացման պայմաններում, իր անունը չկա հավելավճարի շահառուների ցուցակում:

Հ. Գեւորգյանը հեռախոսազրուցի ժամանակ ասաց. «Քանի որ E2 բաղադրիչի գնահատականն ակնհայտ անհիմն է եւ մոտավորապես 10 անգամ ավելի պակաս, քան իրականում պետք է լինի, ապա իմ կողմից գրություն է ներկայացվել Կոմիտեին՝ խնդրելով հայտնել, թե ինչ հաշվարկի պայմաններում են E2 բաղադրիչի հաշվարկը ստացվել 6,415, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չեմ ստացել»: Ըստ հայցվորի, Կոմիտեն անհասկանալի ինչ-որ հաշվարկով, վերջնական գնահատական՝ E2-ի մասով ստացել է 6,415 գնահատական, այսինքն՝ մոտավորապես 10 անգամ ավելի քիչ, քան պետք է լինի իրականում, ուստի նշված գնահատականը ենթակա է փոփոխման եւ գնահատման՝ 61,217-ի: Հայցվորի ներկայացուցիչ-փաստաբանը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքին, որ նշված բոլոր աշխատությունները (մենագրությունները) հանդիսանում են գիտական աշխատություններ, ինչը հաստատվում է սույն հայցադիմումի 1.8 կետով նշված գիտական խորհուրդների կողմից` երաշխավորման միջոցով, հետեւաբար անհիմն է Կոմիտեի այն պնդումը, որ ներկայացված աշխատություններից մեկը, չնշելով, թե որ մեկը, հանդիսանում է ուսումնական ձեռնարկ:

Տվյալ դեպքում ողջամտորեն հարց է առաջանում, թե ինչ հանգամանքի հիման վրա է Կոմիտեն եկել այդպիսի եզրահանգման այն դեպքում, երբ նշված բոլոր աշխատությունների գիտական լինելն արդեն իսկ հաստատված է գիտական խորհուրդների կողմից: Հայցադիմումում Հ. Գեւորգյանը գրել էր. «Իսկ ինչ վերաբերում է իմ կողմից հավելավճարի շահառու լինելու հանգամանքին, ապա ցանկանում ենք նշել, որ Կոմիտեի որոշմամբ` «Հայագիտության եւ հումանիտար գիտություններ» բնագավառի «Պատմություն, հնագիտություն» մասնագիտության շեմային գնահատականը կազմել է 20 միավորը, իսկ իմ ընդհանուր գնահատականը կազմում է 64,567, այսինքն՝ անհամեմատ ավելի բարձր, քան շեմային գնահատականը, հետեւաբար, պատասխանողի կողմից հրավերով ստանձնած պարտավորության հիման վրա կոմիտեն ինձ պետք է հայտարարի հավելավճարի շահառու եւ կատարի մրցույթով ստանձնած իր պարտավորությունը: Այնուամենայնիվ, դատարանի ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ նշված մրցույթին մասնակցել եւ հավելավճարի շահառու են հայտարարվել Էդիկ Մինասյանը, Սուրեն Սարգսյանը եւ Արման Եղիազարյանը, որոնք իմ դիտարկմամբ՝ ներկայացրել են ավելի քիչ քանակի եւ ավելի փոքր ծավալի աշխատանքներ: Այսուհանդերձ, վերջիններիս ընդհանուր միավորների գումարը գերազանցել է նախատեսված շեմը: Հետեւաբար, անհասկանալի է այս խտրական եւ կողմնակալ վերաբերմունքը, որը հանգեցրել է իմ կողմից ցածր միավոր ստանալուն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031