Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս  երեխաներին պաշտպանել «արտակարգ» մուլտֆիլմերից

Մայիս 22,2020 12:30

Արտակարգ դրությունը փոխել է յուրաքանչյուրիս առօրյան, իսկ կյանքը ստացել նոր ձեւաչափ: Ձեւաչափը Հայաստանում իրար է խառնել երեխաներին եւ նրանց ծնողներին եւս: Բակ, խաղեր, շարունակական վազվզոց, որոնց կարծես փոխարինելու են եկել երեխաների անվերջանալի թվացող հիստերիաներն ու ճիչերը, թերեւս տան պայմաննեում որեւէ զբաղմունք գտնելու համար:

Այժմ ծնողները տարված են օնլայն աշխատանքով, իսկ երեխային այդ ժամերին լռեցնելու կարծես ամենաարագ ու «արդյունավետ» ձեւը մուլտի միացման օգնությանը դիմելն է, փաստում է 3 տարեկան Վարդանի մայրը. «Աշխատանքս սկսում է առավոտյան ժամը 10-ին եւ ավարտվում երեկոյան 7-ին, այս ընթացքում տանը մենակ ենք լինում ու  երեխան միշտ գալիս ու քաշքշում է համակարգիչը, իսկ միակ միջոցը մնում է մուլտ միացնելը»:

Սակայն սրա արդյունքում էլ երեխայի մայրը նկատում է, որ երեխան ավելի ագրեսիվ է դառնում, անկանոն շարժումներ անում: «Չգիտեմ, ինչ-որ անհասկանալի ձայներ է հանում, շարժումներ անում, ասում՝ իբր ինքը, օրինակ, Բուբայի (մուլտհերոս) նման է անելու էս ինչ բանը, ու դա անում է՝ վտանգավոր տեղեր բարձրանալով, դե ռենջերների մասին չխոսեմ, տանը ինչ սուր բան կա,  որպես թուր ա ծառայում, մի պահ չես կարող աչքդ կտրել»:

Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան, Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս Տիգրանուհի Աճեմյանը փաստեց, որ նմանատիպ վարքը մեծամասամբ կախված է երեխայի տարիքից. «Օրինակ՝ մինչեւ 3 տարեկան երեխաների ուշադրությունն այնպես է կառուցված, որ նրանք կդիտեն ցանկացած բան, որը ցուցադրվում է հեռուստացույցի, համակարգչի կամ հեռախոսի էկրանին. լինի դա մուլտֆիլմ, գովազդային հոլովակ, թե լրատվական հաղորդում: Այստեղ կարեւոր է, որ էկրանին ինչ-որ շարժական պատկեր է երեւում, որին էլ հետեւում են երեխաները»:

Հոգեբանի պնդմամբ, երեխայի այդպիսի վարքից խուսափելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է դիտում երեխան. «Անհրաժեշտ է զտել, թե ինչ մուլտֆիլմեր է դիտում երեխան, ինչպես նաեւ վերահսկել, թե որքան ժամանակ է անցկացնում նա էկրանի առջեւ: Մինչեւ 3 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում դիտել մուլտֆիլմեր օրական 15-20 րոպեից ավելի, իսկ 12-ամյա երեխային՝ ոչ ավելի, քան 1 ժամ»: Իսկ 5 տարեկան Էդմոնի մայրը կտրականապես  արգելել է մուլտֆիլմի դիտումը, իր քայլը մասնավորապես արդարացրեց այսպես. «Ինքս էլ գիտակցում եմ, որ ամբողջովին արգելելը սխալ է, սակայն, երբ երեխաս, օրինակ, դիտում է «Գնացք» մուլտֆիլմը, որտեղ ուրվականի ձայներ եւ կերպարանքներ են ընդունում խոսող գնացքները, ողջ գիշեր ունենում է անհանգիստ քուն, ու մշտական ուղեկցող երազներ, որոնք ավելի շատ սարսափ ֆիլմի է վերածվում, երբ երեխայի պատմածը փորձում ես որպես ծնող պատկերի վերածել»:

Ըստ հոգեբան Տիգրանուհի Աճեմյանի՝ մուլտի կտրականապես արգելումը սխալ է եւ առաջարկում է իր տարբերակը. «Մուլտֆիլմերի կտրուկ արգելումը դրանցից կախվածություն ունեցող երեխաների մոտ կարող է ագրեսիվ պատասխան ռեակցիա առաջացնել: Իսկ ահա ագրեսիայից խուսափելու համար անհրաժեշտ է զբաղեցնել երեխային համատեղ ինտելեկտուալ խաղերով, հասակակիցների հետ բակային խաղերով: Մուլտֆիլմը դիտելուց հետո անհրաժեշտ է քննարկել այն, հարցնել, թե ինչի՞ մասին էր մուլտֆիլմը, ի՞նչ անուններ ունեին հերոսները եւ ինչո՞ւ այս կամ այն կերպ վարվեցին: Այսպիսի քննարկումը կնպաստի երեխայի հիշողության, մտածողության եւ ուշադրության զարգացմանը»:

8 տարեկան Միլենայի մոտ պատկերը այլ է, ծնողը գոհ ու մի տեղ էլ երախտապարտ է մուլտֆիլմերին, որովհետեւ, երբ երեխան փոքր էր, ու նա տնից աշխատում էր, ընդհանրապես չէր կարողանում  զբաղվել երեխայի մտավոր զարգացմամբ. «Միացնում էի թե ռուսալեզու եւ թե անգլալեզու մուլտֆիլմեր, որոնք ավելի շատ ոչ թե մուլտֆիլմեր էին, այլ ուսուցանող հոլովակներ, ու էսպես երեխան դրանց միջոցով սովորեց անգլերեն եւ գույները, եւ  հաշվել մինչեւ 10-ը՝  դա արդեն 2.5 տարեկանում»: Եվ վերջում հոգեբանն առաջարկեց հետեւյալը. «Պետք է հրաժարվել առանց վերահսկողության հեռուստացույց դիտելու սովորույթից եւ ոչ թե ուղղակի հեռուստացույց դիտել, այլ դիտել կոնկրետ հաղորդաշար, ֆիլմ կամ մուլտֆիլմ եւ սահմանափակվել դրանով»:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031