Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բոլորովին չեմ ափսոսում, որ վերադարձել եմ Հայաստան». Մեսրոպ Շատախյան

Մայիս 22,2020 13:00

Յոթ տարի բացակայելով հայրենիքից, բժիշկն ընտանիքով տեղափոխվեց Հայաստան՝ իր հետ բերելով «հարսնացու Հյուսիսից»

Սրտի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Մեսրոպ Շատախյանը տարիներ առաջ սրտի արատ ունեցող հարյուրավոր նորածինների ու երիտասարդների կյանք է փրկել՝ խոզերի եւ կովերի սրտապարկից փականային համալիրներ պատրաստելով ու իմպլանտացնելով դրա կարիքն ունեցող մարդկանց: Իր այդ մարդասիրական ու կիրառական գիտական աշխատանքի համար 2006-ին նա արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի: Թե ի՛նչ արժեք ունի բժշկի համար այդ մրցանակը, ի՛նչն է փոխվել իր կյանքում՝ ասաց. «Շատ մեծ նշանակություն ունեն մրցանակները, նախագահի մրցանակը՝ առավել եւս: Ցանկացած տարիքում դա, անշուշտ, պատվավոր կոչում է, բայց երբ մրցանակը ստանում ես 34-35 տարեկանում, դա հսկայական խթան է հետագա գործունեության համար: Այն ոչ թե քեզ ավելի լավ բժիշկ է դարձնում, այլ գիտական խնդիրներ լուծելու վստահությունդ է մեծացնում։ Բժշկի համար գերագույն պատիվ է հենց միայն հիվանդին վիրահատելն ու բուժելը, իսկ մրցանակն օգնում է, որ բժիշկն իրեն ավելի գնահատված զգա»:

Եղե՞լ են ձախողումներ, հիասթափություններ:

«Կոնկրետ փականի պատճառով կամ որ փականը խնդիր առաջացներ՝ չի՛ եղել նման բան: Այդ փականները շատ լավ աշխատում էին, կարող է՝ մեկ-երկու հատը փոխարինման կարիք ունենար. դա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ հիվանդը մեծանում էր, մարմնի մակերեսը մեծանում էր, ու փականը չէր բավարարում, փոխարինում էին: Բայց որ փականը վաղաժամկետ շարքից դուրս գար՝ ես նման բան չեմ հիշում»:

Դուք ձեր ֆեյսբուքյան էջում կիսվում եք պացիենտների, իրենց հարազատների երախտագիտական խոսքերով, մարդիկ գրում են, թե ինչպես է փոխվել իրենց կյանքի որակը ձեր կատարած վիրահատություններից հետո: Կարո՞ղ եք նշել այդ արձագանքներից ամենաուշագրավները, որոնք ձեր սրտին են «կպել»… Բացի շնորհակալական խոսքերից, չի՞ լինում, որ ձեզ ասեն՝ բժիշկ, եկե՛ք ձեզ տանենք, պատիվ տանք, կամ նման մի բան:

(Ծիծաղում է) «Չէ՛, հիմա դա շատ քիչ է հանդիպում ու, փա՛ռք Աստծո: Շատ նորմալ հարաբերություններ են: Ես չեմ կարող առանձնացնել, կարծիքները շատ են: Գիտե՞ք, ինչպես ցանկացած վիրաբույժի, ինձ մոտ էլ դժգոհ կարծիքներ լինում են, թեեւ՝ քիչ: Ու ես աշխատում եմ հենց դրանց շատ ուշադրություն դարձնել, շտկել խնդիրները, եթե կան»:

Դուք Հայաստանում կատարում եք գլխուղեղի կաթվածի կանխարգելման բացառիկ վիրահատություններ: Հայերը սովորաբար բժշկի դիմում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասած լինում: Դուք տարեկան քանի՞ նման վիրահատություն եք անում ու ի՞նչ արդյունքով:

«Ես Հայաստան վերադարձա 2014-ին: Մինչ այդ հանդիպել էի Հարություն Մաքսիմովիչ Քուշկյանի հետ, ինքն առաջարկեց, որ նման բաժանմունք բացվի «Էրեբունի» ԲԿ-ում, որը պետք է զբաղվի պրոֆիլակտիկ վիրաբուժությամբ՝ քնային եւ ողնաշարային զարկերակների վրա: Եկա, եւ գործը սկսեցինք: Մոտավորապես 500 վիրահատություն է կատարվել այս ժամանակահատվածում: Շատ ճիշտ եք, մեր բնակչությունը՝ մինչեւ դանակը ոսկորին չհասնի, չի գա բժշկի: Բայց այստեղ գործը բարդանում է այն պատճառով, որ ինսուլտները, որոնք ներքին քնային զարկերակի կամ ողնաշարային զարկերակի խնդիրներով են բնորոշվում, ինչ-որ տեսակի կլինիկական արտահայտում չունեն: Եթե սրտի դեպքում կարող է ցավել ֆիզիկական լարման, ճնշման բարձրացման ժամանակ, հիվանդը ստենտավորվի կամ վիրահատվի, գլխուղեղը սնուցող զարկերակի դեպքում դա չկա, միանգամից է խփում, ոչ մի նախանշան չունի: Դրա համար, ճիշտ է, որ 50-ից հետո բոլորը տարեկան գոնե մեկ անգամ անցնեն դուպլեքս հետազոտություն, հայտնաբերեն խնդիրները եւ միջամտություն անեն: Իսկ սովորաբար դա հայտնի է դառնում, երբ հիվանդը ինսուլտով ընդունվում է հիվանդանոց՝ վերջույթների թուլությամբ, խոսակցականի խանգարմամբ, շատ վատ վիճակով: Ըստ միջազգային վիճակագրության, քնային զարկերակների վիրահատություններից մահացությունը եւ խոշոր կաթվածի հավանականությունը միջինը 3-4% է, մենք 3 տոկոսի չենք հասնում, մեր թվերը շատ լավն են: Հպարտությամբ կարող ենք ասել, որ չենք զիջում լավագույն կենտրոնների տվյալներին»:

Տարածված կարծիք կա, որ ինսուլտը հիմնականում տղամարդկանց հիվանդություն է: Ասում են, որ տղամարդիկ սթրեսների ժամանակ «ներս են գցում», չեն արտահայտվում, ու դրանից է: Ձեր պրակտիկան ի՞նչ է ասում՝ ինչի՞ց է, որ այս առումով տղամարդիկ ավելի խոցելի են:

«Վիճակագրորեն, այո՛, տղամարդիկ ավելի շատ են այդ խնդրին առնչվում: Երեւի համար մեկ պատճառը ծխելն է, զարկերակային ճնշման բարձր լինելը: Բայց ես չէի ասի, որ կանայք զիջում են, նրանք էլ բավական հաճախ են առնչվում այդ խնդրին: Իսկ սթրեսների առումով նման գնահատական տալու համար լուրջ հետազոտություն է պետք անել, դա ռեալ չէ, զուտ ժողովրդական խոսք է»:

Նախկինում թվում էր, թե միգրեն ունեցողները դատապարտված են տանջող գլխացավերի: Բայց հիմա, պարզվում է, Հայաստանում բացառիկ վիրահատություն եք անում ու մարդկանց ազատում այդ գլխացավերից: Միգրեն ունեցող պացիենտների քանի՞ տոկոսն է ենթակա վիրահատության:

«Ցանկացած պոպուլյացիայում միգրենային գլխացավերը կազմում են 14-16 տոկոս: Դա բավական մեծ թիվ է: Համապատասխան հետազոտությունից հետո այդ 14-16 տոկոսից վիրահատության ենթակա է 1-2 տոկոսը: Այն հիվանդներն են, որոնց մոտ գլխացավերը քրոնիկ բնույթ են կրում՝ 8-10 օր: Ոչ բոլոր դեպքերում է վիրահատությունը կիրառելի»:

Պարզվում է, որ դուք՝ երկար տարիներ ապրելով ՌԴ-ում, ոչ միայն հետ եք եկել, այլեւ ձեզ հետ բերել եք «հարսնացու Հյուսիսից»: Նատալյա Կոլոմազովան՝ ձեր կինը, հարցազրույցներից մեկում պատմում է, թե ինչպես է հարմարվել մեր հայկական միջավայրին: Ի՞նչը ստիպեց ձեզ ընտանիքով վերադառնալ հայրենիք:

«Այսպես ասեմ՝ լավ առաջարկը: Ես 7 տարի Ռուսաստանում էի, այնտեղ ամուսնացա, այնտեղ ծնվեց իմ առաջին երեխան՝ տղաս: Հետո առաջարկ եղավ, այն ինձ գրավեց, ու որոշեցի հետ գալ։ Կարոտն էլ ստիպեց. ընկերներս, հարազատներս այստեղ են … Համենայնդեպս, ես բոլորովին չեմ ափսոսում, որ վերադարձել եմ Հայաստան: Կինս էլ շատ հանգիստ, նորմալ ընդունեց, ու չեմ լսել, որ ասի՝ վայ, ինչո՞ւ եկանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակները ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
21.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031