Գազի գինը կորոշվի շուկայական տնտեսության գործոններով, քանի դեռ Փաշինյանն ու Լուկաշենկոն չեն ընդունում միասնական բյուջեի եւ հարկային միասնական համակարգի բանաձեւը
Մայիսի 19-ին կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Իր ելույթում Փաշինյանը կարեւորելով համաճարակի եւ աճող ռեցեսիայի պայմաններում համագործակցության զարգացումը, նկատել է, որ պետք է պատրաստ լինել համատեղ օգտագործել բոլոր տնտեսական հնարավորությունները, որոնք ակնհայտորեն կառաջանան հետճգնաժամային ժամանակահատվածում: «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձեւավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձեւավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ»,- ասել է նա:
Այնուհետեւ Փաշինյանը հավելել է. «Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչեւ 2025թ. եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձեւավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման եւ տարանցման ծառայությունների միասնական սակագները: Մեր Միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այս նպատակին»:
Կարդացեք նաև
Բացելով մայիսի 19-ի հանդիպումը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին անդրադարձել էր գազի գնին, նշելով. «Մենք չենք կարողանում փոխադարձ ընդունելի որոշման գալ արդեն մի քանի տարի, մինչդեռ խնդրի հրատապությունն անընդհատ մեծանում է»:
Գարնանից սկսած Փաշինյանի, ինչպես նաեւ Լուկաշենկոյի կողմից՝ ներկա պայմաններում գազի գնի բարձր լինելու հանգամանքի մասին արտահայտած դիրքորոշմանը Պուտինը վերջապես հրապարակային պատասխանեց: Այդ պատասխանը միանշանակ էր՝ ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարեց. «Ինչ վերաբերում է մեր հայ եւ բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման եւ տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով եւ հարկման միասնական համակարգով: Այդպիսի խորը ինտեգրման մակարդակ դեռեւս ձեռք չի բերվել»:
Ապա` նա հավելել է, որ Հայաստանը եւ Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձեւը գազի գնի ձեւավորման համար, որն առաջարկվում է մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով. «Առկա է մի բանաձեւ, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը: Դրա էությունը նրանում է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարող են որոշվել հետագայում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման բանակցություններում: Այս բանաձեւը դեռեւս չի ընդունվել մեր հայ եւ բելառուս գործընկերների կողմից: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցում»: Պուտինի փոխանցմամբ՝ եթե նրանք կարողանան համաձայնել դրա հետ, ապա ռազմավարության հաստատման համար այլ խոչընդոտներ ընդհանրապես չեն լինի. «Եթե մեր հայ եւ բելառուս ընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա, հավանաբար, տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից բացառել գազի վերաբերյալ կետը: Գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ երկրների փորձագետների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գծով»:
Այսպիսով, Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի եւ Բելառուսի առաջարկը: Նրա պատասխանը հստակ է՝ միասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում` միասնական բյուջեով եւ հարկային միեւնույն համակարգով, ու քանի դեռ չեն հասել ինտեգրացիայի այդ մակարդակին, ուրեմն, գազի գինը կորոշվի շուկայական տնտեսության գործոններով`հաշվի առնելով մատակարարների ծախսերն ու ներդրումները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հրավիրված առցանց մամլո ասուլիսում Փաշինյանը կրկին խոսել էր գազի գնի թեմայով, նշելով, որ Ռուսաստանի հետ մեր քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են: «Այս պահին կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկայի փլուզման, նավթի գների անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակը չէ, մանավանդ կորոնավիրուսի բերած խնդիրները հաշվի առնելով: Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ»,- ասել էր Փաշինյանը:
Նկատենք, որ գազի գնի թեման դարձյալ թեժացավ այս տարվա գարնանից: Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ կայացել էր հեռախոսազրույց, որի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել էին տնտեսության գործունեությունը ներկայիս ծանր պայմաններում՝ նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները: Լուկաշենկոն եւ Փաշինյանն արձանագրել էին բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին եւ, ընդհանուր առմամբ՝ ստեղծված իրավիճակին:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով էր դիմել «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում, մասնավորապես, ասվում էր. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետեւանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, եւ դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության եւ սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաեւ հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ եւ պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել եւ քննարկել մեր երկրների, այդ թվում` առեւտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»:
Փոխվարչապետը նամակում ընդգծել էր նաեւ, որ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի եւ գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարում սկսել նոր բանակցություններ Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: «Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի եւ Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաեւ գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը», – նշվել էր նամակում:
Հայկական կողմի բարձրացրած խնդրին ռուսական կողմն անմիջապես պատասխանեց բավական կտրուկ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն էր տարածել, որում նշվում էր՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։ Ընկերությունը, սակայն, նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ` գործող 139 000 դրամի փոխարեն։
Պուտինն, այսպիսով, հրապարակային մերժելով՝ պայման դրեց, թե որ դեպքում դաշնակից պետությունները կարող են ռուսական կողմից գազի գնի հարցում զիջումներ ակնկալել:
Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակից պետություններ են, բայց Պուտինը հստակ հասկացնել տվեց, որ նույնիսկ համավարակի բարդ պայմաններում ռազմավարական դաշնակիցները, եթե ակնկալիքներ ունեն Ռուսաստանից, ապա շարժվեն Կրեմլի գծած շրջանակների մեջ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 21.05.2020