Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարմարվող հեղափոխականը կորցնում է իր դեմքը»

Մայիս 22,2020 15:30

«Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ասել է դանդաղ բարեփոխումներ։ Երկու տարի արդեն անցել է։ Որքա՞ն ժամանակ է դեռ պետք։ Պե՞տք է, վերջապես, մենք տեղեկանանք, թե այդ «դանդաղը» քանի՞ տարի է եւս մեր կյանքից խլելու». «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերջին զրույցը`դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ, մեծ աղմուկ եւ անհանգստություններ են առաջացրել հեղափոխությանն աջակից շատ ուժերի մոտ: Նախկինում իշխանության` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դատարանների ելքերն ու մուտքերը փակելուց, «վնգստացող դատավորների» մասին հայտարարություններից եւ այլ քայլերից հետո, իշխանության կողմից ետքայլ է ընկալվում դատավորների «թեթեւ վեթինգի» ներկայացված մեխանիզմը եւ վերջին ասուլիսում վարչապետի  խորովածախառն պարզաբանումը, որ կադրերի բացակայության պատճառով արագ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել: Ի՞նչ գնահատականներ կտաք այս գործընթացներին, Ռուստամ Բադասյանի`վարչապետին ներկայացրած պարզաբանումներից, ի՞նչ հասկացաք:

– Նախարար-վարչապետ զրույցից հասկացա, որ վեթինգ չի լինելու, որ այդ գաղափարից, ըստ էության, հրաժարվել են։ Զարմանալի ոչինչ չկա։ Չքանդված, չհեղափոխված հին իշխանական համակարգն իր հերթական հաջողությունն է գրանցել։ Հեղափոխական իշխանավորին պարտադրել ու համոզել է, որ կան անհաղթահարելի խոչընդոտներ, եւ դատաիրավական բարեփոխումները, որոնց մասին հայտարարվում եւ այդքան քննարկվում էր՝ իրականացնել հնարավոր չէ, սահմանադրությունը թույլ չի տալիս։ Արժի մեկ անգամ եւս հիշեցնել, որ իշխանական արատավոր համակարգերը մարդուն հոշոտելու հատկություն ունեն։ Եթե, իհարկե, մարդը չի դիմադրում, եւ դրանք կազմաքանդելու քայլեր ձեռնարկելու փոխարեն դրանց մեջ հարմարավետ տեղավորվելու փորձեր է անում։ Արդյունքում՝ ամենահեղափոխականն անգամ կորցնում է իր դեմքը, դառնում է համակարգի գերին, գործում է համակարգի թելադրանքով ու համակարգի կանոններով։

Հին իշխանական համակարգը, որ շարունակում է գործել, եղել է, կա եւ կարող է լինել միայն այս դատավորներով, այս արդարադատությամբ, այս ոստիկանությամբ, այս ազգային անվտանգությամբ եւ մեզ ծանոթ մյուս կառույցներով ու դեմքերով։ Դրանք վերաձեւելու, կազմաքանդելու, հեղափոխելու ցանկացած փորձ պետք է արժանանար, արժանանում է եւ կարժանանա համակարգի դիմադրությանը։ Սա առաջին հերթին պետք է գիտակցեն հեղափոխությամբ իշխանության եկածները, եւ ջարդեն այդ դիմադրությունը։ Հակառակ դեպքում,  համակարգն իրենց կուլ է տալու։ Անցած երկու տարիների ընթացքում այս համակարգը պետք է արդեն քանդված լիներ, բայց չի քանդվել։ Արդյունքում՝ հեղափոխական իշխանությունը ստիպված է հրաժարվել իր հայտարարած ծրագրերից։ Նորերն արդեն ընդունում են, որ արդարադատության հետ կապ չունեցող, տարիներ շարունակ արդարադատության դեմ ու պատվերով վճիռներ կայացրած, քաղաքական հետապնդումներին մասնակցած դատավորները կարող են շարունակել Հայաստանի Հանրապետության անունից վճիռներ կարդալ։ Ընդունում են, որ իշխանության ձեռքին կույր մահակ եղած ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչական ծառայությունները, դատախազությունները շարունակեն նույն դեմքերով ու նույն պատկերացումներով աշխատել։ Պատասխանատվության հարց առաջ քաշելու փոխարեն արդեն խոսում են «թեթեւ վեթինգից» ու հեղափոխության առաջ քաշած խնդիրների լուծման անհնարինությունից։

– Թեեւ իր մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ դանդաղ բարեփոխումների նպատակը նաեւ այն է, որ իշխանությունը չի ցանկանում Հայաստանում «պրոհեղափոխական եւ խամաճիկային» դատարաններ ստեղծել, բայց շատ շահագրգիռ շրջանակներ այս գործընթացներից «բարեփոխումների հոտ» չեն առնում եւ գտնում են, որ նպատակը հենց իշխանահաճո դատարաններ ունենալն է: Ունե՞ք նման տպավորություն:

– Անցած երկու տարվա ընթացքում արդեն չպետք է լիներ այս սահմանադրությունը, որը նախարար-վարչապետ զրույցի ընթացքում, որպես դատական  համակարգը լուրջ բարեփոխումների ենթարկելու գլխավոր արգելակ ներկայացվեց, իշխանական համակարգում արդեն չպետք է լինեին մերժված իրականության ճարտարապետները եւ հայտնի դեմքերը։ Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ասել է դանդաղ բարեփոխումներ։ Երկու տարի արդեն անցել է։ Որքա՞ն ժամանակ է դեռ պետք։ Պե՞տք է, վերջապես, մենք տեղեկանանք, թե այդ «դանդաղը» քանի՞ տարի է եւս մեր կյանքից խլելու։

Չեմ կարծում, թե իշխանության դանդաղկոտության պատճառը իշխանահաճո դատարաններ ունենալն է։ Վստահ եմ, այս իշխանությունն իր մտքում նման խնդիր չունի։ Լրիվ հակառակ պատկեր է։ Փորձում են բավարարվել հին դատարաններով ու հին դատավորներով։ Սահմանադրությանը հղում անելով՝ ընդհանրապես չեն ցանկանում եղած դատական համակարգում լուրջ ու վիրահատական փոփոխություններ իրականացնել։

– Տեսակետներ կան, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների հանումը, իսկ արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված էր սահմանադրական հանրաքվեի հնարավոր չեղարկման հետ: Համենայնդեպս, առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում այն տեղի չի ունենալու, ինչպես վարչապետը հայտարարեց: Այս ամենում բավական հետաքրքիր էր նաեւ ՍԴ-ում իշխանության կողմից հայտարարված ճգնաժամի լուծումը նորից ԱԺ տեղափոխելու ճանապարհի փնտրտուքը, ինչի մասին խոսեց Ռուստամ Բադասյանը: Ձեր կարծիքով, Վենետիկի հանձնաժողովին այդպես կոպտորեն մերժած իշխանությունն ինչո՞ւ ինչ-որ մի պահի որոշեց խորհրդակցել եւ ականջալուր լինել հանձնաժողովի խորհուրդներին: Արդյոք՞  մտավախություն կա, որ հանրաքվեն տանուլ են տալու:

– Անհասկանալի է, թե ինչու ժամանակին իշխանությունները չգնացին Սահմանադրական դատարանի խնդիրը ԱԺ-ում լուծելու ճանապարհով։ Այս կապակցությամբ բազմաթիվ հրապարակային հուշումներ են ստացել։ Փոխարենը՝ վստահություն չներշնչող ինչ-ինչ տարօրինակ ճանապարհներ են ընտրել՝ իրենց կողմից մերժվող ՍԴ դիմելուց, մինչեւ կաշառք հիշեցնող գործարքի առաջարկում։ Այստեղ էլ երեւի պետք է խոսենք անվճռականությունից ու կիսաքայլերից: Հենց այդ կիսաքայլերի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք՝ կորցրած ժամանակ, իշխանության նկատմամբ եղած վստահության ու հավատի անկում, չլուծված խնդիրների փաթեթ։ Ստեղծված նոր իրավիճակում, պարզ է, հանրաքվե տեղի ունենալ չի կարող։ Խնդիրը պետք է լուծվեր եւ, կարծում եմ, կլուծվի ԱԺ-ում։  Ի սկզբանե սա է եղել ՍԴ խնդրի լուծման ամենակարճ, ամենահեշտ ու ամենաանցավ ճանապարհը, որին, դատելով զարգացումներից, իշխանություններն ստիպված հանգում են։ Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչպես են կարողանալու կյանքի կոչել։

– Պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց «Վեթինգի դիմադրական շարժում» ստեղծելու մասին: Ձեզ տեսնու՞մ եք այս նախաձեռնությունում:

– Լավ է, որ դատաիրավական բարեփոխումների բնագավառում իշխանությունների որդեգրած նոր մոտեցումների կապակցությամբ մարդիկ սուր քննադատություններով են հանդես գալիս։ Շատ են քննադատությունները։ Լավ է, որ կա այս նախաձեռնությունը, չեմ բացառում, որ նոր նախաձեռնություններ էլ կարող են ի հայտ գալ։ Իշխանությունները պետք է զգան, որ իրենց կիսաքայլերի պատճառով, իրենց անվճռականության պատճառով, հանձն առած օրակարգից շեղվելու պատճառով թիրախավորվում ու քննադատվում են։ Հասարակական ճնշումը միայն դրական դեր կարող է խաղալ։ Որքան մեծ ու որքան բազմազան լինի ճնշումը, այնքան՝ լավ։ Բայց ինքս ինձ չեմ տեսնում ձեր նշած նախաձեռնությունում։ Գերադասել եւ գերադասում եմ իմ տեսակետները հայտնել իմ հրապարակումներով՝ առանց նախաձեռնությունների, շարժումների, կուսակցությունների, կազմակերպությունների անդամակցելու։ Տարիներ շարունակ այս կերպ եմ վարվել։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031