Լրահոս
Օրվա լրահոսը

12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամները կհեռացվեն. նախարարությունը բացահայտում է Վենետիկի հանձնաժողով ուղարկած հարցերի բնույթը. armtimes.com

Մայիս 21,2020 23:40

Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը կարող է լուծվել հետեւյալ կերպ. արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվեն, իսկ մնացածը սահմանափակվեն նույն ժամկետով։ Այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորները իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ:

ՍԴ ճգնաժամի լուծման այս տարբերակի մասին ՀԺ-ն տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցման արդյունքում:

Մայիսի 15-ին ՀՀ արդարադատության նախարարին ուղղված գրությամբ հետաքրքրվել էինք, թե Վենետիկի հանձնաժողովին ի՞նչ բնույթի հարցեր էին ուղղել, ո՞րն է դրանց նպատակը: Հետաքրքրվել էինք՝ հնարավո՞ր է՝ քննարկվում է ՍԴ ճգնաժամը Ազգային ժողովի իրավասության շրջանակներում լուծելու տարբերակը:

Արդարադատության նախարարությունից ստացված պատասխանում մասնավորապես ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի նպատակն է հստակեցնել ստեղծված պայմաններում ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաեւ առանց հանրաքվեի իրականացնելու հնարավորությանը:

«Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձեւավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, մասնավորապես, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակմանը 12 տարով, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների տարբերակման բացառմանը, ինչի արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մնացածինը սահմանափակվեն նույն ժամկետով։ Հաջորդ սկզբունքային հարցը անցումային դրույթի չարաշահման հետեւանքների բացառումն է. Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի դատավորների կողմից 6 տարի ժամկետով։ Բացի այս, հարցեր են ուղղվել նաեւ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է՝ թե արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին»։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե Վենետիկի հանձնաժողովին հարցերով դիմելը արդյոք նշանակո՞ւմ է, որ հարցի լուծման նպատակով նշանակված հանրաքվեն չեղարկվում է՝ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված արտակարգ դրության շարունակ երկարաձգման պատճառով:

Նախարարությունից պատասխանել են, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում է նախապես նշանակված եւ համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։

«Բոլորի համար պարզ է, որ կորոնավիրուսի համաճարակը արագ չի վերանա թե՛ աշխարհում եւ թե՛ Հայաստանում։ Եվ, քանի որ Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։

Մյուս կողմից, նախապես հայտարարված հանրաքվեի ճակատագիրը չի կարող անորոշ մնալ, եւ Կառավարությունն էլ չի կարող առաջ շարժվել նախանշված բարեփոխումների եւ Սահմանադրության դրույթների իրագործման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման»,- ասվում է մեզ փոխանցված պատասխանում։

Վենետիկի հանձնաժողովից պատասխանի ակնկալվող ժամկետների վերաբերյալ մեր հարցին նախարարությունից հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, Վենետիկի հանձնաժողովը, ըստ իր ընթացակարգերի, կարծիքը կհաստատի հունիս ամսին նախատեսված հեռավար լիագումարում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031