Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բանաձևում կան հստակ հղումներ հիմնարար փաստաթղթերի, որոնց անքակտելի տարր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը». Ռուբեն Ռուբինյանը՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի մասին մտահոգությունների առիթով

Մայիս 21,2020 23:30

Երկու օր առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Եվրոպական խորհրդարանի խորհուրդներ և հանձնարարականներ (ռեկոմենդացիաներ) բանաձևի նախագիծը՝ Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրոպայի քաղաքականության վերաբերյալ: Մտահոգություններ հնչեցին, որ դրանում կան արցախյան հակամարտության հետ կապված մտահոգիչ ձևակերպումներ:

Aravot.am-ն այս թեմայով որոշ պարզաբանումներ ստացավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից:

-Պարո′ն Ռուբինյան, տեղյա՞կ եք, որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկ օր առաջ ընդունվել է Եվրոպական խորհրդարանի խորհուրդներ և հանձնարարականներ (ռեկոմենդացիաներ) բանաձևի նախագիծը՝ Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրոպայի քաղաքականության վերաբերյալ: Այն ներկայացվել է Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, հատուկ հանձնակատարին:

-Այո, իհարկե տեղյակ եմ:

-Ինչպե՞ս եք գնահատում այդ ռեկոմենդացիաների նախագծում արցախյան հիմնախնդրին կատարված անդրադարձը: Մասնավորապես այն, որ ի տարբերություն 2017-ին ընդունված այդպիսի փաստաթղթի այս փաստաթղթի նախագծում չկան ամրագրված տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառելու երեք սկզբունքները: Մինչդեռ կա այսպիսի ձևակերպում «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱԼԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքներն ամբողջապես պարտադրելու/հարկադրելու իրականացմանն ուղղված նրանց ջանքերին. ընդգծում է այս առումով անդամ պետությունների միասնության և համերաշխության կարևորությունը»:

-Առաջին հերթին անհրաժեշտ է արձանագրել, որ բանաձևում առանձին պարբերությամբ հստակ ամրագրված է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նշենք, որ այս մոտեցումը հստակ առանձնանում է ԱլԳ տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունների շուրջ բանաձևում տրված ընդհանուր գնահատականներից ու դրանցով պայմանավորված շեշտադրումներից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում ընդգծենք, որ կա հստակ տարբերակված մոտեցում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման վրա:

Հիշեցնենք, որ նշյալ «Հիմնարար սկզբունքները», ի թիվս այլոց, շեշտում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև «ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշումը իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման միջոցով»:

Ինչ վերաբերում է բանաձևում ԱլԳ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ Ձեր կողմից մեջբերվող ձևակերպմանը, հարկ է նշել, որ այդ պարբերությունից հետո բանաձևում տեղ է գտել կոնկրետ ձևակերպում, որում հստակեցվում է, որ խոսքը այն հակամարտությունների մասին է, որոնցում, ըստ եվրոպական կողմի, որպես կողմ ներգրավված է Ռուսաստանը: Այն հանգամանքը, որ ի տարբերություն նախորդ՝ 2017թ. բանաձևի, այս բանաձևում ԼՂ հակամարտությունը միակն է, որին բանաձևի հեղինակները և Եվրոպական խորհրդարանը առանձին անդրադարձ են կատարել և նաև վերահաստատել իրենց աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքներին, հստակորեն այն տարանջատում է մյուս հակամարտությունների կարգավորման համար Եվրոպական խորհրդարանի կողմից այս բանաձևում շեշտադրված մոտեցումներից և սկզբունքներից:

Ձեր ընդդիմախոսները հրապարակավ պնդում են, որ այս նախագծով ԵՄ-ն սադրում է Ադրբեջանին նոր պատերազմի և ԵՄ-ն սատարելու է Ադրբեջանին նոր պատերազմում: Այս քննադատությունները տեղի՞ն են:

-ԵՄ-ն բազմիցս, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի կողմից, վերահաստատել է, որ լիովին սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Եվրոպական խորհրդարանի տվյալ բանաձևը կարդալիս հնարավոր չէ չնկատել, որ այն իր հերթին ևս մեկ անգամ վերահաստատում է «միջազգային նորմերին ու սկզբունքներին, Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան հակամարտությունների խաղաղ, դիվանագիտական միջոցներով լուծման ԵՄ հանձնառությունը»:

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել և ձեռնարկում, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ ի՞նչ բանակցություններ են վարվում, որ վերջնական քվեարկությունների փուլում այդ ձևակերպումները բարելավվեն:

-Եվրոպական խորհրդարանի հետ աշխատանքները կրում են պարբերական բնույթ, իրենց օրակարգում ունեն հարցերի լայն շրջանակ և դրանց ուղղությամբ մեր քննարկումները կշարունակվեն: Առաջիկայում էլ ակտիվորեն կշարունակվեն աշխատանքները մեր եվրոպացի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ մեր տեսակետները ներկայացնելու ու ՀՀ շահերը լավագույնս պաշտպանելու նպատակով:

– Ձեր պատասխաններից հասկանալի է դառնում, որ հայկական կողմը այս բանաձևի հետ կապված որևէ մտահոգություն չունի, ճի՞շտ է այդ տպավորությունը և արդյոք մտահոգիչ չէ՞ այն, որ երեք սկզբունքները բանաձևում բառացի նշված չեն, թեև նախկինում, ինչպես Ձեր ընդդիմախոսներն են պնդում, եղել են:

– Կարծում եմ իմ պատասխանները բավարար կերպով հստակեցնում են իմ դիրքորոշումը բանաձևում առկա ձևակերպումների վերաբերյալ։ Ինչպես արդեն նշեցի, բանաձևում կան հստակ հղումներ հիմնարար փաստաթղթերի, որոնց անքակտելի տարր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031