Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանը նորից կկալանավորվի: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր բեկանեց Վահագն Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։
Աբգարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել դատարանի որոշումը, ասաց՝ վատառողջ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ