Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նիկոլայ Բաղդասարյանի և Արթուր Ալեքսանյանի առերես հարցաքննությունն իրականացվել է վերջիններիս ցուցմունքներում առկա էական հակասությունների շուրջ». Էմին Բեգլարյան

Մայիս 21,2020 22:15

«Նիկոլայ Բաղդասարյանի և Արթուր Ալեքսանյանի առերես հարցաքննությունն իրականացվել է վերջիններիս ցուցմունքներում առկա էական հակասությունների շուրջ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը:

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը մայիսի 12-ին, դատախազի ցուցումով ձերբակալվել էր: ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր՝ Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նիստի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ նա կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Մայիսի 14-ին դատարանի որոշմամբ Արթուր Ալեքսանյանը կալանավորվեց երկու ամսով:

Փաստաբանն ասաց, որ Արթուր Ալեքսանյանը չի ընդունում մեղադրանքը և հերքում է իր մեղադրանքի հիմքում դրված բոլոր փաստական հանգամանքները: Էմին Բեգլարյանը պնդեց՝ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով սահմանված արարք հնարավոր չէ մեղսագրել Արթուր Ալեքսանյանին, քանի որ ԱԺ պատգամավորը չի կարող իշխանության ներկայացուցիչ հանդես գալ, հետևաբար Արթուրը չէր կարող նրա դեմ ոտնձգել:

Փաստաբանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, սակայն դեռ տեղեկություն չունեն: Բողոք են ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին. վիճարկում են Արթուր Ալեքսանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը:

«Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական շարժման ներկայացուցիչ Վահագն Չախալյանի բնորոշմամբ Արթուր Ալեքսանյանի մեղադրանքն անհեթեթ է:

Նա նշեց. «Օպերայի բակում օրական տասնյակ քաղաքացիներ են հեծանիվով բախվում անցորդներին և ցանկացած տեղ, բայց դրա համար որևէ մեկը որևէ մեկի դեմ քրեական գործ չի հարուցել: Կա մերոնքականի և ձերոնքականի խնդիր, որը արդեն հստակ է: Երկակի ստանդարտների հետ գործ ունենք, երբ հանցակազմ կա, քրեական պատժելիութան հարց, բայց քրեական գործեր չեն հարուցվում, հարուցվածները կարճվում են:

Հիշեք Վայոց ձորում փոխգնդապետին ծեծելով մահամերձ վիճակի հասցնողներին, որ կալանավայրում չեն, Դավիթ Սանասարյանը, երբ ինը տարեկան երեխային վրաերթի ենթարկեց, բայց այդ գործը կարճվեց, «Ռեստարտի» խումբը քաղակտիվիստ Նարեկ Մալյանին առևանգեց և փորձում էր աղբարկղը գցել, այդ գործը ևս կարճվեց, որևէ մեկը չձերբակալվեց, «Հեղափոխության պահապանները» Նիկոլ Փաշինյանին վիրավորողին առևանգել էին, վախեցնելով ստիպեցին, որ ուղիղ եթերում վարչապետից ներողություն խնդրի և այլն:

Բայց Արթուր Ալեքսանյանի դեմ ոչ միայն քրեական գործ է հարուցվել, այլև 22  հոգով, չորս ավտոմեքենայով ձերբակալեցին նրան: Երբ նախագահական նստավայրի դիմաց ակցիա էինք անցկացնում, մենք տեսահոլովակում հետո տեսանք, որ մեր կողքին հինգ-վեց հոգանոց զինված խմբեր կային, հետո պարզվեց՝ Արթուրին բերման ենթարկողները հենց նրանք էին: Կարծես դարի հանցագործին էին ձերբակալել, ակամայից հիշեցի Էրեբունի պլազա մուտք գործած անձին, ում ոստիկանապետը տարավ: Մի խոսքով, երկակի ստանդարտների հետ գործ ունենք»:

Վահագն Չախալյանը հայտարարեց՝ Արթուր Ալեքսանյանի գործը հստակ քաղաքական է և նրան ձերբակալելը միայն մեկ պատճառով է, որ Կամք ՀԿ-ի պայքարը շեղեն: Նա վստահեցրեց՝ Արթուրը հանցագործ չէ. հանցանք չի գործել, նա պայքարել է հայկական արժեքների պաշտպանության համար երկար տարիներ ու հայտնի է իր դիրքորոշումներով:

Վահագն Չախալյանը տեղեկացրեց՝ շարունակելու են իրավական բոլոր միջոցներով պայքարը, ինչպես նաև զուգահեռաբար ցույցեր են անելու և′ Լանզարոտի կոնվենցիայի վավերացման դեմ, և′ ԱԺ-ի ցրման պահանջով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031