Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. «Իմ կարծիքով, Հայաստանում պառլամենտարիզմի գերեզմանափորը եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Բաբկեն Արարքցյանը»

Մայիս 21,2020 21:40

«Մի անգամ լուսահոգի Սամվել Շահմուրադյանին զայրացած ասացի. այս այլանդակները որտեղի՞ց են մտել Գերագույն Խորհուրդ: Մի երկուսը կային, որ նիստի էին եկել ջինսերով, պատառոտված շորերով: Ու գիտե՞ք ինչ պատասխանեց: Ասաց՝ հավաստիացնում եմ, որ 50 տարի հետո էլ այսպիսի լավ խորհրդարան չի կազմավորվելու: Ու փորձը ցույց տվեց, որ այս 30 տարվա մեջ այնպիսի խորհրդարան չի եղել »,-ՀՀ առաջին գումարման ԳԽ 30-ամյա հոբելյանի առիթով ՄԱԱ-ում հրավիրված քննարկմանը հիշեց Կիմ Բալայանը եւ կարեւորեց իմանալը, թե այն ժամանակ ինչպես կազմավորվեց խորհրդարանը:

«Ընտրական համակարգը մեծամասնական էր, համամասնական ընտրակարգ չկար: Իրար դեմ պայքարող երկու հիմնական բլոկ կար՝ ՀՀՇ-ն եւ կոմկուսը: Մարդիկ կային, որ ՀՀՇ անդամ չէին: Մեկը՝ ես: Իմ գործընկերները կհիշեն, որ ՀՀՇ-ն շատերին, այդ թվում նաեւ ինձ, աջակցել է: Բայց իմ անվան դիմաց գրանցված էր «Հուշամատյան»:

Այսինքն, ոչ ՀՀՇ-ի ներկայացուցիչ: Սակայն ՀՀՇ-ի այդ երաշխավորությունը այնքան հզոր էր, որ ինձ օգնեց հասարակությանը այնքան էլ հայտնի չլինելով իմ ընտրատարածքում կոմկուսի թեկնածու Յուրի Բարսեղովին, որի մասին ես ցանկացած հանդիպման ժամանակ ասել եմ, որ նա քայլող հանրագիտարան է, ձայների 72 %-ով հաղթել»-հիշեց պարոն Բալայանը:

Հետո բանախոսը անդրադարձավ այն ժամանակվա ԳԽ եւ, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, երկրի քաղաքական ղեկավարության սխալներին եւ վրիպումներին, օրինակ, հայտնի «Կոլցո» օպերացիային, որոնք բացասական կամ անցանկալի հետեւանքներ ունեցան Անկախ Հայաստանի համար: Ճիշտ է, քննարկմանը մասնակցող այն ժամանակվա պատգամավորների մի մասը համաձայն չէր այդ գնահատականներին:

Առաջին գումարման ՀՀ ԳԽ նախագահության անդամ, պահեստազորի գնդապետ, մասնագիտությամբ ֆիզիկոս Գեւորգ Բաղդասարյանը կարեւորեց ՀՀ ԳԽ ընտրված պատգամավորների մասին հետաքրքիր ու շատ կարեւոր տվյալներ հրապարակելը: ԳԽ պատգամավոր դարձել էին:

Ըստ մասնագիտությունների. ինժեներ՝ 70, տնտեսագետ՝ 31, իրավաբան՝ 22, ֆիզիկոս եւ գյուղատնտես՝ 16-ական, մանկավարժ՝ 15, մաթեմատիկոս՝ 14, պատմաբան՝ 13, բանասեր՝ 11, բժիշկ՝ 7, քիմիկոս՝ 5 եւ անասնաբույժ:

Ըստ կրթական ցենզի. գիտությունների դոկտոր՝ 13, գիտությունների թեկնածու՝ 53, բարձրագույն կրթությամբ՝ 239, թերի բարձրագույն՝ 1, միջնակարգ մասնագիտական՝ 1, միջնակարգ՝ 3:

«Սրանք թվեր են, որ խոսում են այն պառլամենտի մակարդակի մասին: Երբեւէ չենք անդրադարձել սրան: Բայց ուզում եմ հիշենք, որովհետեւ սրանք համեմատելու թվեր են: Մենք ունեցանք նաեւ սպանված պատգամավոր՝ Գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանը: Հիմա պետք է մեկ այլ ցավալի թիվ հայտարարեմ. այն ժամանակվա 271 պատգամավորներից 99-ը այլեւս մեր հետ չեն»-ասաց պարոն Բաղդասարյանը:

Սուրեն Զոլյանի խոսքով՝ ձեռքբերումները շատ են: Բայց նաեւ խոսեց այն մասին, թե ինչու չկայացավ հայ պառլամենտարիզմը: «Ո՞վ է մեղավոր դրա համար: Եթե չկայացավ, ուրեմն ի սկզբանե, գուցե, սխալ էր դրված, կամ, գուցե շեղվել են հիմքերից: Պետք է շատ լուրջ քննարկում կազմակերպվի բացթողումների եւ ձեռքբերումների մասով: Ձեռքբերումներն, իհարկե, շատ են եղել, քանի որ մենք առաջինն ենք եղել: Եվ այս առումով շատ բան կարելի է հիշել:

Արտաքին քաղաքականության մասին ոչինչ չասվեց: Այն ժամանակ ԱԳՆ-ն ձեւականորեն գոյություն ուներ, բայց որպես այդպիսին քաղաքականություն չկար, ինչը ոչ պակաս կարեւոր է, քան բանակաշինությունը: Բայց կա նաեւ մեկ այլ լուրջ պրոբլեմ, որի մասին պետք է խոսել: Փաստորեն, Գերագույն Խորհուրդը ավարտեց իր գործունեությունը 1994 թվականի դեկտեմբերն, երբ պետության կողմից կուսակցական տեռոր իրականացվեց եւ առաջին զոհը դարձավ դաշնակցությունը, իսկ Գերագույն Խորհուրդը դադարեց աշխատել, որովհետեւ Բաբկեն Արարքցյանն էր որոշում՝ նիստ կայանալո՞ւ է, թե ոչ: Որովհետեւ մեծամասնությունը գործադիրում արդեն ստացել էր պաշտոններ եւ եթե հրահանգ չստանային, չէին գալիս ԳԽ նիստերին մասնակցելու:

Գերագույն Խորհրդի ամենամեծ սխալն իմ կարծիքով եղել է այն, որ պահելով ամբողջական իշխանությունը՝ ԳԽ-ն զիջեց այն: Ինչպե՞ս: Կառուցվածքում եղել է մի կոնկրետ սխալ: Փաստորեն փոքրամասնությունն է եղել պրոֆեսիոնալ, մեծամասնությունը եղել է գործադիր իշխանության ներկայացուցիչ: Նրանք ենթարկվում էին ոչ թե ընտրողներին, այլ իրենց վերադասներին՝ լիներ դա ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար, ուղղակի նախարար: Ու մենք տեսանք, թե դա ինչի բերեց: Խորհրդարանը չէր կարողանում վերահսկել ուժային կառույցները, արդյունաբերության համակարգի թալանը: Գերագույն Խորհուրդը չուներ ազդեցություն: Այսինքն, սովորական միլպետը կարող էր ասել, որ իր համար վերադաս է նախարարը, այլ ոչ թե օրենքը:

Խոսվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բաբկեն Արարքցյանի մասին: Իմ կարծիքով հենց նրանք են եղել Հայաստանում պառլամենտարիզմի գերեզմանափորը: Նրանք, ունենալով հսկայական հնարավորություն, օգտագործեցին այն, որպեսզի ապահովվի իշխանությունը, իսկ Գերագույն Խորհրդի այն մասը, որը արդեն ի վիճակի չէր ազդել գործընթացների վրա, սպասում էր 1995 թվականի ընտրություններին: Սակայն այդ ժամանակ ուժայինները, այսպես կոչված՝ ասֆալտի ֆիդայիների օգնությամբ շատ կոպիտ ձեւով կարողացան ամբողջությամբ խեղաթյուրել իրավիճակը: Հիշում ենք անգամ ՆԳ նախարարի կողմից ստեղծված «Շամիրամ» ֆրակցիան, որը մոտավորապես 10 տոկոս հավաքեց՝ բացի նախարարի աջակցությունից չունենալով որեւէ քաղաքական աջակցություն:

Ասածս հետեւյալն է. շնորհավորելով ԳԽ 30-ամյակը, իմ կարծիքով պատմության մեջ գրվելու է, որ դա եղել է մի հիանալի հնարավորություն, որը ինչ-ինչ պատճառներով մենք կորցրել ենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ հետաքրքիր թեմա ներկայացրիք և ի՞նչ։ Ես հասկացա, որ Դուք ցանկանում եք հանրությանը ներկայացնել հայրենիքի կործանման սկիզբի հիմնաքարեր դնողների անունները։ Իսկ ի՞նչպես կարելի է վերականգնել այդ բացթողումները։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031