Այսօր աշխատանքային օրվա ավարտին, Հայաստանում զբոսաշրջային ոլորտի մի շարք ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ, COVID 19-ով ոլորտի աշխատանքի համար առաջացած խնդիրներն ու դրանց լուծումների իրենց պատկերացումները ներկայացրել են նախարարին եւ խնդրել, որ հնարավորինս օպերատիվ քննարկումներ լինեն կառավարությունում, լուծումներ տրվեն:
Այս մասին, այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Բանախոսի համոզմամբ, այս ոլորտը համավարակի արդյունքում ոչ թե ամենատուժած ոլորտներից է, այլ ամենատուժած ոլորտն է: Ըստ նրա, նաեւ կառավարությունում պետք է այս գիտակցումը լինի, որպեսզի մոտեցումն էլ համահունչ լինի: Այսօրվա հանդիպման ժամանակ, ոլորտի ներկայացուցիչներն օրինակ, առաջարկել են, որպեսզի ամեն երրորդ աշխատողի աշխատավարձը պետությունը սուբսիդավորի, որպեսզի ոլորտում գործազրկության վտանգ չլինի, շահութահարկի կանխավճարները չվճարվեն ոլորտի ընկերությունները, արտոնյալ վարկավորումը լինի վարկը 12 ամիս չմարելու պայմանով եւ թույլատրվի այն օգտագործել գործող վարկային պարտավորությունների կատարման, ներդրումների համար, ինչը թույլ կտա զարգացման գնալ եւ այլն:
Կառավարությունը հաստատել է COVID 19-ի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, բայց, Մեխակ Ապրեսյանի պնդմամբ, այս ոլորտում կան առանձնահատկություններ եւ ոլորտի համար նպատակային ծրագրեր են պետք: Դրանց բանախոսը քանիցս է անդրադարձել: Ասենք, առողջարաններին այլ մոտեցում է պետք, ցուցահանդեսների եւ այլ մշակութային միջոցառումներ կազմակերպողներին`այլ, զբոսավարներին, «սպա» ծառայություն մատուցողներին ընդհանրապես այլ դասակարգիչներով պետք է մոտենալ: Այլապես, ըստ Մեխակ Ապրեսյանի, ոլորտի շատ ընկերություններ սնանկության առջեւ են կանգնած:
Կարդացեք նաև
«Գարդման տուր» զբոսաշրջային ընկերությունն, ըստ ընկերության ղեկավար Հայկ Մաղաքյանի, մի քանի պատճառով վարկավորման համար չի դիմել: Նախ, քանի որ մեծ անորոշություն կա, թե այս իրավիճակը ե՞րբ կավարտվի, ե՞րբ կարելի կլինի տուրիստական հոսքեր ապահովել եւ ե՞րբ կկարողանան սպասարկել այդ վարկերը: Ըստ նրա, կառավարությունը գոնե պետք է որոշակի հստակ տեղեկատվություն տրամադրի ընկերություններին`սահմանների բացման, ավիաչվերթների վերականգնման մասով: Ուստի, ընկերությունում վարկ վերցնել եւ անորոշ սպասելն, անտրամաբանական են համարում: Երկրորդ պատճառը`վարկերի պայմաններն են: Հայկ Մաղաքյանի գնահատմամբ`ծրագրի սահմանափակումներն անիմաստ են դարձնում վարկավորման համար դիմելը. տրամադրվող վարկը թույլատրվում է օգտագործել երեք ամսվա աշխատավարձի եւ ընթացիկ ծախսերի համար: «Բա երեք ամիս հետո ի՞նչ ենք անելու»,- հարցնում է բանախոսը`բացատրելով, որ ստեղծված իրավիճակում ստիպված կոնսերվացրել են գործունեությունը եւ սպասում են որոշակիության:
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ, Սեդրակ Մամուլյանն ու «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության անդամ Արփինե Խալաթյանն էլ իրենց խոսքում շեշտը դրեցին ներքին տուրիզմի զարգացման անհրաժեշտության վրա: Զբոսավարներն, ըստ Արփինե Խալաթյանի, հարյուր տոկոս զրկվեցին բոլոր եկամուտներից: Իհարկե, կառավարության կողմից մեծ մասը միանվագ աջակցություն ստացել են, բայց պարզ է, որ դա բավարար չէ եւ խնդիր կա:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ