COVID19-ի օրերին ինչպե՞ս կազմակերպվեցին թանգարանները, ինչպե՞ս տեղափոխեցին իրենց աշխատանքը թվային հարթակներ, ի՞նչ դժվարություններ ու հնարավորություններ ունեցան։ Այս և այլ հարցերը zoom հարթակում քննարկվեցին ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամների ու մշակութային ոլորտի ներկայացուցիչների կողմից :
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքերով, ճգնաժամային կառավարման հապճեպ որոշումների եւ անմիջապես կողմնորոշվելու ժամանակաշրջանում իսկապես ոլորտը ցույց տվեց, որ ի վիճակի է ինքնակազմակերպվելու:
Ի թիվս այլ թանգարանների տնօրենների, իր տեսակետը ներկայացրեց Մ․Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան ինստիտուտ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նա նշեց, որ ոչ մեկ չգիտի, թե համավարակն ինչպիսի սցենարներով կարող է զարգանալ, դրա համար աչքի առաջ երկու-երեք սցենար պետք է ունենալ, ըստ որոնց էլ պետք է կառուցել աշխատանքները:
«Լավատեսական տարբերակը այն է, որ մեկ-երկու ամսից սկսում ենք աշխատանքը, մեկ այլ տարբերակն այն է, որ աշնանն ենք սկսում աշխատել,իսկ երրորդ տարբերակի համաձայն՝ աշխատում ենք հաջորդ տարվա սկզբին կամ գարնանը…Կախված նրանից, թե ինչպիսի սցենարով կզարգանա այս ամենը, մենք պետք է կառուցենք մեր աշխատանքները, որովհետեւ խնդիր ունենք ուժերը մեկտեղ կենտրոնացնելու, նաեւ մարդկային եւ նյութական միջոցների պակաս է զգացվում, հատկապես արտաբյուջետային միջոցների պակասը մեծ հարված է բոլոր թանգարանների համար»,-ասաց Մատենադարանի տնօրենը:
Կարդացեք նաև
Նա նշեց, թե որ դեպքում ինչ առաջնահերթություններ կշեշտադրվեն. «Եթե վերցնում ենք առաջին կամ երկրորդ տարբերակը, այդ դեպքում մեր առաջնահերթությունը դառնում է անմիջական գործնական աշխատանքի կազմակերպումը՝ նոր պայմաններում:
Իսկ եթե թանգարանները պետք է աշխատեն մեկ տարի հետո, այդ դեպքում աշխատանքները կարող ենք ամբողջովին կենտրոնացնել բոլորովին այլ բնագավառում, խոսքը տեսաշրջայցեր պատրաստելու, ֆիլմեր նկարահանելու, թանգարանային ցուցադրությունները թվային հարթակներ տեղափոխելուն է վերաբերում: Կարող է մեկն ասել, որ երկուսն էլ կարեւոր են, բայց մեզ համար շատ կարեւոր է կենտրոնացումը որոշակի կետի վրա: Նորից եմ կրկնում, որ ոչ ոք չի կարող ասել, թե սցենարներից որ մեկը կաշխատի, բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի պարագայում»:
Պարոն Տեր-Ղեւոնդյանը հավելեց, որ խոսել է ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Անի Ավագյանի հետ՝ աշխատանքները կազմակերպելու նոր չափանիշների եւ անվտանգության կանոնների վերաբերյալ: Անի Ավագյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են առաջիկայում թարգմանել ԻԿՕՄ-ի խորհուրդները եւ փոխանցել հայաստանյան թանգարաններին:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրեց, թե ինչպես են ինքնակազմակերպվել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկները՝ տուրիզմի բացակայության պայմաններում: Ասաց, որ COVID19-ով պայմանավորված՝ շատ երկրներ, մեծ ու փոքր քաղաքներ ու բնակավայրեր տուժել են, ուստի անելանելի իրավիճակները դրդում են տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին ինքնակազմակերպվել, որոշակի մարքետինգային քաղաքականություն իրականացնել:
Հիշեցրեց նաեւ, որ մշակութային միջոցառումները առցանց են կայանում, իսկ իրենք աշխատում են, որ դրանց տարածումը լայնորեն ապահովի համացանցում:
Նշեց, որ Երեւանը անդամակցում է քաղաքների համաշխարհային ֆեդերացիային, որոնց միջոցով այլ քաղաքների ծրագրերին են ծանոթացել, թե ինչպես են հաղթահարել խնդիրները՝ համավարակի պայմաններում: Օրբելյանը տեղեկացրեց, որ ակտիվացրել են համագործակցությունը Երեւանի քույր եւ գործընկեր քաղաքների հետ:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը նշեց, որ կորոնավիրուսի պայմաններում թանգարանների աշխատանքը նոր մարտահրավեր էր, երբ փորձում ես նոր ուղիներ, ձեւեր գտնել՝ այցելուներին չկորցնելու համար: Ասաց, որ թանգարանը խաղ-ծրագրեր է մշակել տարիքային տարբեր խմբերի՝ դպրոցականների, մեծահասակների եւ ինտելեկտուալ արվեստասերների համար:
«Մենք նոր լսարան ձեռք բերեցինք, ունենք հետեւորդների մի նոր բանակ, որոնց մի մասը չի էլ իմացել Ռուսական արվեստի թանգարանի մասին եւ երբեք չի եղել մեր թանգարանում: Նրանք այժմ սպասում են, որ այս ամենը վերջանա, շտապեն Ռուսական արվեստի թանգարան»,-ասաց Մարինե Մկրտչյանը: Նա կարեւորեց հատկապես կրթական ծրագրերի ներմուծումը թանգարանի առցանց հարթակ:
Թանգարանների ներկայացուցիչները նշեցին, որ այս օրերին հատկապես թվային ոլորտի մասնագետների կարիք ունեն, ոմանք էլ պատրաստակամություն հայտնեցին ընդունելու կամավորական թիմերի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ