Մեզ հետ զրույցում «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական հ/կ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանն իր դժգոհությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության արատավոր գործելաոճի վերաբերյալ՝ միաժամանակ մտահոգիչ համարելով ՀՀ վարչապետի լռությունը
– Պարոն Գևորգյան, առաջարկում եմ մեր զրույցն սկսել համավարակի դեմ պայքարի՝ արդեն ավանդական դարձած թեմայով, որի շրջանակներում, ինչպես հայտնի է, օրերս Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Որպես բուժոլորտի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ պարետատան կայացրած այդ որոշումը:
– Հաշվենկատ զգուշավորությունը մեր երկրին կտանի դեպի վիճակի կայունացում, եթե իրականում դա է մեր գերնպատակը…
Կարդացեք նաև
– Այդ առումով կասկածնե՞ր ունեք…
– Այսօր ոչ միայն ինձ, այլև շատ-շատերի համար է անհասկանալի, թե ի՞նչ հաշվարկով կամ տրամաբանությամբ մայիսի 18-ին վերագործարկվեց քաղաքային վերգետնյա տրանսպորտը, եթե դիմակ կրելու խստացված՝ տուգանք նախատեսող, պայմանը ուժի մեջ էր մտնելու դրանից մեկ շաբաթ անց՝ մայիսի 25-ին: Նման անհամաչափությունը, ըստ իս, բավական լուրջ ռիսկ է պարունակում համավարակի ակտիվացման ու վարակվածների թվի կտրուկ աճի տեսանկյունից: Եվ դա արդեն իսկ որոշակի կասկածներ է հարուցում: Օրինակ՝ իսկ միգուցե նման անհամաչափ որոշմամբ նպատա՞կ է հետապնդվել՝ արդարացնելու, հիմնավորելու համավարակով «դե յուրե» վարակվածների թվի աճի և դիմակ չկրողներին խոշոր տուգանքով պատժելու սպառնալիքները…
Ինչևէ, ելնելով ներկա վիճակից, ճիշտ կլիներ պարտադիր դիմակ կրելու պայմանը կիրառել միայն երթուղային տաքսիների մասով, որտեղ, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը: Հանրային վայրերում դիմակ կրելուն վերաբերվում եմ վերապահմամբ: Օրինակ, փողոցում քայլողին կամ այգում զբոսնողին դիմակ կրելու խիստ պահանջ ներկայացնելն ու տուգանքով սպառնալը միանշանակ անընդունելի է՝ հատկապես օրեցօր սրվող սոցիալական լարվածության պայմաններում: Այդ գործելաոճով առաջնորդվելու դեպքում հնարավոր չի լինի խուսափել, պատկերավոր ասած՝ §բռնապետական¦ ոճի կամայականություններից:
– Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդյունավետ ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) հակահամաճարակային ռազմավարությունը: Այն տարածաշրջանի երկրների համեմատ ունի՞ որոշակի առավելություններ:
– Տեսեք, նախարարը մայիսի 14-ի ուղիղ եթերում նախ նշում է, թե «բոլոր հայտնաբերվածներին մինչ օրս իզոլացրել ենք կա՛մ հյուրանոցներում, կա՛մ հիվանդանոցներում, և դա հանգստություն է ներշնչել բոլորին», ապա քիչ անց կատարում հետևյալ բարձրագոչ հավաստիացումը՝ «Մենք հազվագյուտ երկրներից ենք, որոնք մինչ օրս իրանց բոլոր դեպքերը հոսպիտալացրել, իզոլացրել են փակ հաստատություններում և չեն վտանգել մյուս քաղաքացիներին»:
Տեղին է նրան հակադարձել այս կերպ՝ պարոն նախարար, որպես ՀՀ քաղաքացի, ես և ինձ պես շատերը, իրականում չունեն այդ ներքին հանգստությունը, իսկ ձեր կողմից «հազվագյուտ երկիր» բառակապակցությունն օգտագործելը ամենևին չի խոսում գործերի լավ վիճակի մասին: Մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում վերջին օրերի մտահոգիչ վիճակագրությունը՝ վարակվածների և մահացածների թվերի աճի մասին: Ձեր լավատեսությամբ կարող են խոսել օրինակ հարևան Վրաստանում, որտեղ մեր համեմատ առնվազն հինգ-վեց անգամ պակաս են վարակվման և մահվան դեպքերը: Դա նրանց համակարգված աշխատանքի և արդյունավետ ռազմավարության արդյունքն է: Հետևաբար, որևէ պաշտոնյա ինքնագովեստի կամ «հազվագյուտ» բառի արտաբերման իրավունք կարող է ունենալ սոսկ իր աշխատանքով ստեղծված բարձր ցուցանիշների պարագայում: Այն՝ ինչ տակավին հասանելի չէ ձեզ, պարոն նախարար… Բարի խորհուրդս է՝ գոնե սրանից հետո խոսեք Ձեր արածին համապատասխան:
Հաջորդը: Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, դուր չի գալիս նաև այն փաստը, որ համավարակի հաղթահարման թեմայով հիմնականում խոսում են օրինակ ՀՀ վարչապետը, փոխվարչապետը և նախարարը, քան՝ ոլորտի անվանի, փորձառու մասնագետները, որոնց հիմնավոր տեսակետները, ըստ երևույթին, այնքան էլ լսելի չեն ԱՆ-ում: Եվ դա, թերևս, հերթական վկայությունն է այն բանի, որ ՀՀ առողջապահության համակարգի քաղաքականությունն ու ռազմավարությունը կարիք ունեն լուրջ վերանայման ու բարեփոխման:
– Դուք, փաստորեն, ռազմավարություն փոխելու խնդիր եք բարձրացնում… Սակայն հետաքրքիր է՝ ԱՆ-ից ինչպե՞ս արձագանքեցին ստոմատոլոգիական ոլորտի շարունակական բարեփոխման նպատակով Ձեր հ/կ–ի կողմից ներկայացված առաջարկներին:
– Ցավոք, պետք է արձանագրեմ, որ ԱՆ-ն մեր առաջարկների հարցում իրեն դրսևորում է միաժամանակ որպես խուլ, համր և կույր: Այդ էլ այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետն էր հանձնարարել համապատասխան մարմիններին, մասնավորապես ԱՆ-ին, որ կանչեն շահագրգիռ կողմերին, քննարկեն առաջարկները և տան համարժեք լուծումներ: Բայց ժամանակն այլ բան ապացուցեց. ՀՀ ԱՆ-ն փաստորեն լրիվ ինքնագլուխ կառույց է և քաղաքականություն է վարում՝ ըստ սեփական հայեցողության: Նա մեզ պարտադրում է միայն անուղղակի կերպով՝ պաշտոնական նամակագրությամբ, հարաբերվել իր հետ, ինչը, ըստ իս, գործնականությունից և պատասխանատվությունից խույս տալու միջոց է: Այս վիճակը մեզ չի բավարարում, և մենք մտադիր չենք հանձնվել ԱՆ-ի թելադրած մերժելի իներցիային: Բարձրացված հարցերը ենթակա են լուրջ քննարկման, և, վստահ եմ՝ դրանք վաղ թե ուշ ընդգրկվելու են համապատասխան օրակարգերում, ճիշտ այնպես՝ ինչպես տեղի ունեցավ 2019-ին, ֆիննախի և ՊԵԿ-ի իրավասու պաշտոնյաների հետ ծավալված քննարկումներից հետո…
Սակայն, մինչ այդ ուզում եմ հարցնել Արսեն Թորոսյանին՝ ո՞վ եք Դուք որպես պետական պաշտոնյա, ՀՀ առողջապահության նախարա՞ր: Եթե՝ այո, ապա որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա ո՞րն է Ձեր ընդհանրությունը, օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարի և ՊԵԿ-ի նախագահի հետ, որոնք, ի տարբերություն Ձեզ, հարգանքով վերաբերվեցին մեզ և ընդառաջեցին հանրօգուտ բարեփոխումներին: Ընդհանրություններ, կարծես, չկան: Իսկ հիմնական տարբերությունն այն է, որ նրանց ոչ մի տեղակալ չի էլ փորձել հ/կ-ի պատվիրակության հետ վարվել գռեհկաբար և մնալ անպատիժ…
Անկեղծ ասած՝ ԱՆ-ի անբացատրելի կեցվածքը ես ստիպված եմ պայմանավորել նաև ՀՀ վարչապետի կառավարչական սխալներով և պետական ապարատում աստիճանաբար արմատներ ձգող անհետևողական գործելաոճով: 2018-ի հունիսին ՀՀ վարչապետը կոչով դիմում էր ժողովրդին՝ հորդորելով օգնել իրեն, նաև ասում էր՝ սիրելի ժողովուրդ, հնարավոր է՝ մենք սխալվենք, դուք օգնեք մեզ, իսկ բարեփոխումները արգելակողների հարցը ինքը կլուծի: Հավատացինք նրա կոչին և փորձեցինք ամեն մեկս մեր տեղում կոնկրետ գործերով նպաստել բարեփոխման գործընթացին: Անցել է ընդամենը երկու տարի, ու հիմա նա համառորեն լռում է թե՛ մեր առաջարկների անպատասխան մնալու, թե՛ ընդհանրապես ԱՆ-ի արատավոր քաղաքականության հարցում: Ինչպե՞ս հասկանալ Ձեզ, պարոն վարչապետ…
– Պետական և մասնագիտական դաշտերում որքանո՞վ ընկալելի եղավ Ձեր հորդորն առ այն, որ անգամ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է ոլորտի բարեփոխման հարցերով հենց այսօրվանից, առանց նախապայմանի, լրջորեն զբաղվելը:
– Առաջ քաշված խնդիրները վերաբերում են մեր ոլորտի կրթական և առողջապահական ծրագրերին, և դրանց կարևորությունը գիտակցում են նաև ոլորտի այլ հ/կ-ները: Մեր նախաձեռնության կարևորությունն ու արդիականությունն իր պատասխան նամակում հատուկ ընդգծել էր Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Այդուհանդերձ, ներկա փաստն այն է, որ նա, ԱՆ-ի ոճով, մեզ դարձյալ հորդորում է թեմային անդրադառնալ համավարակից հետո, իսկ ԵՊԲՀ-Ի ռեկտոր Արմեն Մուրադյանից դեռ ոչ մի պատասխան չի ստացվել: Առայժմ մեր նամակին չի պատասխանել նաև ԱՆ խորհրդատու Դ. Մաթևոսյանը, ում խնդրանքով մեր հ/կ-ն մեկ ամիս առաջ իր մասնագիտական կարծիքն էր ներկայացրել կառավարության թիվ 952-Ն որոշման շրջանակներում գործող մասնագիտական և նեղ մասնագիտական ցանկերի համալրման վերաբերյալ:
Բացառված չէ, որ ճգնաժամը ՀՀ-ում դեռ շարունակվի երկար, ուստի, ելնելով նախկինում բռնկված համաճարակների և դրանց դեմ պայքարած երկրների փորձից, ես շարունակում եմ պնդել, որ ՀՀ-ում բարեփոխումների ընթացքը ոչ մի դեպքում չպետք է արգելակվի: Օրինակ, ինչպես հայտնի է, ՄԻԱՎ-ի առաջին դեպքը աշխարհում գրանցվեց 1981 թվին, և վարակվածների թիվը շատ արագ հասավ հարյուր հազարների: Սակայն դա չխոչընդոտեց մասնագիտական-գիտական մտքի զարգացմանը: Ընդհակառակը, թռիչքային առաջընթաց ապրեցին ատամնային իմպլանտացիայի բուժական և իմպլանտատների արտադրական ճյուղերը: Եվ դա հնարավոր դարձավ նախ և առաջ պետությունների ու ստոմատոլոգների գործնական երկխոսության շնորհիվ: Իսկ ի՞նչն է խանգարում մեզ՝ առաջ շարժվել հենց այդ ճանապարհով: Կարծում եմ՝ ոչինչ: Ուստի, անթույլատրելի եմ համարում, որ այսուհետ հայ պաշտոնյաները շարունակեն իրենց անգործությունն արդարացնել, լեգիտիմացնել կորոնավիրուսի համավարակով: Այդ առումով միանշանակ վճռորոշ դեր կարող են խաղալ երկրի բարձրագույն իշխանությունների հետագա կեցվածքն ու դիրքորոշումը: