«Խորհրդանշական է, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ ՝ հաղթական մայիս ամսին: Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների կազմում գրոհում էինք Շուշիի բարձունքը, ես եւ բոլոր մարտիկները երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ազատ օտար լճից, մահաբեր պատերազմից ու զրկանքներից»,-այսօր հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երդմնակալության արարողությամբ ստանձնելով լիազորությունները:
Նա շեշտեց՝ այդ երազանքի կերտումը հեշտ չէր. «Շուշիի ազատագրման ժամանակ մեր մարտական ընկերներից Գրիգորին, բոլորիցս առաջ գնալով հակառակորդի դիրքը, ասել է՝ ես հասցրել եմ ունենալ չորս զավակ, իսկ դուք դեռ երիտասարդ եք, ամուսնացած չեք: Դրանից հետո նա վիրավորում ստացավ եւ հրաշքով փրկվեց: Այդ ժամանակ հասկացա, թե որքան պարտական եմ Գրիգորիին ու նրա պես հազարավոր հայորդիներին, նրանց ծնված եւ չծնված զավակներին, նրանց հերոսածին մայրերին ու հայրերին»: Արայիկ Հարությունյանը երդվեց, որ նախագահի պաշտոնում անելու է առավելագույնը՝ համազգային երազանքներն իրականացնելու ուղղությամբ. «Արցախը Հայաստան է եւ վերջ: Պատմական այս աքսիոմի հատիկները հարստացել են հայ մարդու՝ սեփական հողում արարման ջանքով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ