Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Այս հեղափոխությունը անձնական կոմֆորտի հեղափոխություն էր»

Մայիս 21,2020 18:55

ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը «Մամուլի ազգային ակումբում» հայտարարեց, թե իրենց ժամանակ պատգամավորների ճնշող մեծամասնությունը մարդիկ էին, որոնք պատրաստ էին հանուն պետականության իրենց կյանքը զոհել: Aravot.am-ը նրան խնդրեց համեմատել այն ժամանակվա եւ ներկայիս պատգամավորներին՝ նկատի առնելով ԱԺ իմքայլական փոխնախագահի այն հայտարարությունը, թե հիմա նվիրյալներ չկան եւ աշխատելու համար պետք է լավ վճարվեն:

«Այն ժամանակ էլ զտիչներ են եղել: Այսինքն, անհրաժեշտ էին հեղափոխական մարդիկ, որոնք անձնազոհ էին եւ բարձր էին դասում հասարակական շահը: Նրանք իրենց զոհաբերում էին հանուն հասարակական շահերի: Բայց կա նաեւ անձնազոհ մարդկանց մեկ այլ տեսակ, որը սեփական կարիքների համար, սեփական շահերից ելնելով է մտածում: Այս հեղափոխությունը այլ զտիչ է ունեցել: Սա արդեն անձնական հարմարավետության, կոմֆորտի հեղափոխություն էր: Նրանցից որեւէ մեկի ծրագրում որեւէ հեղափոխություն չի եղել:

«Մերժիր Սերժին»: «Փողերը բաժանել արդար»: «Հակակոռուպցիա»: Դա նշանակում է՝ պետական ունեցվածքը բաժանել արդարացիորեն: Դա Լենա Նազարյանի ծրագիրն է՝ արդարություն, ֆինանսական արդարություն: Այսինքն, ըստ աշխատանքի, բոլորը պետք է շատ փող ստանան: Ով շատ է աշխատում, շատ պետք է ստանա:

Երկրորդը՝ «Մերժել Սերժին»: Մերժել այն օրենքները, այն իշխանությունը, որը ապահովում էր ֆինանսների բաշխման անարդարություն: Այսինքն, սրանք էլ այդ ծրագիրն են ունեցել»-պատասխանեց Ազատ Արշակյանը:

Դիտարկմանը, թե ասացիք՝ ով շատ է աշխատում, նա պետք է ավելի շատ ստանա: Դատելով պարգեւավճարներից՝ ստացվում է, որ Նոր Հայաստանում միայն ու միայն նախարարները, փոխնախարարները, մարզպետներն ու փոխմարզպետները, ԱԺ պատգամավորները, ԱԺ եւ կառավարության աշխատակազմը, գումարած եւս մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյանե՞րն են աշխատում, իսկ ամբողջ ազգը ձրիակե՞ր է: Այս մասի՞ն ինչ կասեք, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Պարգեւավճարները անարդարություն են ենթադրում, որովհետեւ կարգն այդպիսին է եւ դա շատ վաղուց է հաստատվել: Իշխանություն կրող անձինք պետք է օրենքի ուժով շատ չկտրվեն իշխանություն չունեցող սովորական քաղաքացիներից: Այսինքն, նրանց եկամուտը պետք է չգերազանցի ամենացածր աշխատավարձի 12-պատիկը: Դա արված է նրա համար, որ պարգեւավճարի ձգտող պաշտոնյան պարտադրված լինի բարձրացնել նաեւ նվազագույն աշխատավարձը: Երբ խորամանկորեն, կարեւոր չէ, թե ով է հրամայել ու թաքուն, թե հրապարակային, իրենք մտցնում են անարդարություն, որովհետեւ արդարությունը պահանջում է 12-պատիկից ոչ ավել: Ուզո՞ւմ ես ավել ստանալ, ուրեմն ներքեւինինն էլ բարձրացրու: Դրանք իրար հետ փոխադարձ կապի մեջ են:

Հիմա մերոնք խորամանկորեն խախտում են, շեղվում են արդարության իրենց ծրագրից: Արդարություն էին ուզում: Հիմա արդարությունը դառնում է միայն իրենց համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031