Ապրիլի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը վարկ ձևակերպելու հարցում օգնելու պատրվակով իրենից վերցրել է 150.000 դրամ, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին և դիմել փախուստի:
Ապրիլի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ ոմն Գուրգեն վարկ ձևակերպելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է գումար և հեռացել:
Մայիսի 6-ին մի տղամարդ ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ ապրիլի 22-ին վարկային կազմակերպության աշխատակից ոմն Արտակ բջջային հեռախոսների խանութից իր անվամբ ապառիկ կարգով վերցրել է «Այֆոն 11» բջջային հեռախոս և խաբեությամբ հեռացել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ նշված բոլոր հանցագործությունները մի մարդու ձեռքի գործն են։ Իրավապահների տեսադաշտում հայտնվեց մայրաքաղաքի 25-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Ոստիկանների միջոցառումներին զուգահեռ ստացվեց նմանատիպ ևս 13 ահազանգ։ Ձեռագիրը նույնն էր։ Տարբեր անուններով հանդես եկող երիտասարդը քաղաքացիներից հափշտակում էր փող կամ բջջային հեռախոս։
Միջոցառումները արդյունք տվեցին մայիսի 13-ին։ Խարդախությունները կատարելու կասկածանքով Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց Երևանի 25-ամյա մի բնակիչ։ Նա տվեց խոստովանական բացատրություն։
Հարուցվել է քրեական գործ։
Երիտասարդը կալանավորված է։
Կատարվում է նախաքննություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։
Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, դիմեք ոստիկանություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն