Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին օգտատերերը խնդրել էին անդրադառնալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հարցի վերաբերյալ կատարած հայտարարությանը։ Հետաքրքրվելով՝ թե արդյոք ԱՄՆ-ն կիսում է այդ տեսակետը։
Լին Թրեյսին նշեց, որ ԱՄՆ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում որպես համանախագահող երկիր։ Եվ փորձում է կառուցողական ձևով աշխատանքներ իրականացնել մյուս համանախագահող երկրների հետ. «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտությունը կարգավորելուն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը։ Արժանահիշատակ է այն, որ այս գլոբալ համավարակի պայմաններում ևս մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ շրջանակում վիրտուալ միջավայրում շարունակվում են քննարկումները, խորհրդակցությունները նաև կողմերի ներգրավմամբ, և այս գործընթացը շարունակվում է։ Որպես համանախագահ մեր խնդիրը մնում է աջակցել, որպեսզի տեղական խաղաղ կարգավորում լինի այս հակամարտությանը»։
Անդրադառնալով Արցախում ականազերծման աշխատանքների շարունակելուն՝ Լին Թրեյսին ասաց. «Մենք հպարտ ենք այն աշխատանքներով, որոնք իրականացվել են ականազերծման ծրագրի շրջանակներում, որի ներքո մենք մարդասիրական օժանդակություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 17 միլիոնի ներդրումը բավականին հաջողված է եղել։ Եվ այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքները ավարտվել են, մենք փորձում ենք մեր ուշադրությունը բևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև