Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հինգշաբթի՝ մայիսի 21-ին առցանց ասուլիս էր կազմակերպել, որի ընթացքում դեսպան Լին Թրեյսին պատասխանեց օգտատերերի հարցերին։
Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ն հավելյալ 1 միլիոն դոլար է նախատեսել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում աջակցելու համար. «Եվ այս հավելյալ միջոցները, եթե ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված կորոնավիրուսի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 միլիոն դոլար»։
Լին Թրեյսին հավելեց, որ այս միջոցներն ուղղվում են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, զարգացմանը, ինչպես նաև օգնում են Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումը ապահովելու համար։ Նա հավելեց, որ այս աջակցությունից զատ վերաուղղորդել են 1.2 միլիոն դոլար համայնքային փոքր բիզնեսին դրամաշնորհների տրամադրմանը։ Այն տրամադրվելու է այն ընկերություններին, որոնք կորոնավիրուսի հետևանքով ծանր վնասներ են կրել։
«Մենք առողջապահական հարցերի շուրջ այլ աշխատանքներ ևս իրականացնում ենք. 2019 թվականի հոկտեմբերից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Աղետների աջակցության գրասենյակի կողմից համագործակցություն է իրականացվում Կարմիր խաչի միջազգային դաշնության հետ, և աշխատանքները միտված արտակարգ դրության պայմաններում առողջապահական ծառայությունների կազմակերպմանը։ Եվ ինչպես տեսնում ենք, այս ուղղությամբ ներդրումները կարծես՝ ժամանակին և տեղին էին»,- ասաց դեսպանը։
Կարդացեք նաև
Լին Թրեյսին այս շաբաթվա ընթացքում այցելել է Հայկական կարմիր խաչի ընկերություն և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին. «Աջակցություններից մեկը, որը մեր աջակցությամբ է իրականացնում Կարմիր խաչը, պարենի և հիգիենայի պարագաների տրամադրումն է Հայաստանում 8000 առավել անապահով ընտանիքի։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս աշխատանքները մենք իրականացնում ենք ոչ միայն Կարմիր Խաչի հետ, այլ նաև կառավարության, այլ երկրների, դոնոր կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Եվրամիության, Շվեյցարական Կարմիր խաչի ընկերության հետ։ Կարմիր խաչ այցելության ընթացքում ինձ համար առանձնապես տպավորիչ էր այն ոգին ու նվիրումը, որը ես տեսա կամավորների շրջանում այստեղ՝ Երևանում, որոնք ինքնակամ եկել և աջակցում էին, որպեսզի առավել անապահով մարդկանց այս օգնությունը կարողանային հասցնել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ՖԲ էջից