Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրենքներով ապօրինի ավտոտնակ սարքած դատավորին, որը կարող է հարիֆ-հարիֆ գնացել է ապօրինի ավտոտնակ է սարքել, իրենից կարող են ձերբազատվել». Իոաննիսյան

Մայիս 21,2020 17:26

«Պետք չի մոռանալ դատական մյուս ատյանների մասին, քաղաքացիներն ամեն օր առնչվում են այդ ատյաններին, ամեն օր տեսնում են այդ դատավորների դեմքերը: Դատավորներ, որոնք նույնացվում են պետությունը զավթելու, քաղաքացիներին անտեղի նստեցնելու, կաշառք վերցնելով վճիռներ կայացնելու հետ: Ես բոլորի մասին չեմ խոսում, դատավորների մեջ կան բավականին շատ պարկեշտ դեմքեր, տպավորություն չստեղծվի, թե բոլորն այդպիսին են: Բայց քանի դեռ կան այդպիսի դատավորներ, ամբողջ դատական համակարգը չի կարող նորմալ գործել»,- այսօր «Հոդված 3» ակումբում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թեմայով կազմակերպված առցանց քննարկմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ սոցհարցումներով դատական համակարգն ամենացածր վստահությունը վայելող պետական ինստիտուտն է. «Սա արդյունք է նաեւ, իհարկե, ՍԴ-ի գործունեության, բայց ոչ միայն ՍԴ-ի: Այս օրենքներով (նկատի ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը) ապօրինի ավտոտնակ սարքած դատավորին, որը կարող է հարիֆ-հարիֆ գնացել է ապօրինի ավտոտնակ է սարքել, իրենից կարող են ձերբազատվել: Ես չեմ ասում, որ իրենից չպետք է ձերբազատվել, բայց ժողովուրդ, մի բան հասկանանք, դատավորները կիսագրագետ չինովնիկ չեն: Կիսագրագետ չինովնիկներն են, որ կարող են այնպիսի բան անել, որ ապօրինի հարստացման տակ ընկնեն: Դատավորները, առավել եւս, այն դատավորները, որոնք բոլորիս մոտ ասոցացվում են կոռուպցիայի եւ իշխանության զավթման հետ, անգրագետ մարդիկ չեն: Իրենք շատ լավ գիտեն, թե ոնց անեն ամեն ինչ ու ոնց թալանեն նաեւ, որ ֆորմալ մաքուր լինի: Բոլոր այն դատավորները, որոնք մի ոստիկանի ցուցմունքով մարդ էին նստեցնում, որոնք ընդդիմադիրների որոշումները copy-paste անելուց նույնիսկ այնքան արագ էին անում, որ մոռանում էին նախորդ որոշումից ինչ-որ բաներ էին բերում, այ այդ դատավորների մեծ մասը կմնա ու կշարունակի իմ, ձեր, մյուսների անունից արդարադատություն իրականացնել: Հնարավոր չի հանգիստ նստել տեղում՝ իմանալով, որ այս պահին ինչ-որ մեկի ճակատագիրը որոշում է մի դատավոր, ընդ որում, որոշում է քո անունից: Ես չեմ կարող հանգիստ նստել տեղում՝ իմանալով, որ նման դատավորները մեր բոլորի անունից մարդկանց ճակատագրեր պետք է որոշեն ու արդարադատություն իրականացնեն: Դա կարող են անել մարդիկ, դատավորներ, որոնք ունեն անբիծ կենսագրություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031