ՀՀ Գերագույն Խորհրդի կազմավորման 30-ամյա հոբելյանի առիթով հրավիրված քննարկմանը ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը շնորհավորեց Հայաստանում երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած կարեւորագույն իրադարձության տարեդարձը:
«Մենք մոտ 40-45 օր աշխատել ենք որպես Գերագույն Սովետ: Այն Գերագույն Խորհուրդ դարձավ օգոստոսին: Բայց ես կուզենայի ուշադրություն հրավիրել մի շատ կարեւոր հանգամանքի վրա. Գերագույն Սովետ՝ վերջին գումարման եւ Գերագույն Խորհուրդ՝ առաջին գումարման: Մենք փաստորեն ԳՍ-ից մի որոշումով անցանք ԳԽ-ի: Դա նաեւ հետեւանք է: Այնպես չէ, որ կուրսանտներ, ասպիրանտներ եկան ու ոչինչ չունեին, ոչինչ չկար: Իրականում չափազանց լուրջ փաթեթով քաղաքական գործիչներ եկան իշխանության: Ովքե՞ր էին: Մի քանի օրինակ բերեմ. մտավորականներից՝ Ռաֆայել Ղազարյանը, Ռաֆայել Իշխանյանը, Հրանտ Մաթեւոսյանը, 60-ից ավելի մարդ միայն գիտնականներ էին, մարդիկ, որոնք հանուն պետականության պատրաստ են իրենց զոհել: Ինչպե՞ս չնշել Խաչիկ Սաֆարյանին, որ պատգամավոր էր ու մեզ հետ էր, Աշոտ Նավասարդյանին: Գերագույն Խորհրդի պատգամավորները պատրաստ էին պետականաշինության համար: Պետականաշինությունը միայն պերեստրոյկայի պարտկոմները չէին, որոնց մեջ նույնպես կային գործունյա, պետականությանը նվիրված մարդիկ, որոնք մեծ ծավալի աշխատանք են կատարել եւ քվեարկել են անկախության համար, ինչը բացառիկ բան է:
Ինչո՞ւ այս տոնը տոնակատարության չվերածվեց: Որովհետեւ տոնակատարություն կազմակերպել նշանակում է՝ տալ քաղաքական գնահատական: Քաղաքական գնահատական էր տրվելու Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, անկախ պետություն հռչակած ուժին եւ նրա ղեկավարներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արարքցյանին: Դրա գնահատականը այսօրվա իշխանությունը չի կարող տալ:
Ես կարծում եմ, որ մեր հանրության առաջ խնդիր է՝ գնահատական տալ անկախություն հռչակած Գերագույն Խորհրդին: Խորհրդարանական էր այն պետությունը: Օրինակելի Ազգային Ժողով էր, որտեղ կար բազմակարծություն, որտեղ կային բանավեճեր եւ կառուցողական գործընկերություն»,-ասաց Ազատ Արշակյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մի մոռացեք, որ ՀՀ ԳԽ զուգահեռ գործում էր համարժեք և ոչնչով չզիջող Երևանի քաղաքային խորհուրդը: Վահագն Խաչատրյանը կարող է մանրամասն ներկայացնել դրա մասին: