Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. հաստատվել են Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը

Մայիս 21,2020 16:40

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը:

Երկու օրենսգրքերի ընդունման արդյունքում ակնկալվում են համակարգային փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծով.

  • Հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել են նաև հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը։ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նպատակներին համահունչ՝ Նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Հատկանշական է, որ Նախագծում առկա կարգավորումները միտված են հենց այս նպատակի իրականացմանը, որը պետք է նպաստի պետությունում հանցավորության մակարդակի նվազեցմանը։
  • Այդ առումով, օրինակ՝ վերանայվել է պատիժների համակարգը, ընդարձակվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը՝ նախատեսելով այլընտրանքային նոր պատժատեսակներ, օրինակ՝ ազատության սահմանափակումը («տնային կալանք»), օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը։ Կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Հանրային աշխատանքներն ուղղակիորեն նախատեսվել են հոդվածների սանկցիաներում և դատարանները կարող են առանց որևէ նախապայմանի նշանակել այդ պատժատեսակը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծով մասնավորապես նախատեսվում է.

  • Վերացնել քրեական գործի հարուցման (նյութերի նախապատրաստման) փուլը. այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի բովանդակության մեջ, օպերատիվ-հետախուզական գործունեությունը ներառել քրեական դատավարության օրենսգրքի մեջ՝ այն նկարագրելով որպես քննիչի հանձնարարությամբ կատարվող գաղտնի քննչական գործողությունների իրականացում, որի նպատակը այդպիսի գործողությունների արդյունքում ապացույցների ստացումն է։ Այսինքն, ներկայում առկա՝ որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն ուղղակիորեն նախաքննության ընթացքում որպես ապացույց օգտագործելու արգելքը վերանալու է։

Նախագծով հանցագործության մասին հաղորդում ստանալու կամ անմիջականորեն հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու պահից նախաքննությունը համարվելու է սկսված:

Նախագծում վերացվել է հետաքննությունը՝ որպես վարույթի ինքնուրույն փուլ: Այսպիսի կարգավորումը պայմանավորված է նրանով, որ հետաքննությունը միայն երկարաձգում է քննության առավել պրոֆեսիոնալ ձևի՝ նախաքննության իրականացումը և ոչ մի էական առավելություն չի տալիս, այլ ընդհակառակը, երբեմն նույնիսկ խոչընդոտում է նախաքննության արդյունավետ իրականացմանը, քանի որ նախնական քննության սկզբնական այդ փուլում կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերը ոչ միշտ են պատշաճ կարգով ամրագրվում, իսկ որոշ դեպքերում կատարված գործողությունների արդյունքում ստացված նյութին ապացույցի կարգավիճակ տալու համար նույն գործությունը կրկնվում է նախաքննության ընթացքում։ Ուստի, ելնելով քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից՝ Նախագիծը հրաժարվել է նաև հետաքննության փուլից և նախաքննությունը դարձրել քրեական վարույթի սկզբնական փուլ:

Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերի համակարգային փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ :

Կատարված աշխատանքի համար Արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և Եվրոպայի խորհրդին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031