Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանգիստ զտելու ենք, հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, գցելու ենք դուրս». Վահագն Հովակիմյանը՝ ՍԴ-ի ճգնաժամը լուծելու մասին

Մայիս 21,2020 16:20

Այսօր «Հոդված 3» ակումբում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թեմայով կազմակերպված առցանց քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ 1995-ին ընդունված Սահմանադրությունից հետո մայր օրենքը 2 անգամ խմբագրվել է եւ 3 տեքստերն էլ այլ մոտեցումներ են ունեցել ՍԴ-ի ձեւավորման եւ դատավորների պաշտոնավարման, վերջիններիս համար նախատեսված պաշտոնների մասով. «Սահմանադրության տեքստի նոր խմբագրությունը որեւիցե կերպ չի կարող ենթադրել, որ նախկին խմբագրությամբ ընտրված դատարանը պետք է արձակել կամ հակասահմանադրական հռչակել»:

Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որն ընդգրկված է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, ասաց. «2018-ին խորհրդարանը նույնպես ձեւավորված էր օրենսդրության տառին համապատասխան՝ թղթի վրա գրած կանոններով: Բայց ՀՀ ժողովուրդն ասաց՝ այն ինչ կա, իմ կամքի հետ կապ չունի ու փոխեց: Իսկ ՍԴ-ն, կապ չունի, 95-ի խմբագրությամբ սահմանադրությամբ, թե այլ, ՍԴ դատավորներին նշանակել կամ ընտրել են առաջնային մանդատ ունեցող մարմինները: Ժողովուրդն օժտում էր առաջնային մանդատ ունեցողներին, առաջնային մանդատ ունեցողներն օժտում էին ՍԴ դատավորներին: Հիմա ՍԴ 7 անդամները, եթե այս պրիզմայով ենք նայում, 2018-ից հետո այլեւս օժտված չեն այն իշխանությամբ, որը պիտի կիրառեն: Այն իշխանությունը, որը եղել է՝ ավտորիտար էր, թե ինչ, դրանից էին իրենք օժտված ու դա այլեւս չկա: Իրենք թավշյա հեղափոխությունից հետո չունեն այդ իշխանությունը, իրենք այն անձինք չեն, որ ժողովրդի իշխանությունը պետք է տեղ հասցնեն: Միշտ պիտի հիշենք՝ իշխանությունը ժողովուրդն է եւ վերջ»:

Ըստ նրա, ժողովրդավարական ավելի իդեալական լուծում այս խնդրին, քան հանրաքվեն է, չկա, գոյություն չունի: Վահագն Հովակիմյանն ասաց, որ իրենք հետեւողականորեն գնում են խնդրի լուծմանը. «Մենք ասե՞լ ենք, որ պետական կառավարման համակարգը, դատական համակարգը մաքրելու ենք կոռուպցիայից, հին մնացուկից ու անելու ենք, մենք անում ենք: Բայց իմ համար շատ հարգված մարդիկ մեզանից պահանջում են էմոցիոնալ քայլեր, ասում են՝ չարեցիք, խոստացել էիք, որ վեթինգ պիտի անեիք: Մտածում են՝ մի գրչի հարվածով պետք է ասենք՝ այս 50 դատավորն այլեւս դատավոր չեն: Չէ, այդպես չի: Հանգիստ զտելու ենք, հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, գցելու ենք դուրս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031